• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ղարաբաղի հարցը մենք պիտի լուծենք

Ասօր` նոյեմբերի 12-ին, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում տեղի ունեցավ հանդիպում հայտնի պատմաբան, հասարակական գործիչ, դիվանագետ Ժիրայր Լիպարիտյանի հետ: Մինչ կրթահամալիրի ուսուցիչների եւ սովորողների հետ հանդիպումը պարոն Լիպարիտյանը կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի ուղեկցությամբ այցելեց մեդիակենտրոն, ծանոթացավ մեդիաուսուցման մեթոդներին, հետո շրջեց գեղարվեստի ավագ դպրոցում, այցելեց ցուցասրահ, գունանկարի եւ գեղանկարի արվեստանոցներ, խոսեց սովորողների հետ, շփվեց նախակրթարանի սաների հետ, որից հետո տիար Բլեյանի և մեր info.mskh ակումբի ղեկավար եւ կայքի խմբագիր Գայանե Առուստամյանի հետ իջավ մայր դպրոց:
Մայր դպրոցում էլ շրջեց, հավանեց դպրոցը, ասաց, որ եթե մենակ լիներ, կմոլորվեր մեր միջանցքներում:  Ավագ դպրոց-վարժարանի ընթերցասրահում տեղի ունեցավ հանդիպում սովորողների եւ ուսուցիչների հետ: 
Սովորողները պատրաստել էին հարցեր, բայց մինչ կուղղեին, դիվանագետն ինքը հարց ուղղեց բոլորին. «Ո՞րն է ձեզ համար ամենակարեւոր հարցն այսօր, որին կպատասխանեիք»: Սովորողները, սակայն, հարցը ոնց որ լավ չհասկացան ու սկսեցին տալ հարցեր, երեւի մտածելով, թե որն է այն կարեւոր հարցը, որ պիտի տան հյուրին: Դիվանագետը կրկնեց հարցը: Սովորողներից մեկը նշեց. «Ո՞նց անենք, որ մեր երկիրը շենացնենք»: Մեկ ուրիշն էլ հավելեց թե մենք մեծ ու հզոր ժողովուրդ ենք: Ժիրայր Լիպարիտյանն ասաց, որ դա այդպես չէ, ու հարցին հարցով պատասխանեց. «Ենթադրենք, որ մենք մեծ ու հզոր ենք, իսկ օրինակ թուրքերը` ոչ, այդ դեպքում մեզանից ո՞վ ունի հզոր պետություն»: Միաբերան հնչեց` թուրքերը: 
Զրույցը  հիմնականում ծավալվեց Հայաստանի խնդիրների, հարևան երկրների հետ կապի, անկախության և Ղարաբաղի հարցերի շուրջ:
Սովորողներին ամենաշատը հետաքրքրեց Ղարաբաղի հարցի լուծումը: Արմեն Մարտիրոսյանը փորձում էր ապացուցել, որ Ղարաբաղի հարցը լուծված է, ուզում էր հիմնավորել ու այդպես էլ չհիմնավորեց: Նա ասում էր, որ Ադրբեջանն ինքը պիտի շահագրգիռ լինի հարցի լուծման համար: Ժիրայր Լիպարիտյանը նրան ու բոլորիս բացատրեց, որ այդ հարցում ամեն մեկն իր շահն է պաշտպանելու, կարեւորն այն է, որ մենք շահագրգիռ լինենք այդ հարցը մեր օգտին լուծելու համար: Տիար Բլեյանը համաձայնեց նրա հետ: Նա ասաց, որ Ղարաբաղի հարցի պատերազմական լուծման ժամանակ, երբ ինքը եւ պարոն Լիպարիտյանը ՀՀ կառավարության կազմում էին, իրենց չափով լուծեցին այդ հարցը, եղավ զինադադար, իսկ հիմա մեր սերունդը պիտի զբաղվի այդ հարցի լուծմամբ: 
Քանի որ մեկ դասաժամը քիչ էր Ղարաբաղի հարցի քննարկման և ընդհանուր եզրահանգման համար,  Ժիրայր Լիպարիտյանի հետ մեր հանդիպումն ավարտվեց` Ղարաբաղի հարցի քնարկումը հետաձգելով մինչեւ հաջորդ հանդիպում, որ, հուսով ենք, կկայանա: 
 
Կարինե Կիրակոսյան, Ավագ դպրոց-վարժարան, 10-րդ դաս.