• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գրքի տոնին ընդառաջ

Գարնան քաղաքում

Լցվում է փողոցն աղմուկ ու շարժում,

Դալուկ դեմքերին ծաղկում է ժպիտ,

Փայլում են տներն արեւի փոշում,

Երկինք են պարզվում ծառերը վտիտ…

Դեռ չըչորացած բուլվարի վրա

Ճչում են զվարթ մանուկներն արդեն.

Բոլոր խոսքերը խորհուրդ են հիմա

Եւ հայացքները նետ են իրար դեմ…

Մայթի քարերը հարազատ են քեզ –

Քեզ նոր է թվում երգը հնամյա.

Ազատ է հոգիդ, անչար է եւ հեզ,

Եւ տխրությունը անուշ է հիմա…

Ժպտուն աղջիկներ` ծաղիկների պես,

Տիկիններ շքեղ եւ ծիծաղելի -

Բոլորը հիմա սիրելի են քեզ,

Ամեն ինչ անուշ խորհրդով է լի…

Մեռած սրտերն էլ, ծաղիկների պես,

Բացվում են հիմա արեւի փոշում.

Մի քաղցր հուզում արբեցնում է քեզ,

Ու, հոգսով մղված` հոգսըդ չես հիշում…

Օրհնությու՜ն քեզ, ե՜րգ, եւ երա՜զ, եւ սե՜ր,

Օրհնությու՜ն քեզ, կյա՜նք անուշ եւ անհուն,

Օրհնությու՜ն եւ քե՜զ, տանջանքի գիշեր,

Եւ երկունք, եւ մահ - փա՜ռք եւ օրհնությու՜ն…

Վահան Տերյան