«Ես երբեք չեմ կարող ապաքաղաքական լինել, եթե զգամ, որ չեմ մասնակցում կամ չեմ ազդում քաղաքական համակարգի ձևավորման վրա, ապա շատ արագ կթողնեմ կրթության ոլորտը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը՝ հավելելով, որ ապաքաղաքական չլինելը չպետք է շփոթել կուսակցական լինելու հետ և վստահեցրեց, որ հանրակրթական գործունեության հետ երբևէ չի համատեղել կուսակցական գործունեությունը:
Աշոտ Բլեյանի խոսքով՝ փոփոխությունների հնարավորությունը կորսված չէ. «Մեկ տարի առաջ անհուսություն էր, անհեռանկարության դատապարտված հոգնած հասարակություն էր, հոգնած իշխանություն, հոգնած պետություն, և հասարակության 20 տարվա դժգոհությունը հնարավոր եղավ շատ արագ կազմակերպել որպես ըմբոստություն, որպես ընդվզում, որը բերեց իշխանափոխության, փոփոխությունների հնարավորության: Դա յուրաքանչյուրիս ձեռքբերումն է և պատասխանատվությունն է»:
Անդրադառնալով հարցին, թե կառվարության կառուցվածքային փոփոխությունները որքանով կլուծեն մեր պետական համակարգում առկա խնդիրները, Բլեյանն ընդգծեց. «Կարծում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իմ լավ բարեկամը, անտեղի շատ ժամանակ հատկացրեց հիմա այդ գործին, շատ ավելի պարզ լուծում կար՝ կարելի էր ուղղակի «թափ տալ» նախկինից ժառանգած նախարարությունները, և այն մարդիկ, ովքեր չէին աշխատում, ազատվեին աշխատանքից, ու տեղեր բացվեին այն մարդկանց համար, ովքեր թարմություն էին ուզում բերել. դա կարելի էր անել երկու փուլով…
Ափսոս է այս ժամանակը, դա դինամիզմի կորուստ էր և անպտուղ գործողություն: Ես չեմ տեսնում որևէ շահ ո՛չ Նիկոլ Փաշինյանի համար, որպես ընտրյալ վարչապետի, և ո՛չ էլ մեզ համար, որպես հասարակության: Այս դանդաղումը, այս պարապուրդը և տեղապտույտը բոլորիս քթից է դուրս գալու»:
Մանրամասն՝ տեսանյութում: