• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուսումնական գործունեության պլան (հաստատված է կրթահամալիրի մասնաժողովում)

 

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի նախապատրաստական դասարան
2011-2012 ուսումնական տարի
Հաստատված է կրթահամալիրի 25.06.2011թ. մասնաժողովում
 
Դասարանը մասնակցում է կրթահամալիրի միասնական օրացույցով և նախակրթարանների հանրապետական ծրագրով որոշված ծեսերին, որոնք դրվում են ուսումնական գործունեության թեմատիկ միավորների հիմքում: Ըստ դրանց կազմվում է գործունեության օրական պլանը, որն իրականացվում է որպես «Իմացումի հրճվանք»` ամենօրյա ազատ ստեղծական տարաբնույթ գործունեության արդյունքում սեփական փորձի, կենդանի շփման միջոցով հմտությունների, կարողությունների, գիտելիքի ձևավորում և զարգացում:
Դասարանի ամենօրյա գործունեությունը ներառում է`
լեզվագործունեություն
թվաբանական-տրամաբանական աշխատանք
բնագիտական աշխատանք (այդ թվում` բույսերի և կենդանիների խնամք և ուսումնասիրություն, բնագիտական փորձեր)
կերպարվեստ և տեխնոլոգիա
շարժուն խաղեր, մարմնամարզություն
երգ
պար
լող
ուսումնական տարածքի խնամք:
Դասարանի ուսումնական գործունեությունը կազմակերպվում է հատուկ կազմակերպված ուսումնական միջավայրում: Ուսումնական պարապմունքները սկսվում են ժամը 9.00 և ավարտվում 13.00: Ուսումնական օրը սկսվում է դպրոց-պարտեզի միասնական պարապմունքով: Ուսումնական պարապմունքի տևողությունը (15-25 րոպե) որոշվում է ըստ աշխատանքային նախագծի խնդիրների և ուսումնական նյութի բովանդակության, սովորողների հետաքրքրվածությամբ, ուսումնական նյութով նրանց տարվածությամբ: Ինչպես ամբողջ կրթահամալիրում, այդ թվում` դպրոց-պարտեզում, դասարանում ուսումնական պարապմունքները չեն սկսվում և ավարտվում զանգով:
Դասարանի ղեկավարը դասարանի գործունեությունը կազմակերպելիս ղեկավարվում է Մարիա Մոնթեսորիի, Սելեստեն Ֆրենեի, Ջանի Ռոդարիի մեթոդական ցուցումներով, որոնց գրքերը հայերեն թարգմանվել են կրթահամալիրում և նրա էլեկտրոնային գրադարանի ամենօրյա ընթերցանության գրքերից են, կրթահամալիրի 2009-2012 թթ զարգացման ծրագրով,  կրթահամալիրում պետական աջակցությամբ իրականացվող «Փորձարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրի 2011թ. աշխատանքների բովանդակությամբ:
Գործունեության իրականացման արդյունքը ուսումը 1-ին դասարանում շարունակելու պատրաստության ցուցանիշների ապահովումն է:
Թեմատիկ միավորները, դասարանի գործունեության օրական պլանը,  ծրագրով նախատեսված ուսումնական նյութերը դասարանի ղեկավարը կազմում է մենթոր ուսուցչի ղեկավարությամբ, նրա հետ վերլուծում օրվա աշխատանքի, սովորողների ուսումնական կարողությունների դիտարկման արդյունքները: Խրախուսվում է ծնողների մասնակցությունը ինչպես միջոցառումներին, այնպես և դրանց նախապատրաստական աշխատանքին: Դասարանի ուսումնական գործունեությունը կազմակերպելիս դասարանի ղեկավարին օգնում են կրթահամալիրի քոլեջի և մանկավարժական-սոցիալական աշխատանքի խորացված ուսուցման 10-րդ դասարանի սովորողները:
Դասարանի ղեկավարը վարում է էլեկտրոնային օրագիր, որտեղ գրանցում է օրվա պլանը, ծրագրին, գործունեության կազմակերպմանը և սովորողների գնահատմանը վերաբերող իր դիտարկումները, ամբիոնի ղեկավարի, հատուկ ուսուցման կենտրոնի մասնագետների, դպրոց-պարտեզի ղեկավարի դիտողությունները, առաջարկությունները, ծնողների հետ քննարկումների արդյունքները:
Ծրագիրը, ուսումնական նյութերը հրապարակվում են կրթահամալիրի կայքում: