«Հունիսյան օր մըն էր, ցերեկեն վերջ՝ 1935 թվականին: Եվ այդ օրեն Չարենց մնաց իմ խոհերուս մեջ:
Միշտ նպատակ ունեի գրել Չարենցի մասին: Սակայն չեմ գրած շարք մը պատճառներով: Առաջին, որովհետև գրելիքս կրնար սխալ հասկացվիլ և Չարենցը մատնել անել կացության կամ անոր պատճառել մտահոգություն, անձնական դժվարություն, թերևս նույնիսկ դժբախտություն:
Ես կարող չէի նման պատասխանատվություն մը կրել իմ խղճիս վրա:
Ես կարող էի միայն տարվետարի աղոթել, որպեսզի Չարենց ուր որ ալ ըլլա, իր ճակատագրին ու բախտը շատ ծանր չկշռեն իրեն:
Խորապես գոհ էի, որ կարողացա հանդիպել իրեն, թեև, ինքը երբեք չխնդրեց ինձմե, որ չգրեմ իրեն, սակայն ես զգացի, որ իր անկեղծ ջերմ ու ազնվական վերաբերմունքը ինձ հանդեպ արտահայտությունն էր իր կատարյալ վստահության, որ ես կըլլամ զգույշ ու զուսպ:
Երկրորդ, չգրեցի Չարենցի մասին, որովհետև ան բանաստեղծ է, որուն բանաստեղծությունը գրված է հայերենով, որ ես չեմ կարդացած:
Երրորդ, չգրեցի, որովհետև ես Չարենցին հանդիպեցա երեք, թե չորս անգամ միայն:
Սակայն Չարենցի մասին կան որոշ բաներ, որ կարծեմ կարող եմ ըսել. նախ, կը վախենամ, որ չկարողացա ցույց չտալ, թե առաջին իսկ վայրկյանին նկատեր էի, որ Չարենց հասակով շատ փոքր մարդ էր և շատ տգեղ: Ես վստահ եմ, որ Չարենց տեսավ, թե ես նկատեցի այս պարագան: Սակայն, նույնիսկ եթե տեսավ, հայտնի չըրավ ու բան մը չըսավ:
Սակայն կես րոպե իսկ չանցած՝ Չարենցի հասակը փոքր չէր այլևս…Անոր հասակը դաձավ կատարելապես անտեղի խնդիր մը, և փոխանակ տգեղ մարդ ըլլալու, ան դարձավ գեղեցկագույններեն մին: Անոր ձայնը ջերմ էր, և անոր աչքերը շիտակ էին, արթուն ու խելացի:
Փոքր մարմնով, խոր անձև գլխով և մեծ ու ծուռ քթով մարդ չէր Չարենց, այլ կենդանի անհատականություն մը, որու բնակավայրը՝ մարմինը, արկածով էր, ան էր, ինչ որ էր:
Ես արդեն հանդիպեր էի շարք մը ականավոր հայերու, որոնք շատ զգույշ էին ինձ հետ ունեցած իրենց խոսակցության ժամանակ: Օրինակ` ինձի համար շատ անմեղ հարցում մը կընեի հայերու մասին, և պատասխանը կըլլար խուսափողական, զգույշ, անորոշ և նույնիսկ կասկածելի…
Չարենց, սակայն, գործ չուներ զգուշության հետ: Ան կըսեր ճշգրտորեն այն, ինչ որ կուզեր ըսել այդ վայրկյանին, և որ խոսակցությունը կը պահանջեր: Իսկ իր խոսքերուն մեջ կային հակասություններ, որոնք ցույց կուտային, թե Չարենցի հոգին ազատ էր տակավին և վճռած էր չկորսնցնել ազատությունը: Ես սիրեցի զայն: Հիացում ունեցա անոր հանդեպ: Հպարտ էի, որ հայրենակից եմ իրեն և իրեն նման գործի մարդ եմ նաև ես:
Չարենցի հիշատակին հավատարիմ պիտի մնամ առհավետ:
Չարե´նցը, Չարե´նցը… «Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում…»: Անոր չհանդիպած գիտեի արդեն իր այս քերթվածը: Սկսած էի արտասանել Ամերիկայի մեջ: Ամեն մեկ բառ բացատրել տված էի ու գրեթե գոց սորված: Զայն մինչև այսօր կնկատեմ մեր երկրին, մեր հողին, մեր պատմության նվիրված ամենեն գեղեցիկ երգը, գովաբանական աղոթքը: «Հայր մեր»-ին նմանվող աղոթք մը:
Երբ1935-ին առաջին անգամ և, ավա՜ղ, վերջին անգամ գտնվեցանք դեմ դիմաց, շատ գեշ եղա. ամենեն տգեղ մարդերեն մեկն էր, զոր տեսած եմ կյանքիս մեջ:
Բայցքանի սկսանք խոսիլ, ավելի ճիշտ, ինք սկսավ խոսիլ հայ բանաստեղծության, հայ ժողովրդի մասին, կերպարանափոխվեցավ: Այնքան, որ, մեկ ժամ չէր անցած մեր զիրար տեսնելն ի վեր, ան ուրիշ մեկը դարձածէր արդեն: Ալ տգեղ չէր, նույնիսկ կրնամ ըսել, թե ամենեն գեղեցիկ մարդ մըն էր: Ուրիշ ոչ ոքի հետ պատահած չէ ինձի այս հրաշքը, ոչ մեկ մարդու, ոչ մեկ կնոջ հետ: Հակառակը, սակայն, մեկե ավելի անգամներ: Գեղեցկուհիներու հանդիպած եմ հաճախ, որոնք մեկ ժամ հետո ամենեն տգեղ արարածները դարձած են : Չարենցի փայլակնային մտածումներուն մեջ ֆիզիկականը բոլորովին երկրորդական կդառնար` անհետանալու համար վերջնականապես քանի մը ժամ հետո:
Չարենցը պարզապես շատ ավելին էր անկե, որ պետք է եղած ըլլար: Իր մեծությունն ու այլազանությունը զինք կը մղեին դեպի խելագարություն և կանխահաս մահ՝ անձնասպանությամբ: Կարևոր չէ, թե իր մահը ինչ ձև պիտի առներ իրականության մեջ: Ինձմե մոտավորապես տասը տարի մեծ էր, այսինքն՝ 37 տարեկան, բայց ան իմ ճանչած մարդերեն որևէ մեկեն ավելի արագ կընթանար: Ես ինձի մտածեցի` ով ալ ըլլա այս մարդը ժամանակին, փորձառության, հնարավորություններու և ընտրության ընդմեջեն կը ճամփորդե ավելի արագ, քան ես…
ՍիրեցիՉարենցը, որովհետև այնքան կենսունակ էր, ես խորապես մտահոգվեցա իրեն համար, որովհետև ամեն անգամ այնքան մոտ կը թվեր մահվան, խելագարության:
Տխրեցա`աղետալի սերմեր տեսնելով իր նկարագրին մեջ: Բայց ոչինչ չգիտեի, և ոչ ոք կրնար օգնել անոր: Նույնիսկ ինչքան կարող էր ինքզ ինքին օգնելու: Շատ բախտավոր զգացի իրեն հանդիպած ըլլալուս համար: Ի՞նչ փույթ, թե արագորեն դեմ հանդիման կընետեր ինքզ ինքն իր սիրեցյալ արևին:
Մոտ70 տարեկան հասակիս դժվար է հավատալ, որ եթե Չարենց ապրած ըլլար, 80 տարեկան պիտի ըլլար միայն, որովհետև կըճանաչեմ բոլոր ապրելակերպը մարդոց և կիներու– թե´ Սարոյան ընտանիքին մեջ և թե´ անկե դուրս, որոնք հիմա անխռով 90-ին կըմոտենան. կըհուսամ` կըհասնին, որովհետև հաճելի է ամռան նստիլ ծառին տակ և հիշել, թե չես մեռած այս բոլոր երկար, անույշ տարիներուն: Եղիշե Չարենց ծնած էր 80 տարի առաջ:
…Մոռնանք, որ մեռած է…. Չարենց ողջ է դեռ և կենսունակ՝իր լավագույն բանաստեղծություններուն մեջ և շատ հավանաբար այդպես ալ պիտի մնա:
Իզո՜ւր խենթ ու խելառ էր, բայց շատ մը աշխարհիկ բանաստեղծներ այդպես եղած են ու են… :
«Հուշեր Եղիշե Չարենցի մասին» գրքից
Երևան, 1986թ.