• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Երեկ չհասցրեցի

Նկարները՝բլոգում
 
Երեկ չհասցրեցի որևէ նյութ գրել՝ շա՜տ հոգնած էի, բայց միևնույն ժամանակ նաև շա՜տ տպավորված: Պատմեմ երեկվա օրվա մասին: Առավոտյան ժամը 8:30-ի նախաճաշից հետո ուղևորվեցինք դեպի Կազբեկ-Ստեփանմինձդա: Անցանք կիրճով, հասանք Կազբեկ և բռնեցինք Իալբուզի սարի վրա գտնվող Գարգետիս Սամեբա եկեղեցու ճամփան: Եկեղեցին 6,4 կմ հեռավորության վրա էր գտնվում, իսկ եկեղեցին շատ բարձր էր: Ճիշտ է կանգառներով, բայց շա՜տ երկար քայլեցինք մինչև եկեղեցի հասնելը, բայց քանի որ մեզ «սեբաստացի» կասեն, մենք առաջինը հասանք գագաթին ու հասկացանք, որ զուր չէր, այս չարչարանքը արժեր:
 Ետ դարձի ճանապարհին հանդիպեցինք 20 հոգանոց, 6 ամսով Լոնդոնից Ավստրալիա շրջագայության դուրս եկած, տուրիստական խմբի: Նրանք արդեն եղել էին Հայաստանում և տպավորված էին: Զրուցեցինք արդեն թոշակառու, նախկին մանկավարժ Դենիսի հետ, պատմեցինք Հայաստանի մասին ու կատարեցինք մեր հիմնական գործը՝ ծանոթացրինք մեր կրթահամալիրին, բաժանեցինք տեղեկատվական թերթիկներ: Նրանք պարզապես հիացած էին մեր կրթահամալիրի դպրոցներով:
Վերադարձին կանգ առանք  Ներքին և Վերին Մլետա գյուղերի մոտ: Ներքին Մլետան մի քանի տարի առաջ տուժել էր սողանքի և ջրհեղեղի պատճառով: Ընդհանրապես, Վրաստանում հաճախ են լինում սողանքներ և ջրհեղեղներ: Այնտեղ անցկացվեց  բացօթյա դասախոսություն GPS համակարգի  (գլոբալ դիրքորոշման համակարգ) վերաբերյալ: Դասախոսությունն ավարտելուն պես՝ արդեն երեկոյան հասանք Անանուրի ամրոց, ափսոս, այն  արդեն փակ էր: Նոդարը՝ ծրագրի ղեկավարը պատմեց Թբիլիսին ջրով մատակարարող ջրամբարի, դրա վրա կառուցված հիդրոէլեկտրոկայանի մասին:
Վերջապե՜ս, հասանք Բուլաչաուրի: Շա՜տ քիչ հանգստից հետո նորից հավաքվեցինք սրահում և սկսվեց «Տուն» ֆիլմի դիտումը և քննարկումը: Ֆիլմը աշխարհի ստեղծման, բնության պահպանման և տարբեր երկրների  էկոլոգիական խնդիրների մասին էր: Հետաքրքիր ֆիլմ է, հարկավոր է ավելի հանգիստ ժամանակ նայել:
Արդեն կեսգիշերին կարդացինք նամակներն ու քնեցի՜նք:
Օ՜ֆֆ...​