• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Քրիստոսի եզակի դիմապատկերը

Մովսես Խորենացին վկայում է, որ Աբգար թագավորի հրամանով և նրա հավատարիմ զինակցի` Անանի, գլխավորությամբ նամակ է ուղարկվում Հիսուս Քրիստոսին: Այդ նամակով Աբգարը խնդրում է Փրկչին գալ իր երկիր և բժշկել իր հիվանդությունները: Քրիստոսը պատասխան նամակ է ուղարկում, գրելով. «Երանի նրան, ով ինձ հավատում է: Իսկ որ դու ինձ գրեցիր, որ գամ քեզ մոտ, ես այստեղ պետք է կատարեմ այն բոլորը, որի համար ուղարկված եմ: Երբ այս բոլորը կկատարեմ, կհամբառնամ նրա մոտ, որ ինձ ուղարկեց, և երբ համբառնամ, քեզ մոտ կուղարկեմ իմ այս աշակերտներից մեկին, որ քո ցավերը բժշկե և կյանք շնորհե քեզ և քեզ հետ եղողներին»:

Այնուհետև Խորենացին շարունակում է, գրելով.«Այս թուղթը բերեց Աբգարի սուրհանդակ Անանը և նրա հետ փրկչի կենդանագիր պատկերը, որ մինչև այսօր գտնվում է Եդեսիացիների քաղաքում»:

Կենդանագիր բառը տառացի թարգմանություն է հունարենից, որը նշանակում է կենդանագրել, այսինքն` կենդանի արարած նկարել, մարդու պատկերը քաշել ներկերով:

Այս մասին խոսում է նաև Լաբուբնա Եդեսիացին: Նա իր պատմության ասորական տարբերակում  գրում է.«Անանը թագավորի նկարիչն էր`ընտիր դեղերով նկարեց փրկչի պատկերը և բերեց Աբգարին, առանց որևէ հրաշք հիշատակելու»:

Աբգար թագավորի շնորհիվ դեռ Քրիստոսի կենդանության օրոք Երուսաղեմում ստեղծված Քրիստոսի կենդանագիր պատկերը մինչև 15-րդ դարը պատկանել է Հայ եկեղեցուն, իսկ դրանից հետո գտնվում է իտալական Ջենովա քաղաքի Սուրբ Բարդուղիմեոս հայկական կաթոլիկ եկեղեցում: Վերջինս գործող եկեղեցի չէ և տարին ընդամենը երկու անգամ Քրիոստոսի կենդանագիր պատկերը ցուցադրում են Վատիկանից ժամանող հոգևոր սպասավորները:

Ի դեպ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը նկարահանել է «Քրիստոսի կենդանագիր պատկերը» վավերագրական ֆիլմը, որը  Հայաստանում կցուցադրվի այս տարի սեպտեմբերին:

Աղբյուրը` Մովսես Խորենացի, «Հայոց Պատմություն»

Նյութը` Նունե Մովսիսյանի