• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Իսկական ձմեռային հեքիաթ կրթահամալիրի Բանգլադեշում

Սուրհանդակ կրթահամալիրի տնօրենի բլոգից

Հանկարծ մեր շրջակա միջավայրի խնամքը, այդ թվում՝ վերգետնյա, ներթաղային, միջդպրոցական սեբաստացի անցուղիների անվտանգ-մաքուր լինելը հոգս չդարձնե՞նք ու փչացնենք մեր հեքիաթը: Սիրով, խաղալով, իրարից խլելով, հատկապես որ Նառա Նիկողոսյանի ամենագետ Iphone-ը պնդում է, որ ճերմակ այս հեքիաթը երկար կյանք ունի: Չեմ ասում հեծանիվը փոխարինեք սահնակներով, չմուշկներով, դահուկներով, բայց հայրենագիտական-արշավախմբային մեր կայանում առկա սահնակները գործածության մեջ դրեք, տանից բերեք, ինչպես Դավիթ Բլեյանն է արել այսօր. մեր կրթական պարտեզի լանջերը, բաց արտերը հենց էս ձյան համար ենք արել: Ձմեռային խաղեր, մրցումներ ամեն օր, տոնախմբություններ բացօթյա: Ավելի ուշադիր միմյանց նկատմամբ՝ փողոցում, անծանոթի, մեծահասակի, կնոջ հանդեպ: Ձնագնդին զենք չդարձնենք մեր ձեռքին, այն միջոց է ուրախություն, ուշադրություն, սեր փոխանցելու միայն... Սպասում եմ ֆոտոշարքերի, նաև հատուկ իմ օրագրի համար, ինչպես արդեն սկսել եք անել՝ մեր ագարակով, պոնիով ու ձիով, գեղարվեստի Ատիով, քոլեջի Դանով, նրանց ծնողներ Ռոքսի-Մայկիով...

Իսկական շրջան է նաև ուսումնամարզական-հայրենագիտական ճամփորդությունների մոտակա ձնառատ վայրեր՝ Ջրվեժով, Հացավանով, որ կշարունակեք ամբողջ հունվարին, ինչպես անցած տարի: Իմ ճանապարհին է գեղասահքի նոր դպրոցը: Ինչո՞ւ չայցելենք: Ի՞նչ վիճակում է մարզահամալիրի սառույցը: Ինչո՞ւ անցած տարվա սեփական սահադաշտ ունենալու անհաջող փորձը չթողենք հին տարվա մոռացված իրողություն: Այսպես գնում ենք դեպի հունվարի 12՝ հին ու նոր տարվա սահմանագլուխ, մեր ձմեռային հեքիաթ տոնախմբության ագարակում, մեր սեբաստացիական պուրակներում:

Պարգև ձյուն, որը կտրում է բոլոր հիվանդությունները, «անտիվիրուս ձյուն» (Սուսան Մարկոսյանն էլ գտավ այս անունը):