• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Փախուստ ինքդ քեզնից

Կոնստանտին Շերեմետև
Փախուստ ինքդ քեզնից

Հաճախ նկատում եմ մի պարադոկս. ոտքից գլուխ մարդը խնդիրների մեջ է, անընդհատ բողոքում է, բայց մտքերը, չնայած դրան, զբաղված են տարբեր հիմարություններով։ Այսինքն՝ նա ոչ միայն չի մտածում՝ ինչպես լուծի իր խնդիրները, այլև ընդհանրապես իր մասին չի մտածում։ Մտածում է միայն իրեն շրջապատող սրիկաների ու պակասամիտների մասին, որ իր կյանքը փչացնում են։
Եթե հանկարծ, այնուամենայնիվ, իր մասին մտքեր գալիս էլ են, մարդն աշխատում է դրանցից հեռու մնալ ամեն կերպ՝ սերիալներով, բամբասանքով, հարբեցողությամբ ու ինտելեկտն անջատողայլ միջոցներով։
Բայց խնդիրներից թաքնվելով՝ դրանք չեք լուծի։ Դրանց լուծման միակ միջոցը սեփական «ես»-ի անթափանց գաղտնիքից քողը համարձակ հետ քաշելն է։

Ծանոթացում ինքդ քեզ հետ

Մարդիկ վախենում են իրենց
մտքերի հետ մենակ մնալուց։
ԲլեզՊասկալ

Հենց որ ոշեցիք ձեր ներսը նայել, առաջին հարցերը լինելու են.

  • Ի՞նչ եմ ես հիմա անում։
  • Ինչո՞ւ եմ դա անում։
  • Որքանո՞վ է դա ինձ երջանկացնելու։

Հաճախ այս հարցերի պատասխաններն այնքան սարսափելի են, որ մարդ դրանցից փախչում է ոչ միայն դեպի զվարճանքը, այլև դեպի բութ, անիմաստ աշխատանքը։ Մենակ թե չմտածի։ Չէ՞ որ, պարզվում է, մարդ մեծմասամբ զբաղված է տհաճ, ձանձրալի ու աննպատակ գործունեությամբ։

Ինչո՞ւ է դա անում։

Անում է, որովհետև այդ գործունեությունը հնարավորություն է տալիս շեղվելու տհաճ մտքերի հոսքից, ուր պտտվում են անցած անհաջողությունների ու գալիք  վտանգների՝ գլուխ տանող պատկերները։ Մարդու համար հարմարավետ չէ սեփական մտքերի հետ մենակ մնալը, որովհետև նրա մտքերը անհարմարավետ են։
Բայց չէ՞ որ դրանք ՁԵՐ մտքերն են։ Դուք եք տերը։ Հարկ չկա քեզնից փախչելու։ Ընդհակառակը՝ գնացեք ու պարզեք՝ ինչն է սխալ ձեր հոգեկան տնտեսությունում։

Ո՞վ եմ ես

Ես ո՞վ եմ, որ ինքս ինձ դատեմ։
Եֆիմ Լազարչուկ

Այն, ինչ կա ձեր շրջապատում, նախ հայտնվել է ձեր մտքերում։ Դուք մասնագիտություն եք ստացել նրանից  հետո, երբ այդ մասին միտք է ծագել։ Աշխատում եք այնտեղ, ուր մտքերով մի անգամ ցանկություն եք ունեցել աշխատելու։ Ձեր շուրջն են այն մարդիկ, ովքեր, ձեր մտածելով, պիտի ձեզ հետ լինեն։
Ամենը ձեր մտքերի արդյունքն է։ Դրա համար, եթե ձեզ ձեր կյանքում ինչ-որ բան դուր չի գալիս, փնտրեք՝ ինչպես և որ մտքերն են բերել դրան։ Ինչպե՞ս եք որոշում ընդունել լինելու այն, ինչ հիմա կաք։
Եվ ընդհանրապես. ո՞վ եք դուք ձեր սեփական մտքերում։ Քանի դեռ չեք պատասխանել այս հարցին, երջանկությունն անհնարին է։
Հնարավոր է՝ ձեր երջանկությունը շատ մոտ է, բայց դուք չեք տեսնում, միայն որովհետև փախչում եք ինքներդ ձեզնից։
Ինչպե՞ս կարող է երջանիկ լինել մարդը, ով չգիտի, թե ինչից է իր երջանկությունը։

Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը