Գրում է Տաթև Աբրահամյանը, ամբողջականը՝ բլոգում․
Բարձրաբերձ, իր ուսերի հենված լեռներ, մի փոքր անապատային կլիմա, խանձող արև և մինչև ոսկորներ թափանցող ամեն բլրակից հոսող սառը աղբյուրներ... Դուք Արատեսում եք, վայր, որ ունի չքնաղ բնություն, լեռների մեջ ծվարած է, վայր, որտեղ յուրաքանչյուրն իր համար գայթակղիչ մի բան է գտնում, որ կանչում է ետ, նորից ու նորից հիշեցնում: Առավոտյան կանուխ, մի քիչ էլ քնաթաթախ վեր կենաս, վերցնես թեյդ, քեզ համար մի հարմար տեղ գտնես մոտակա թփերի մոտ՝ ծառերի տակ, հարմար էլ տեղավորվես ու նայես հեռուն՝ իրար գրկած, իրար մեջ կորած լեռներին, ժեռ բարձունքներին, ու պատկերացնես ոնց ես հերթով նվաճում դրանք՝ մեկիկ-մեկիկ, ճանաչում մեկիկ-մեկիկ, ոտատակ տալիս՝ փոշու ու վայելումի համը զգալով: Իսկ մոտակայքով սահող սառնորակ աղբյուրը իր քչքչոցը կհասցնի ականջիդ՝ հիշեցնելով, որ առավոտը թարմ է ու անուշ: