• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրի կրտսեր դպրոց-պարտեզում նախապատրաստական ուսուցման ծրագիրը չստացած սովորողի ընդունելության կարգ

Իրավական հիմքը, նպատակը
Կրթահամալիրի կրտսեր դպրոց-պարտեզում նախապատրաստական ուսուցման ծրագիրը չստացած սովորողի ընդունելության կարգի (այսուհետ` կարգ) ընդունումը նախատեսված է տարրական կրթության  հեղինակային ծրագրով, 1-4-րդ դասարանների ուսումնական պլանով (այսուհետ` ուսումնական պլան): Կարգի հիմքում Հանրակրթության մասին օրենքով որոշված իրավունքն է` «Սովորողների ուսումնական առաջադիմության ընթացիկ եւ ամփոփիչ (կիսամյակային եւ տարեկան) գնահատումը, դրանց ձեւերի, մեթոդների, հաճախականության, առաջադրանքների բովանդակության ընտրությունը կատարում է ուսումնական հաստատությունը` հանրակրթության պետական չափորոշչին եւ այլ նորմատիվ իրավական ակտերին համապատասխան» ( հոդված 18, կետ 1):
Կարգը կոչված է հանրակրթության 1-ին աստիճանում (1-4-րդ դասարաներ) ապահովելու Հանրակրթության մասին ՀՀ օրենքով սահմանված պետական քաղաքականության սկզբունքները, այն է` «Հանրակրթության բնագավառում պետությունը երաշխավորում է հանրակրթության հավասար հնարավորությունները, մատչելիությունը, շարունակականությունը, հաջորդականությունը եւ համապատասխանությունը սովորողների զարգացման մակարդակին, առանձնահատկություններին ու պատրաստվածության աստիճանին» (հոդված 5, կետ 2-2):
 
Կազմակերպումը
Հանրակրթության մասին օրենքով 6 տարեկան համարվող (հոդված 16, կետ 2) երեխայի ծնողը, ով ընտրել է կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագիրը,  կարող է դիմել դպրոց-պարտեզում նախապատրաստական ուսուցում չստացած երեխային 2-րդ դասարան ընդունելու մասին:  Դիմումը հիմնավորվում է երեխայի զարգացման` ուսումնական պլանով պահանջվող սահմանված ձևի բնութագրով, որը լրացնում է ծնողը: Սովորողի զարգացման մակարդակի, առանձնահատկությունների ու պատրաստվածության աստիճանի համապատասխանությունը ըստ բնութագրի որոշում են դասարանի ղեկավարը (դասվարը) և երեխայի զարգացման կենտրոնի մասնագետը, որի հիման վրա դպրոց-պարտեզի ղեկավարը կայացնում է որոշում` անհրաժեշտության դեպքում երեխային ընդգրկելով լրացուցիչ պարապմունքների ծրագրում: Սովորողի համար 2-րդ դասարանում սահմանվում է մեկ ամիս փորձաշրջան, որի ընթացքում ծնողը ցանկացած պահի իր նախաձեռնությամբ կամ դասվարի (երեխայի զարգացման կենտրոնի մասնագետի) խորհրդով երեխային կարող է տեղափոխել առաջին դասարան: