Ներկայացնում եմ Գանձասարյան ճամբարի, Կրթահամալիրի կողմից կամզակերպված և ԼՂՀ ԿԳՆ և ՀՀ ՊՆ աջակցությունն ստացած «Պատանեկան ակումբների հոկտեմբերյան ստեղծագործական հավաքի» հաշվետվությունը: Հաշվի առնելով իմ առողջական ոչ բարվոք վիճակը, տուրք չեմ տա իմ նախկին գրելաոճին և չոր շարադրանքի տեսքով կներկայացնեմ եղելությունը:
Այսպես.
Առաջին օրը եղանք Դադիվանքում: Մինչ սովորողները և դասավանդողները զմայլվում էին այդ կառույցով, ես հասցրեցի ծանոթանալ Դադիվանքի գյուղապետ Դավիթ Սարգսյանի հետ: Մենք պայմանավորվեցինք, որ եթե կրթահամալիրը փորձի իրականացնել էկոլոգիական նախագիծ այդ տարածքում, ապա որոշակի թվով մասնակիցների գիշերակացի հարցը հնարավոր կլինի լուծել գյուղում:Այնուհետ եղանք Վանքում, ծանոթացանք դպրոցի տնօրենի հետ, ով մեզ բավական սիրալիր ընդունեց(այլ կերպ չէր կարող լինել. երկուսս էլ սիրում ենք Չարենցին), շարժվեցինք դեպի Գանձասար: Տեղավորվելուց հետո, կազմվեցին աշխատանքային և հերթապահ խմբերը:
Հաջորդ օրն առավոտ սկսվեց աշխատանքային գործընթացը, աշխատանքները հիմնականում ընթանում էին Վանք գյուղի դպրոցում, որի պատճառով հիսուն լիտր բենզինի գերածախս ունեցանք: Աշխատանքային կարգացանկից շեղվեցինք երկու անգամ, երկուսն էլ ոչ մեր մեղքով: Առաջին դեպքում գյուղի հովանավոր Լևոն Հայրապետյանի և իր ֆրանսիացի և շվեյցարացի հյուրերի այցն էր, երկրորդ դեպքում դպրոցի պահակի թաղումը, ում տեղացիներն անվանում էին գիշերային տնօրեն: Ներկայացնեմ հավաքի դրական և թերի կողմերը:
«Լուսաստղ» և «Դպիր» ամսագրերը ներկայացվեցին լիարժեքորեն: Մասնակիցներն այս երկու ամսագրերի նկատմամբ հանդես բերեցին բուռն հետաքրքրասիրություն:
«Տիեզերք» ակումբի աստղացուցարանը գործեց լիարժեք: Եղանակային վատ պայմանների պատճառով չգործեց աստղադիտակը, իսկ ֆիլմի ցուցադրությունը չկայացավ, որովհետև այդ ժամին սգո արարողություն էր: Մեծ էր տեղացի սովորողների հետաքրքրությունն աստղացուցարանի նկատմամբ: Նրանք որոշեցին դիմել բարերարներին և հանգանակություն կատարել, սեփական աստղացուցարան ունենալու նպատակով:
«Խաղարկային դատարանը» ՝ Դավիթ Կարապետյանի նախագահությամբ, իրականացրեց Արմեն Մարտիրոսյանի կողմից ներկայացված դատը: Դատին հատկապես ակտիվորեն մասնակցեցին Ասկերանի և Շուշիի սովորողները:
«Ազատ խոսքի ամբիոն» ակումբը իրականացրեց մեկ բանավեճ և մեկ քննարկում: Երկուսն էլ անցան չափազանց դինամիկ և կարելի է ասել բոլոր ներկաների ակտիվ մասնակցությամբ:
Հաջողված էր նաև անգլերեն լեզվի երկու ակումբների ներկայացումը: Այն հատկապես գոհացրեց այն մասնակիցներին, ովքեր իրենց դպրոցներում դասավանդում էին օտար լեզուներ:
«Էկո-հայրենագետների» ակումբը մասնակցեց բանավեճին և հանդես եկավ առանձին ցուցադրությամբ, որը քիչ էր մնում խափանվեր:
«Ասպետ» ռազմամարզական ակումբը լիարժեքորեն կազմակերպեց առավոտյան նախավարժանքները:
Հնարավորություններից ցածր հանդես եկավ «Ապոլլոն» գիտակների ակումբը:
Եղան բավականին կառուցողական քննարկումներ «Ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության ձևերը» փաթեթի շուրջ: Արդյունքերը կհրապարակեմ ավելի ուշ:
Յուրաքանչյուր առավոտ օրը սկսվում էր առավոտյան ընդհանուր պարապմունքով:
Պարուսուցումը կազմակերպվեց լիարժեք: Միայն երկրորդ օրը, երեկոյան, ես արգելեցի սովորողներին պարել և հանգստանալ, հատկապես աղջիկների սենյակների հատվածում տիրող սանիտարահիգենիկ վիճակի պատճառով և Քուն հրահանգը հնչեց ժամը ինին:
Հավաքի փակման օրը, որին մասնակցում էին տիար Բլեյանը, ԼՂՀ ԿԳՆ նախարարը և Ստեփանակերտում վերապատրաստում իրականացնող մեր դասավանդողները, ունեցանք անակնկալ ԼՂՀ ԿԳՆ նախարարի կողմից: Պարոն Ասիրյանը հավաստիացրեց, որ Գանձասարում գործող ամառային ճամբարի յուրաքանչյուր հերթափոխի կրթահամալիրի տաս սովորող և մեկ դասավանդող կունենա ուղեգիր:
Հայաստանցի և արցախցի սովորողների շփումը միանշանակ կայացավ:
Որոշ սովորողներ գիշերեցին նաև Վանք գյուղի սովորողների տներում: Հետայսու, կարող ենք օգտվել ոչ միայն Գանձասար ճամբարից:
Կրթահամալիրի ակումբները ներկայացան լիարժեքորեն:
Առաջադրված հիմնական նպատակներն ի կատար ածվեցին:
Մոտ քառասուն մարդ, առաջին անգամ տեսավ Արցախը՝ Դադիվանքից մինչ Շուշի, Քարվաճառից մինչ Քաշաթաղ:
Աշխատանքը հիմնականում դժվարացնում էր համացանցի բացակայությունը:
Արցախյան կողմից ներկայացված չէին Ասպետ ճամբարի ներկայացուցիչներ:
Որոշ ենթակառուցվածքներ (չեմ մանրամասնում) գործեցին վատ, որի պատճառով քիչ էր մնում առաջանային խնդիրներ:
Կային սովորողներ, որոնց հարցում թերացել ենք: