Ա´յ ժամանակ, երբ պետք է արագ անցնես, կանգ ես առնում, երբ պիտի դանդաղես, արագ թափահարում ես թևերդ ու ինչքան հնարավոր է, արագ ես թռչում…
2013-14 ուստարի
Մարմարյա սրահ, ժամը` 9:00
-Ողջույն նոր ուսումնական տարի, գոչում է տիար Բլեյանը իրեն հատուկ ոգևորությամբ, աշխուժությամբ և ազդարարում է նոր տարվա սկիզբը: Հետո շրջում է սրահով և սեբաստացիներին հատուկ բարևը տալիս բոլորին: Մեկ էլ չգիտես որտեղից մեր կողքին է հայտնվում ընկեր Սյուզին ու ասում.
-ԷԷԷ˜, էսպես ոնց կլինի, ոչ ծափահարում եք, ոչ էլ երգում: Իջեք ներքև ու մասնակցեք բոլորին հավասար:
Իհարկե իջնում ենք, իհարկե մռթմռթալով ենք իջնում:
Երգ, պար, արտասանություն, նորից երգ ու պար… Սկսվում են դասերը:
Առաջին դասը ընկեր Հասմիկի մոտ ենք, մտնում ենք սենյակ, ստանում մեկական համբույր ընկեր Հասմիկի կողմից և զբաղեցնում ենք մեր տեղերը: Էլ չենք հանում մեր կողմից «սիրված» շտեմարանները: Մենք նրանց արդեն ցտեսություն ենք ասել: Հետո կարդում ենք որևէ գեղարվեստական նյութ և սկսում վերլուծել, կարծիքներ ասել, մի խոսքով՝ բոլորս միաժամանակ խոսում ենք: Բայց քանի որ մեր դասարանի մեծամասնությունը աղջիկներ են, իսկ աղջիկները ունակ են միարժամանակ խոսելու և իրար լավ հասկանալու, ոչ մի դժվարություն չի առաջանում:
Վերջապես՝ դասամիջոց: Դուրս ենք գալիս դասարանից, անցնում ենք միջանցքով ու նկատում չարենցյան մտքերով տարված ընկեր Էմանուելին: Հետո գնում ենք գրադարան, ներս ենք մտնում` իհարկե մոռանալով , որ պայուսակներով չի կարելի առաջ գնալ: Տիկին Մարիի զգուշացումով հետ ենք դառնում, դնում պայուսակները ու շարունակում մեր անելիքները:
Այ, մյուս դասը պար է: Սիրում ենք ընկեր Արշակի դասերը` աշխույժ, ռիթմիկ, հանգստացնող: Մի առավելություն էլ կա`հայելիները շատ են: Դե, հետո էլ… իսկ հետո…
Մեկ վայրկյան, երևակայությունս կարծես ինձնից առաջ ընկավ: Բայց չէ՞ որ այս տարի ավարտում ենք, մոռացե՞լ էի: Ընդամենը 30 օր, ու … էլ ինչ առավոտյան պարապմունք, էլ ինչ ընկեր Հասմիկի դասեր, ինչ պար, երգ…
Մյուս կողմից այս բոլորի համար բոլորովին էլ պարտադիր չէ ֆիզիկական ներկայությունը: Այո, մարմարյա սրահում չենք լինի, բայց դա միայն լինելու է ֆիզիկապես, իսկ մենք միևնույն է մասնակցելու ենք առավոտյան պարապմունքներին, դասերին, կրթահամալիրի աշխույժ առօրյային: Ու մռթմռթալու ենք ընկեր Սյուզիի պարտադրանքների դեմ։ Այդ ամենը կկատարվի մեր սրտի միջոցով:
Ընդամենը մեկ ամիս, բայց ինձ համար միևնույն է, ոչինչ չի փոխվելու:
-Քո վարդը քեզ համար այդքան թանկ է, որովհետև դու նրան տվել ես քո ամբողջ հոգին:
«- Որովհետև ես նրան տվել եմ իմ ամբողջ հոգին,-կրկնեց Փոքրիկ իշխանը, որպեսզի լավ հիշի: