• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հեքիաթ փոքրիկների համար

Ապրում էին իրար հետ մի մրջյուն ու մի բզեզ: Աշուն էր, և նրանք դաշտ գնացին` ցորենի հատիկ գտնելու: Երկար  գնացին, հոգնեցին, հատիկ էլ ընդհանրապես քիչ գտան: Վերադարձան, հատիկները աղացին, խմոր շաղախեցին ու կարկանդակներ թխեցին: Կարկանդակները տեսքից շատ համեղ  ստացվեցին: Դրեցին կարկանդակները սառչելու, բզեզն էլ գնաց` ինքնաեռի համար ջուր բերելու: Վերադարձավ, բայց… ոչ մի կարկանդակ չկար: Մրջյունը  չէր դիմացել, ու մինչ ընկերը կվերադառնար, ցանկացել էր գոնե մեկը համտեսել, բայց մինչև ուշքի էր եկել, արդեն ոչ մի կարկանդակ  չկար: Բզեզը հարցրեց, թե ուր են անհետացել կարկանդակները: Ընկերուհու պատասխանից միայն այն հասկացավ, որ թռչուններն են կերել բոլոր կարկանդակները: Բզեզը չհավատաց, ոչ մի տեղ թռչուն չէր երևում, բայց ոչինչ անել չէր կարող; Հաջորդ  օրը  նրանք  նորից գնացին ցորենի հատիկներ գտնելու, նորից քիչ հավաքեցին: Թխեցին կարկանդակներ, դրեցին սառչելու, բզեզը նորից ջրի ետևից գնաց, եկավ,  ու էլի կարկանդակի հետքն էլ չկար: Նորից թռչուններն էին տարել… Այդ ժամանակ  բզեզը որոշեց դաս տալ ընկերուհուն:

Հաջորդ օրն ասաց, որ հիվանդ է, ձեռքն էլ  ցավում է :

-Այսօր դու մենակ գնա, մրջյու′ն քույրիկ:

Երեկոյան  մրջյունը վերադարձավ, իսկ բզեզիկը պառկած էր: Հոգնել էր մրջյունը, քաղցած էր, բայց դեռ պետք է կարկանդակներ թխեր: Ամեն ինչ միայնակ  արեց: Թխեց և դրեց  սառչելու, իսկ ինքը ջրի ետևից վազեց: Վերադարձավ, բայց այլևս կարկանդակ չկար: Պարզվեց` այս անգամ էլ թռչուններն էին «կերել» բոլոր կարկանդակները: Հասկացավ մրջյունը, որ ընկերուհին ամեն ինչ կռահել է, ու ամեն ինչ ճիշտ-ճիշտ պատմեց: Նա հասկացավ, որ չի կարելի ընկերուհիներին խաբել: Բզեզը ներեց նրան, և նրանք  սկսեցին  հաշտ ու համերաշխ ապրել: