Շարժման ձևավորումը կապված էր թե՛ ներլիբանանյան սոցիալ-քաղաքական խնդիրների և թե՛ Միջին Արևելքում տիրող իրավիճակի, մասնավորապես` արաբա-իսրայելական հակամարտության հետ: Ինչ խոսք անհրաժեշտություն էր դարձել «Հիզբոլլահ»-ի հիմնումը: Շարժման ծրագրերն ու նպատակները շարադրված էին 1985 թվականի փետրվարի 16-ին հրապարակված շարադրանքում` «Բաց նամակը` ուղղված Լիբանանի և ողջ աշխարհի կեղեքվածներին»:
Արևմուտքում «Հիզբոլլահը» հայտնի է որպես ահաբեկչական կազմակերպություն: Ամեն տարի իսրայելական ծառայությունները բազմաթիվ տվյալներ են բերում Իսրայելի նկատմամբ «Հիզբոլլահ»-ի իրակացրած գործողությունների մասին: Բայց հատկանշական է, որ Ռուսաստանը «Հիզբոլլահ»-ին ահաբեկչական շարժում չի համարում:
«Հիզբոլլահի» ռազմական թևը շատ ավելի մարտունակ է և լավ զինված, քան լիբանանյան բանակը: «Հիզբոլլահի» ենթակառուցվածքների ոչնչացմանն էր ուղղված 2006թ. հուլիս-օգոստոսին Լիբանանի դեմ Իսրայելի իրականացրած պատերազմը։
«Հիզբոլլահը» վայելում է երկրի շուրջ 2 մլն շիաների աջակցությունը: Այն նաև սոցիալական ուղղվածություն ունեցող շարժում է, որը մեծ դեր է խաղացել շիական շրջաններում կրթական և առողջապահական հաստատություններ, բնակելի շենքեր, մզկիթներ կառուցելու հարցում:
Շարժումն ունի սեփական հեռուստատեսություն («Ալ-մանար»), որ համարվում է ամենահեղինակավորներից մեկը Լիբանանում, ռադիոկայան («Ան-Նուր»), ինտերնետային կայքեր, ամսագիր («Ալ-ահդ»), լրատվական տեղեկատու («Ալ-մաուկիֆ»), ինչպես նաև տեղեկատվական ու հրատարակչական այլ կառույցներ:
Նյութը համակարգեցին Ռ. Թովմասյանը և Լ. Դաղբաշյանը