Ջրաշուշանը ջրային սպիտակ շուշանն է, այն բնակվում է դանդաղ հոսող ջրերում, ունի շատ գաղտնիքներ: Այս գեղեցիկ բույսի հետ կապված է հունական մի լեգենդ, ըստ որի հիասքանչ հավերժահարսը սիրում էր երիտասարդ Հերակլին: Հերոսը անտարբեր էր հավերժահարսի նկատմամբ: Հավերժահարսը չդիմացավ անփոխադարձ սիրուն և կարոտից մահացավ` դառնալով ջրաշուշան:
Ջրաշուշան բառը լատիներեն ծագում ունի և նշանակում է «ձյան պես ճերմակ հավերժահարս»: Հին հույները ծաղկին համարում էին գեղեցկության և պերճախոսության խորհրդանիշ: Հույն աղջիկները այդ ծաղիկներով զարդարում էին գլուխներն և հանդերձանքները:
Ըստ գերմանական ժողովրդական լեգենդի, ջրաշուշանի տերևներում բնակվում են հավերժահարսեր, նրանք կեսգիշերին շրջան են կազմում և խելահեղ պարերով հմայում ու դեպի ջուրն են տանում անցորդներին:
Հյուսիսայի Ամերիկայի հնդիկները ջրաշուշանին նմանեցնում էին քնած գեղեցկուհու և հավատում էին, որ այդ ծաղիկը առաջացել է աստղային կայծերից: Աստղերը դիպչում են իրար ամեն անգամ, երբ հնդիկ առաջնորդի մահվան պահին նետ է արձակվում դեպի երկինք: