Իզմիրի տիեզերագիտական ճամբարը բացահայտում էր ոչ միայն մեր սովորողների, այլ նաև մեզ՝ ուսուցիչներիս համար: Ամեն բան նոր ու չափազանց հետաքրքիր է: Ամենակարևորը աշխատակազմի բարեհամբույր վերաբերմունքն է, պատրաստակամ են ամեն բանում: Սովորողների օրը բավականին հագեցած է. օրը սկսվում է առավոտյան 8-ին, և իրենց ամբողջ օրը պլանավորած է, աշխատում են ըստ իրենց գրաֆիկի: Մեր տասներկու հոգանոց խումբը բաժանվել է վեց խմբի՝ յուրաքանչյուրում` երկու հայ սովորող: Յուրաքանչյուր խումբ մի մոլորակի անուն է կրում, և օրակարգում հստակ երևում է, թե որ խումբը այդ պահին որտեղ է գտնվում: Մենք՝ ուսուցիչներս, ավելի շատ դիտորդի դերում ենք, չենք մասնակցում իրենց գործունեություններին և կարող ենք միայն նայել և լուսանկարել: Միայն ճաշի ժամին է, որ սովորողների հետ ազատ շփման ժամանակ ենք ունենում: Ի դեպ, նշեմ, որ սնունդը շատ լավ է կազմակերպված՝ երեխաները բազմազան ուտեստեղենից կարող են ընտրել իրենց ցանկությամբ, և քանակն էլ սահմանափակ չէ: Սնունդը կազմակերպվում է հետևյալ գրաֆիկով.
09:00-նախաճաշ
13:00-ճաշ
16:00-հետճաշիկ-մրգեր
19:00-ընթրիք
Երեկոյան ժամը 22:00 սովորողները գնում են իրենց սենյակները՝ պատրաստվում են քնելու, իսկ ժամը 23;00 սենյակների լույսերը անջատվում են:
Օրվա ընթացքում ազատ ժամանակը սովորողները տարբեր խաղեր են խաղում:
Դեռ այսքանը: Ցավոք, wi-fi-ից օգտվելու հնարավորություն ունեն միայն ուսուցիչները, այդ իսկ պատճառով իզմիրյան պատումները դեռ միայն մենք ենք գրում: Սպասեք իմ նոր մանրամասն պատումներին, իսկ սովորողները կսկսեն գրել Երևան վերադառնալուց հետո: