Հայրենագիտական-արշավախմբային կայանում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում «Հայրենագիտական, երկրագիտական թանգարան-ցուցասրահի գործունեությունը» թեմայով: Մասնակիցներն էին հայրենագետները, պատմության մասնագետները, դասավարները և այլ ուսուցիչներ: Նախ ծանոթացանք ակումբի տարածքին, որը 400 քմ մակերեսով ջեռուցվող, հարմարավետ միջավայր է: Շինարարական աշխատանքները դեռ շարունակվում են, սակայն շուտով ակումբը վերջնական տեսքի կգա: Նախատեսվում է ունենալ ցուցասրահ՝ ժամանակավոր և մշտական ցուցադրություններով, պահոց, որտեղ կպահվի արշավախմբային գույքը, տարածք՝ գործնական պարապմունքների, էլեկտրոնային ցուցադրությունների և քննարկումների համար:
Այնուհետև քննարկման մասնակիցները արտահայտեցին իրենց մտքերը թանգարան-ցուցասրահի գործունեության վերաբերյալ, Վահրամ Թոքմաջյանը և Էմանուել Ագջոյանը հանդես եկան առաջարկություններով: Առաջարկվեց նաև տարվա ընթացքում կազմակերպել հայրենագիտական ճամփորդությունների հաշվետու ֆոտոցուցադրություններ:
Հայրենագիտական, երկրագիտական թանգարանի ցուցանմուշները հավաքվել են սովորողների և ուսուցիչների նվիրատվության միջոցով և դեռ համալրվում են: Նայեցինք ցուցանմուշների ցուցակը, որոնց մեծ մասը հին աշխատանքային գործիքներ են, առաջարկվեց նմուշներին կցել լուսանկարներ, որոնք դիտողին հնարավորություն կտան հասկանալ, թե ինչի համար և ինչպես են օգտագործել այդ գործիքները:
Եթե կարող եք նպաստել ցուցանմուշների համալրմանը, սիրով սպասում ենք: