Գրքատոն ֆլեշմոբի խոհերով
Ձյունառատ, արդեն երկարատև ու չնահանջող ցուրտ ձմռանը դիմանում ենք` շարժվելով, կրթահամալիրյան ակտիվ կենսակերպով: Բա ո՞նց, շարժումը կյանք է, կյանքը՝ շարժվողինը: Ակտիվ դաս-պարապմունքներից հետո նորից չենք անցնում պասիվ դրության. այս անգամ հասանք Ազգային գրադարան, որտեղ 8-9-րդ դասարանների սովորողների հետ գրքատոն գրական, մշակութային ֆլեշմոբ կազմակերպեցինք՝ նվիրված մայրենի լեզվի օրերին: Ինչպես գրադարանի տնօրենը նշեց. «Պատմության մեջ երբևէ չի խախտվել գրադարանի լռությունը…», բայց էլ ովքե՞ր պետք է «խախտեին լռությունը», եթե ոչ՝ սեբաստացիները` իրենց թարմ շնչով, նեղ սահմաններ, դոգմաներ չհանդուրժող տարբերվող տեսակով:
Չես կարող տեսնել ուժը, ոգին, երիտասարդությունը, ծաղկուն կյանքը, իր ողջ գեղեցկությամբ, ու չխաղաղվել, չտարածվել ու չլցվել ներքուստ…ճամփորդությունը սկսեցինք երգ ու պարով. ազգային երաժշտությունը սովորողների շնորհիվ թևածում էր ամենուր՝ փողոց-մայթերում, մարդկանց սրտերում, երգի հնչյունները կախվել էին օդում՝ տրամադրություն, գույն բերելով «սպիտակ» քաղաքում: Նույնիսկ քաղաքային երթուղում էր խումբը պարում ու երգում, խմբապետներ Արենի ու Վաչեի ղեկավարությամբ՝ արժանանալով մարդկանց հիացական ու ջերմ ժպիտներին: Մտածում էի՝ ինչ լավ է անկաշկանդ ու գեղագիտորեն դաստիարակված մարդկային տեսակը, բնությունը…
Օրվա հետաքրքիր դրվագների մասին պատմող սովորողների խոհերն ու տեսանյութը շուտով:
Նկարաշար՝ այստեղ: