Նոյեմբերի 23-ին մասնակցում էի Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի երրորդ համագումարին որպես պատվիրակ` սպորտի և տուրիզմի ճյուղային հանրապետական միության առաջադրմամբ:
Հավաքվել էին կոնֆեդերացիայի 24 ճյուղային միությունների 120 պատվիրակ:
Ես ընտրված էի նաև որպես մանդատային հանձնաժողովի անդամ և բարեխղճորեն կատարեցի իմ պարտականությունները:
Վաղուց խորհրդային նիստի ներկա չէի եղել:
Ելույթ ունեցողները շատ էին խոսում արժանապատիվ ապրելու, աշխատելու մասին:
Լուրջ վերլուծութուն արեց Վազգեն Սաֆարյանը և պետք է ասել, որ նրա ելույթը ամենագրագետ և տրամաբանականն էր: Նա նշեց այն կարևոր խնդիրները` արտաքին պարտքին, գործազրկության, արտագաղթի պատճառների, արդյունաբերության վերակազմակերման անհրաժեշտության և արհմիությունների դերի բարձրացման մասին, որոնք լուծման կարիք ունեն: Ցավոք, նրա ելույթը տեղից ընդհատվում էր ռեպլիկներով:
Վաղարշակյանը` բուհերի ճյուղային միության նախագահը, նույնպես լավ ելույթ ունեցավ` `նշելով դասախոսների ցածր աշխատավարձների, բուհում առկա խնդիրների մասին:
Մյուս ելույթ ունեցողները հիմնականում ինքնագովեստով էին զբաղված կամ փորձում էին պաշտպանել Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի գործող նախագահ Էդուարդ Թումասյանին:
Սուր ելույթ ունեցավ Կառլեն Հարությունյանը, ով հարց բարձրացրեց ֆինանսական միջոցների,հանգստյան տների փոշիացման մասին:
Մանկապարտեզների հարցն էլ քննարկվեց, պարզվում է, որ այսօր երեխաների ընդունելության հերթը հասել է…մինչև հաջորդ տարվաօ գոստոս ամիսը, քանի որ մանկապարտեզների շենքերը իրենց նպատակին չեն ծառայում:
Առաջարկներ եղան ստեղծել արհմիության հիմնը և կրծքանշանը:
Արհեստակցական կազմակերպությունների դերի բարձրացման համար նախագահի երկու թեկնածուներն էլ առաջարկում էին ծրագրեր, որոնք պետք է իրագործվեն հաջորդ հինգ տարում:
Ինչևէ:
Ինչպես խորհրդային տարիներին, ընտրությունների արդյունքում վերընտրվեց նախկին նախագահը` էդվարդ Թումասյանը:
Տեսնենք, այս անգամ ինչ կփոխվի:
P.S.
Մեր կրթահամալիրի արհեստակցական կազմակերպության գործունեությունը լավ օրինակ կարող է հանդիսանալ ցանկացած ճյուղային և տեղական կազմակերպությունների, ինչու ոչ, նաև Հայաստանի կոնֆեդերացիայի համար: