-Ներեցեք, սա ի՞նչ մարթոն է:
-Վազքարշավ ենք կազմակերպել Վահան Ասատրյանի հիշատակին:
-Իսկ ո՞վ է նա:
-Մեր կրթահամալիրի դասավանդողներից էր: Նենց լավ մարդ էր: Վաստակավոր մարզիչ: Միջազգային կարգի:
-Պլակատների վրա իր անուն եք, հա՞, գրել:
-Դե, այո, մենք այս կերպ ուզում ենք հիշել մեր ուսուցչին:
-Իսկ ո՞րն է ձեր կրթահամալիրը:
-«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը:
-Տնօրենը Բլեյա՞նն է:
-Այո:
-Ապրե՛ք: Լավ բան եք կազմակերպել:
Հ.Գ.
Կներեք, որ զրույցը ներկայացնում եմ առանց հեղինակի: Ակամայից լսեցի այս զրույցը: Սուրբ Երրորդություն եկեղեցուց մի փոքր վերև գտնվող բեմի մոտ կրթահամալիրի սովորողներից մեկին մոտեցել էր տարիքով մի տղամարդ ու փորձում էր հասկանալ, թե մարզահագուստով պատանիներն ինչ էին անում: Նրա ուշադրությունը գրավել էին հատկապես պլակատները: Սովորողի անունը չգիտեմ: Զրույցից անմիջապես հետո սովորողը տեսադաշտիցս կորավ խմբի մեջ:
Բայց ուզում էի ներկայացնել այս փոքրիկ զրույցը: Անկեղծ ասած, եթե այդ սովորողը գրեր, որ կրթահամալիրի մարզական ակումբը կազմակերպել էր մարաթոնյան վազք ի հիշատակ Վահան Ասատրյանի, եթե պատմեր, որ սովորողների մի մեծ խումբ առավոտյան սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից վազքով գնաց դեպի կրթահամալիր, կարծում եմ՝ Վահանի հիշատակին ավելի քիչ բան արած կլիներ: Վահան Ասատրյան մարդուն պետք է հիշել ոչ թե բառերով, այլ զգացողությամբ, ժպիտով, դրական լիցքերով, ինչպես այս սեբաստացին էր զգում:
Զրույցի մեջ ինձ գրավեց այն, որ սովորողը իսկապես հստակ ու վստահ էր պատմում Վահանի մասին: Համոզիչ էր խոսում:
Եվ տղամարդը ժպտալով գնաց: Նա հաստատ այսօր իր ընտանիքում, գուցե նաև ընկերներին, կպատմի, որ տեսել է Վահան անունով մի մարդու հիշատակի համար վազքարշավ կազմակերպած սովորողների, որ նրանք իսկապես սիրում ու հիշում են նրան: