• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նշանավոր կանայք. ԱՆՆԱ ԱՎՍՏՐԻԱՑԻՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

 Աննա Ավստրիացու և Լյուդովիկոս 13-րդի հարաբերությունները Ալեքսանդր Դյումա-հոր «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի սյուժետային գծերից մեկն է: Նրա շարունակության` «Քսան տարի անց» և «Վիկոնտ դը Բրաժելոն կամ տասը տարի անց» վեպերում թագուհի Աննան նույնպես գործող անձերից մեկն է: Անգլիացի գրող Էվելին Էնտոնիի «Կարդինալի սերը» պատմվածքում և Գեորգ Բոռնի «Աննա Ավստրիացի կամ թագուհու երեք հրացանակիրները» պատմավեպում նույնպես հիշատակվում է Աննա թագուհին: Աննան, ով Իսպանիայի Ֆիլիպպ 3-րդի դուստրն էր, փորձում էր իսպանամետ քաղաքականություն վարել ֆրանսիական արքունիքում և դավադրություններ էր կազմակերպում Ֆրանսիայի կարդինալ Ռիշելիեի դեմ: Լյուդովիկոս 13-րդի և Աննա թագուհու ամուսնությունը 23 տարի անպտուղ էր, մինչև 1638 և 1640 թթ-ին թագուհին վերջապես ծնեց իրենց երկու որդիներին` ապագա Լյուդովիկոս 14-րդին և Ֆիլիպպ 1-ին Օռլեանցուն: 1643-1651 թթ-ին թագուհին մանկահասակ Լյուդովիկոս 14-րդի խնամակալն էր, սակայն փաստացի երկիրը կառավարում էր Ֆրանսիայի նոր կարդինալ Ջուզեպպե Մազարինին, ով թագուհու հրամանով նշանակվել էր Ֆրանսիայի առաջին նախարար: 1661 թ-ին Մազարինիի մահից հետո, երբ Լյուդովիկոս 14-րդը իր ձեռքն առավ երկրի կառավարումը և իրեն հռչակեց Արև-արքա, թագուհին հեռացավ Վալ դը Գրաս մենաստան: 1666 թ-ի հունվարի 20-ին ընդհատվեց Աննա Ավստրիացու կյանքը: