• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մայիսյան արևոտ օր Նոր դպրոց-պարտեզի 3 տարեկանների խմբում

Քանի օր է` ինչ սկսել եմ ծանոթանալ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախակրթարանին:

Այսօր Նոր դպրոցում էի... Եկա, երբ երեխաները նախաճաշում էին: Շատ անսպասելի  էր ինձ համար, որ նրանք ինձ ճանաչեցին, նույնիսկ անունս էին հիշում:

Օրս սկսվեց նրանց ուրախ ողջույնով ու շարունակվեց նույն տրամադրությամբ: Մասնակցեցի երեխաների խաղերին, տիկնիկային ներկայացում բեմադրեցինք, միասին պարեցինք, հեքիաթ հորինեցինք ու գրի առանք այն: Տեսա երեխաների ստեղծագործությունները` նկարներ, տիկնիկներ և այլն: Ցավոք, առավոտյան նախավարժանքին ներկա չգտնվեցի: Վաղն անպայման կլրացնեմ այդ բացը:

Կուզեի նշել, որ հիացած եմ` տեսնելով, որ երեխաները չեն սահմանափակվում, նրանց գործունեությունը հնարավորինս ազատ  է: Երեխան ունի ինքնադրսևորման, ստեղծագործելու մեծ հնարավորություն, հնարավորություն մեծանալու ոչ թե որպես  կարտարող, այլ ստեղծագործող անձ: Երեխաների խմբային աշխատանքներին, համատեղ գործունեությանը  մեծ նշանակություն է տրվում. սա ինձ շատ է դուր գալիս, քանի որ երեխաներն աստիճանաբար սոցիալական հմտություններ են ձեռք բերում:

Օրս բավականին հագեցած էր. պետք է որ հոգնածության զգացում ունենայի, սակայն անգամ ֆիզիկապես հոգնած չեմ: Երեխաներից ստացած արևային էներգիան ինձ ամբողջ օրն առույգ ու աշխույժ պահեց:

Մարինե Մարտիրոսյան