․․․Շիրակի մարզպետի և Գյումրու քաղաքապետի հետ հանդիպումներին ես չգնացի: «Ուսումնական Գյումրի» նախագծի երաժշտական հարցերի մասին էին լինելու քննարկումները: Ինձ համար հետաքրքիր հանդիպումները դեռ առջևում էին: Հանդիպումներն ամենուր էին, ամեն քայլափոխին: Անհնար է տիար Բլեյանի հետ Գյումրու փողոցներով աննկատ ու հանգիստ քայլել: Բոլոր կողմերից ողջույնի խոսքեր էին լսվում.
- Բարև ձեզ, պարոն Բլեյան, ինչպե՞ս եք:
- Պարոն Բլեյան, նորից հյուր եք եկե՞լ մեր Գյուրի:
- Գյումրիում ես հյուր չեմ: Ես իմ տանն եմ:
- Պարոն Բլեյան, ճի՞շտ է, որ ձեր դպրոցի նման դպրոց եք հիմնելու Գյումրիում:
Պատասխանը պատասխանատվություն էր հայցում.
- Եթե համայնքը ցանկանա, ամեն ինչ կլինի: Այդ հարցով դիմեք մարզպետարան, նախարարություն: Համայնքի ցանկությունն է կարևոր:
Աբովյան փողոցում ենք:
- Ամեն ինչ լավ է: Հին դռները, պատերը, պատուհանները վերանորոգված են: Վատը միայն այս սպիտակ սալահատիկներով պատված գետինն է, որ չի խոսում Գյումրվա սև տուֆի հետ:
Աջ կողմում Գյումրու տիկնիկային թատրոնի շենքն է: Ներս ենք մտնում:
- Բարև ձեզ, պարոն Բլեյան, հրավիրում ենք ձեզ «Երեք խոզուկները» դիտելու:
- Սիրով, սիրով կդիտեմ ձեր ներկայացումը, բայց ոչ այսօր:
Հաջորդ շենքը Գյումրու երիտասարդական պալատն էր, որը մեր «Ուսումնական Գյումրի» նախագծի գործընկերներից է: Դիմավորեցին անկեղծ ջերմությամբ, և սկսվեց Լիլիթ Մակարյանի՝ երիտասարդական պալատի տնօրենի, շուտասելուկի նման հարցերի տարափը.
- Պարոն Բլեյան, երբ է լինելու մեր հաջորդ համատեղ համերգը: Պարոն Բլեյան, Գյումրիո՞ւմ լավ կլինի, թե Երևանում: Պարոն Բլեյան, թե՞յ կուզեք խմել, թե՞ սուրճ:
Պատասխանն ընդհատեց մեր Հարավային դպրոցի 5-րդ դասարանցիների աշխույժ աղմուկը: Հասմիկ Պողոսյանի և Շուշան Ալեքսանյանի հետ նրանց եռօրյա ճամփորդության երկրորդ օրն էր Գյումրու Շալեում: Երեխաները տիարին տեսնելուն պես ավելի աշխուժացան ու վազեցին դեպի նա: Դահլիճ, դպրոց-պարտեզի խումբ իրենց կազմակերպիչով ու դասավանդողով, հանդիսատես. դե, արի, տիար Բլեյան ու զսպիր երգացնելու, պարացնելու քո մշտարթուն մղումը: Այնքա՜ն անսպասելի ու հաճելի էր այդ փոքրիկ համերգը․․․
Յուրա Գանջալյանի մտորումների ընթերցումը շարունակեք բլոգում։