Դպիրի 50-րդ համարի առաջին հոդվածը
Բացատրական բառարան
Թվային տեխնիկան, մեդիան, համացանցը՝ հանրակրթության արդյունավետ գործիքներ: Ամենամյա 4-րդ ստուգատես, հայերեն, ռուսերեն, անգլերեն, վրացերեն գործածման լեզուներով, բաց յուրաքանչյուրի համար` Հայաստանում թե Հայաստանից դուրս, սովորողի թե ուսուցչի, հանրակրթությամբ հետաքրքրվողի համար: Խնդրեմ, առանց որևէ խոչընդոտի. մարզերից ու արտասահմանից եկածների համար` անվճար հյուրատուն, սնունդ, գրանցման մատչելիություն: Մրցանակներ շնորհելիս որևէ խտրության բացառում: Շնորհակալ ենք Դիջիթեքի մեր գործընկերներ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը, Մայքրոսոֆթ ԱՐԷՅ-ին, ԿԳ նախարարությանը, որ առավելագույն ջանքեր են գործադրում, որպեսզի հանրակրթական Դիջիթեքին լիարժեք մասնակցեն նաև մեր վրաց գործընկերները, որ այն դառնա հայ-վրացական նախագիծ, որ այն ընթանա շուրջտարի: Բայց… Սա կրթահամալիրի Ստուգատեսն է. մասնակից է կրթահամալիրի հանրակրթական դպրոցը, դասարանը, խումբը, սովորողը, ուսուցիչը, մասնագետը, ուսումնական կենտրոնը՝ յուրաքանչյուրը առանց բացառության: Ով որևէ, իբր հարգելի, պատճառաբանությամբ իրեն դուրս է տեսնում 2012թ. հունվարի 15-ից սկսած և փետրվարի 11-ին ղափամա ճաշակելով ավարտվող Ստուգատեսից, նա իրեն դնում է կրթահամալիրում իրականացվող «Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիահանրակրթություն» ծրագրից՝ կրթահամալիրից, դուրս: Այստեղից և Ստուգատեսին ներկայացվող աշխատանք-նախագծերի տեսականին՝ ընդգրկուն, ամեն նախասիրության, հավեսի ու պահի համար: 2 տարեկանից մինչև… սովորողի, մանկավարժության մեջ առաջին տարին քայլ անողից մինչև… Այստեղից և Ստուգատեսի փետրվարի 1-ից 11-ը տևող ներկայացում-միջոցառումների ցանկը՝ խիտ ու տարողունակ, որ որևէ մեկը նեղացած ու չկարևորված չլինի:
Հանրակրթական Դիջիթեքը յուրաքանչյուրինս է` ոչ որպես գաղափար, այլ որպես շոշափելի մասնակցություն: Սա է 4-րդ Ստուգատեսի առանձնահատկությունը: Ինչպե՞ս եք պատրաստվել: Ժամանակ դեռ կա: Սկսեք: Տանը թե դպրոցում՝ կարգի բերեք թվային տեխնիկան, լինի անհատական թե ընդհանուր գործածման: Ինչ խափանված է, սարքին չէ` անհապաղ նորոգել, գործածել: Այս ստուգատեսին Սեն Միքայելյանը ներկայանում է թվային տեխնիկայի շահագործման և սպասարկման ծառայություններով: Ստուգատեսը հնարավորություն է ու լավ առիթ` ձեր թվային զինանոցը նորացնելու, լրացնելու: Ես Ձեզ խոստանում եմ շատ մրցանակներ: Մինչև 2012թ. մարտի 1-ը մենք ձևավորելու ենք ապառիկով թվային տեխնիկա՝ նեթբուք-նոթբուք, ձեռք բերելու 2-րդ փուլի պատվերը: Ով ուշացել է 1-ին փուլից, ով փոշմանել է, ով վճռել է՝ թող առաջ գա: Համացանցը, թվային տեխնիկան կրթահամալիրում` տանը թե դպրոցում, ձևավորում են ուսուցանող նոր՝ արդյունավետ ու գրավիչ միջավայր: Ես Ձեզ խոստանում եմ` մինչև 2012թ. ապրիլի 1-ը.
Ստուգատեսն այս կցուցադրի թվարկված նախագծերի իրական լինելը, ստուգատեսն այս կնպաստի, որ յուրաքանչյուր նախագիծ ավարտվի մինչև 2012թ. ապրիլի 1-ը:
Ստուգատեսի` ինձ համար ամենամեծ պրեզենտացիան «Դպիր» էլեկտրոնային ամսագրի 50-րդ համարն է: Տեսեք` մի «Դպիր» որքա~ն հայացրեց մանկավարժությունը մեդիայում: Շնորհիվ դրա մենք ունենք արդիական մանկավարժություն` ներկայացված մեդիայում: Բրավո, Սուսան Մարկոսյան և ընկերներ: «Դպիր» էլեկտրոնային 50-րդ հոբելյանական համարը չի փակվի այնքան ժամանակ, քանի դեռ սահմանված կարգով կրթահամալիրի յուրաքանչյուր ուսուցիչ-մասնագետ չի ներկայացրել հետազոտական աշխատանքի իր փորձը` մեթոդական հոդվածը, թարգմանությունը, ուսումնասիրությունը: Ստուգատեսում ինձ համար ամենասպասված նախագիծը «Լուսաստղն» է՝ պատանիների նոր մեդիա ամսագիրը` իր ֆիզիկական ակումբով: Շնորհիվ այս նախագծի` «Լուսաստղի» ընթերցողի համար համացանցը կդառնա ավելի ուսուցանող, ավելի շատ պատանիների համար համացանցը կդառնա կարևոր ուսուցիչ: Առա՜ջ, Մարգարիտ Սարգսյան և ընկերներ: Ստուգատեսին Արտակ Զիլֆիմյանը, Միշա Ավդալյանը, Գրիգոր Խաչատրյանը և ընկերները կներկայանան ամենահեռանկարային նախագծով` «Կրթահամալիրը TV տաղավար»: Ստուգատեսում կներառվեն նաև կրթահամալիրի հանրակրթական դպրոցների սովորողների ծնողները` լիարժեք մասնակցելով տանը կատարվող մեդիանախագծերին, ինչպես նաև 2 անգամ իրենց համար հատուկ կազմակերպվող Դիջիթեքի ներկայացումներին: Էլ ի~նչ ստուգատես` առանց անակնկալների, առանց իմպրովիզի… Չխոստանամ էլ, գիտեք, սպասում եք: Հուսախաբ չենք անի:
Ձեր` Աշոտ Բլեյան