Հավատի մասին խոսելիս, անմիջապես պատկերացնում ենք հավատն առ Աստված: Սակայն գոյություն ունի նաև հավատ մարդու հանդեպ, որը նույնքան խորն է անդրադառնում մեր կյանքի վրա, որքան հավատն առ Աստված: Մարդկային վերափոխման ցանկացած փորձ հիմնված է հենց այդ հավատի վրա: Այդպիսի հավատն այն վստահությունն է, որ չկա որևէ մարդ, ում մեջ գոյություն չունենա անեղծ մարդկային խորություն, չկա այնպիսի մարդ, ում մոտ հնարավոր չլինի արթնացնել բարին, արժանավայելը: Որպեսզի հավատ ունենաս որևէ մեկի հանդեպ, պետք է նախ հավատաս ինքդ քեզ: Հավատն, առհասարակ, հույսի այն անեզր աղբյուրն է, որը տալիս է ներդաշնակություն մտքին և հոգուն: Հավատն այն զգացողությունն է, որն անմեկնելի է մարդկային տկար էությանը: Ինքնավստահությունը հիմնված է սեփական եսի ինքնաճանաչման, ինքնագնահատանքի վրա: Իսկ հավատը կարիք չունի ինքնագնահատանքի. մարդ արարածն ամբողջովին դինամիկա է և ոչ ոք չի կարող դադարեցնել այդ դինամիկան: Դինամիկան սառեցման ենթակա չէ, մարդը դինամիկ է ընդմիշտ: Հավատը մեր հանդեպ, դիմացինի հանդեպ այն համոզվածությունն է, որ մեր մեջ գոյություն ունի արարող, թաքնված մի անպարտելի դինամիկա, որի անունն է Աստված: