Նոր դպրոցում ենք… Աշխատանքային ստեղծական առօրյան անմիջապես իր շնչով վարակեց հենց մուտքի մոտից: Հավաքի առաջին օրն է, և փորձում ենք շրջել բոլոր դասասենյակներում, զրուցել շատերի հետ, ծանոթանալ նրանց աշխատանքներին: Այն, ինչ տեսանք ու լսեցինք, տպավորիչ էր: Ամեն խմբի գործունեությանը ծանոթանալուց ու մի լավ հիանալուց հետո, թվում էր, էլ զարմանալու ոչինչ չի լինի: Բայց… անակնկալները շատ-շատ էին, տանտերերը` բարյացակամ, սիրալիր այնքան, որ ուզում էինք մնալ այնտեղ ու նորից վայելել այս փոքրիկների ներկայությունը ու նրանց հետ նորից մանկանալ:
5-րդ դասարանում բնագիտության և անգլերենի ինտեգրված դաս էր: Երեխաները ոգևորված լսում ու խոսում էին Երկիր մոլորակի մասին` համատեղելով իրենց անգլերենի և բնագիտության իմացությունը:
4-րդ դասարանում սովորողները, որոնք ունեին անհատական համակարգիչ, զբաղված էին իրենց կարաոկեի ստեղծման վերջին աշխատանքներով, որի շնորհանդեսը տեղի կունենա վաղը:
3-րդ դասարանում ընտրությամբ գործունեության ժամ էր` շախմատի դաս: Շրջեցինք, հետևեցինք, ու մեզ համար պարզ դարձավ, որ մոտ ապագայում այս խելացի մանչուկների մասին դեռ կլսենք, իսկ ոմանց անունները հաստատ կգրանցվեն շախմատի պատմության մեջ:
Գնացինք նաև «Net-book»-ն ինձ դասընկեր ծրագրով աշխատող դասարան, որտեղ ռուսերենի դաս էր: Նրանք միասին լսում ու երգում էին կարաոկե և միաժամանակ իրենց համակարգիչներում նկարում երգի բովանդակությունը: Շատ ուրախ և այդ ուրախության հետ մեկտեղ շատ լուրջ ու հավասարակշռված դասարան էր: Իսկ հետո~…առաջին հարկում մեզ դիմավորեցին երգը, երաժշտությունը, պարը… Պարեցինք, երգեցինք ու հաճելին օգտակարի հետ համատեղելով` վերադարձանք դպրոց` համոզված, որ վաղն էլ ենք գնալու:
Քեչեչյան Ալիսա
Թահմազյան Սյուզաննա