Մայիսի երրորդ կիրակին ՁԻԱՀ- ից մահացած մարդկանց հիշատակի միջազգային օրն է:
ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի օրն առաջին անգամ նշվել է 1983թ. Սան Ֆրանցիսկո քաղաքում: Միջոցառման կազմակերպիչներն այն մարդիկ էին, ում կյանք էր ներխուժել ՄԻԱՎ վարակը: ՁԻԱՀ- ից մահացած մարդկանց հիշատակի միջազգային օրվա շրջանակներում ողջ աշխարհում անցկացվում են միջոցառումներ, որոնք ուղղված են հասարակության, կառավարությունների ուշադրությունը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրների վրա սևեռելուն: Այդպիսի միջոցառումներից են մոմավառությունը և <<Քվիլթը>>:
ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակին մոմեր վառելու արարողությունը, որը Առողջապահության գլոբալ խորհրդի նախաձեռնած ակցիան է, ոգեշնչում է համայնքներին և անհատներին` ընդգրկվելու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարում:
Մոմավառության արարողությունն առաջին անգամ տեղի է ունեցել 1983թ., երբ գրանցված էր ՁԻԱՀ-ից մահվան ընդամենը մի քանի հազար դեպք: Տարբեր համայնքներում այս արարողությունը յուրովի է ընթանում: Մեկ համայնքում արարողությունը կատարվում է ընդամենը մի քանի ընկերների միջավայրում, մեկ այլ վայրում հազարավոր մարդիկ երթի են դուրս գալիս` վառվող մոմեր բռնած և հիշատակի երգեր երգելով:
<<Քվիլթ>> նշանակում է լաթերից կարված ծածկոց: Ըստ հնում ծագած ավանդույթի` նման ծածկոց, ի հիշատակ մահացածի, կարել են նրա ընտանիքի անդամները, հարևանները և ծանոթները: Այդ նպատակով օգտագործվել են բազմագույն լաթեր:
Առաջին անգամ <<Քվիլթը>> կարել է Ջոնս Քլիվը 1987թ. հունիսին Սան Ֆրանցիսկոյում` դրանով արտահայտելով ՁԻԱՀ-ից մահացած իր ընկերոջ կորստի ցավը: Միջոցառման նպատակը ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակը հավերժացնելն ու համաճարակի կործանարար ազդեցությունը մարդկանց տեսանելի դարձնելն էր:
Քանի դեռ ՄԻԱՎ վարակի համաճարակը շարունակում է ողջ աշխարհում կյանքեր խլել, <<Քվիլթը>> մեծանում է` իր մեջ ներառելով հիշողություն, հույս և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ հաղթանակի հավատ:
Աղբյուր` www. doctors. am
www. redcross.am