• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կիսամյակային հաշվետվություն

Ավարտվեց առաջին կիսամյակը: Փորձենք ամփոփել այն ամենը, ինչ կատարել ենք այս կիսամյակում:

Նվազման կարգով սկսենք այն առարկաներից, որոնցից առավել գոհ եմ, առավել շատ աշխատանքներ ենք կատարել, իսկ քանի որ ամենագոհը անգլերենից եմ, կսկսեմ անգլերենից, այսինքն՝ առաջին տեղում գտնվում է անգլերենը:

 

Սեպտեմբերից սկսեցինք վերհիշել և ավելի խորացված անցնել քերականություն` կատարելով բավականին բարդ քերականական վարժություններ՝ օգտվելով գրքերից և ինտերնետից: Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին հիմնականում հարստացրել ենք մեր բանավոր խոսքը` կատարելով թարգմանություններ: Հիմնականում թարգմանել ենք արտասահմանյան հայտնի գրողների կենսագրությունները և նրանց ստեղծագործությունները: Դեկտեմբեր ամսին մեր բոլոր աշխատանքները հավաքել և ներկայացրել ենք հաշվետվությամբ:

Երկրորդ տեղում է թուրքերենը, որը մեզ համար, և ընդհանրապես ողջ դպրոցում, նորություն էր: Սեպտեմբերի կեսերից սկսեցինք անցնել տառերը, որոնք, մեր սպասումներին հակառակ, հեշտ էին: Տառերից հետո փոքր-ինչ քերականություն անցանք: Կարծում եմ, թուքերենը նույնպես հեշտ է, և այդ պատճառով, որոշակի բառապաշար ստանալով, սկսեցինք թարգմանել հեշտ նախադասություններ: Հոկտեմբեր ամսին Թուրքիայից երկու հյուր ունեցանք, որոնցից մեկը բանաստեղծ էր, իսկ մյուսը` հրապարակախոս: Երբևիցե չէի շփվել թուրքերի հետ, և սա ինձ համար լուրջ առիթ էր: Ճիշտ է, ես առաջին անգամ շփվեցի թուրքի հետ, բայց հստակ կարող եմ ասել, որ կարծիքս փոքր-ինչ փոխվել է դեպի դրականը:

Երրորդ տեղում են հայոց լեզուն և մաթեմատիկան: Հայոց լեզվից սեպտեմբեր ամսին սկսեցինք վերհիշել անցածը, այնուհետև անցանք միջին հայերենի հնչյունական համակարգը, որից կատարեցինք բազմաթիվ և բազմապիսի վարժություններ:Սեպտեմբերի վերջին ամփոփեցինք մեր սովորածը ստուգողական աշխատանքով: Հոկտեմբեր – նոյեմբեր ամիսներին անցել ենք արևմտահայերենի բառապաշարն ու դրա ուղղագրական որոշ կանոններ: Այս երկու ամսվա ընթացքում գրել ենք երկու ստուգողական աշխատանք ևս:

Անցնենք մաթեմատիկային` հանչահաշվին և երկրաչափությանը: Օ~, երբ սեպտեմբերին տեղի ունեցավ հանրահաշվի մեր առաջին դասը, հասկացա, որ գրեթե ոչ մի բանաձև չեմ հիշում: Ստիպված էինք ևս մեկ անգամ, արագ տեմպերով, կրկնել անցածը: Եվ այսպես, մոտ երկու շաբաթ անցածը վերհիշելուց հետո, անցանք տասնմեկերորդ դասարանի դասագրքին: Այսպես, այս երեք ամիսների ընթացքում շատ բան ենք սովորել այս առարկայից, և հուսով եմ, չեմ մոռանա: 
Ավաղ, նույնը չեմ կարող ասել երկրաչափության մասին, քանի որ ի տարբերություն հանրահաշվի, այն շատ ավելի թույլ ենք անցնում…

Չորրորդ տեղում են գտնվում համաշխարհային և հայոց պատմությունները: Կարող եմ ասել, որ կիսամյակը բարեհաջող էր համաշխարհային պատմություն սովորելու համար: Իմացանք համաշխարհային տարբեր իրադարձությունների մասին, որոնց մասին մինչ այդ պատկերացում անգամ չունեինք:

Ըստ իս, հայոց պատմությունից առաջին կիսամյակին կարող էինք ավելին անել, քան արել ենք…

 

Հինգերորդ տեղում հասարակագիտությունը և իրավունքն են: Այս դասընթացներին հիմնականում ծանոթանում ենք օրենքներին և քննարկում դրանք:

Վեցերորդ տեղում է գտնվում էկոլոգիան, որը կարելի է ասել նորություն էր ինձ համար, և մեզ համար «անընդունելի» էր, քանզի մտածում էինք, որ քննությանը այդ առարկան չենք հանձնելու, այլ հանձնելու ենք կամ ֆիզիկա, կամ քիմիա, կամ կենսաբանություն: Այնուամենայնիվ, ամեն ինչ հարթվեց: Առաջին կիսամյակում հիմնականում ուսումնասիրել ենք մարդու կլոնավորումը:

Ինչպես նկատեցիք, իմ ցուցակում չկային ռուսաց լեզուն և ինֆորմատիկան: Ասեմ, որ անձամբ ես ռուսաց լեզուն շատ եմ սիրում, բայց քանի որ անհայտ պատճառներով օտար լեզվի և թարգմանության խորացված ուսուցման դասարանում ռուսաց լեզու անցնում էինք ընդամենը մեկ ժամ, մենք ինչ-որ չափով թուլացանք, չնայած, մեր ուսուցչուհին մեզ դասից դուրս առաջադրանքներ էր տալիս: Ամեն դեպքում լավ է, որ այս կիսամյակում կանցնենք երկու ժամով, և կփորձենք անցյալ կիսամյակի բացը լրացնել:

Ինֆորմատիկայի մասին բացարձակ չեմ ցանկանում խոսել: Ժամանակի անտեղի կորուստ, 45 րոպե, որը յուրաքանչյուր շաբաթը մեկ կորցնում ենք…

Մոռանանք տխուր իրողությունները, և անցում կատարենք դպրոցում անցկացրած մեր լավ օրերին: Առավոտյան տեղի ունեցող ընդհանուր պարապումնքների ժամանակ հայտարարվեց, որ մեկ շաբաթ անընդմեջ տասնհինգ րոպեանոց, ընդհանուր պարապումքը վարելու է մեր դասարանը:  Շատ պատասխանատու հանձնարարություն էր, բայց հաճույքով էինք կատարում: Կազմակերպում էինք խաղեր, հետաքրքիր մրցույթներ, որոնց ժամանակ ընտրվում էր տվյալ անվանակարգում լավագույն մասնակիցը և նրան նրանց պատվոգրեր էին հանձնվում:

Կարծում եմ, մեզ հաջողվեց  այդ պարապումքները դարձնել հետաքրքիր և հաճելի:

                                                                                 

                                                                                                    Համիդյան Կարինե 11-5 դաս.