Սփյուռքահայ գրականությունը մեր վերքն է ու հպարտությունը: Վերքն է, որովհետև անմիջապես լինելով արևմտահայ գրականության շարունակությունը, այն կոտորակված է, սփռված, ցրիվ եկած իր ժողովրդի պես: Սփյուռքահայ գրականությունը տարբեր գաղթօջախներում 10-ականների վերջերից մինչ 20-ականները սկիզբ առած մեր գրական շարժումն է, տեղ տեղ այն ձևավորվել է անգամ 30-ականների կեսերից: Փաստորեն, այն մեր ժողովրդի քաղաքական ճակատագրի ողբերգական ծնունդն է: Նրա ծննդյան օրից ի վեր պտտվում է այն կասկածը, թե երկար կյանք չունի, ուր որ է պիտի մարի: Պատճառաբանությունն էլ մեկն է. արտանետված գրականություն է, մայր հողից կտրված: Սփյուռքահայ գրականությունը քաղաքական պայմանների ծնունդ է ՝ ի տարբերություն ռուսական, ուկրաինական, իսպանական կամ իտալական սփյուռքների, որոնք ձևավորվել են քաղաքական, տնտեսական, սոցիալ-մշակութային, անհատական հիմունքներով, իսկ մերը ցեղասպանության ծնունդ է, որտեղից էլ երևան են գալիս այս գրականության առանձնահատկությունները:
Առաջին, որ սփյուռքահայ օջախները և գրամշակութային կյանքն այնտեղ ձևավորվում է տարերայնորեն: Այն երկրները, որոնք ունեն կայուն քաղաքական, սոցիալական շնչառություն, հայ խլյակները շուտ են արթնացնում իրենց ազգային, մշակութային գիտակցությունը և որպես կանոն այնտեղ ձևավորված մեր գրականությունը կենդանության ավելի աշխույժ նշաններ է ցույց տալիս, ավելի կազմակերպված է, ավելի հավատարիմ է արևմտահայ գրական ավանդույթներին:
Երկրորդ՝ սփյուռքահայ գրականությունն, ըստ իս, թռիչքաձև, անհավասարաչափ զարգացում ունեցավ: Բանն այն է, որ դա կապված է տվյալ երկրի, կամ որևէ երկրի քաղաքական, տնտեսական պայմաններից, հայերի նկատմամբ ունեցած ավանդական վերաբերմունքից և իր զարգացման ներքին օրինաչափություններից: Վերցնենք, ասենք, Թուրքիայի օրինակը. 1915-ից 18թթ. մեռյալ շրջան է: 1918-ին, երբ առաջին համաշխարհայինի ալիքի վրա իշխանության եկած ուժերը մահվան են դատապարտում ցեղասպանության կազմակերպիչներին, հայության ստվար մասը վերադառնում է Պոլիս, նույնիսկ Կիլիկիա: 1918 –ից 22 թթ. մշակութային նոր զարթոնքի շրջան էր՝ հակառակ սահմռկեցուցիչ հիշողությունների: Մշակութային այս անսպասելի վերարթնացումը եղավ շնորհիվ վերապրող հայ գրողների, ինչպես նաև նպաստող մեկ այլ հանգամանք էլ պատերազմի ավարտն էր:
1918-ից 22թթ. ընդունված է համարել զինադադարի շրջանի գրականություն: 1922թ-ին նոյեմբերին քեմալական նոր շարժումը ստեղծում է արտագաղթի վիճակ, որն ուներ իր յուրահատուկ անվանումը <<մշակութային>>: Մուստաֆա Քեմալը, աթաթուրքը, որը ժամանակին մահվան դատապարտեց ցեղասպանությունը կազմակերպողներին, այս անգամ իր երկրում հույներին հետապնդելու, հալածելու նպատակով առաջ բերեց նոր սահմռկեցուցիչ կացություն հայերի համար: Անցյալի փորձն ունենալով՝ հայերը լքեցին Բոսֆորի պատմական այս քաղաքը՝ Ստամբուլը, ինչի հետևանքով Պոլսում մեռավ հայ մշակութային կյանքը տասնամյակներ շարունակ, մոտ քարորդ դար: Այն վերարթնացավ միայն 2-րդ աշխարհամարտի ավարտին, երբ վերաբացվեցին մշակութային կենտրոնները և հրապարակ եկան նոր կարող ուժեր՝ ձերբազատված վախի բարդույթից:
Այսօր Պոլսահայ գրականությունն ունի ոչ միայն հզոր անհատականություններ, այլև փիլիսոփայական ուղղվածությամբ գրական շարժում՝ առարկայական խորհրդապաշտություն անվամբ:
Սփյուռքահայ գրական օջախները երևան հանեցին ժամանակների երկու հրամայական գաղափարները՝ կարոտի գրականությունն ու նահանջի գրականությունը, երկուսն էլ բնական իրողությունների հետևանք:
Կարոտը ցույց էր տալիս ժողովրդի անցած ողբերգությունը իմաստավորելու ջանքը և բնականաբար այն հետահայաց էր, ռետրո: Կարոտի գրականությունը ռոմանտիկ էր, կառչած էր ազգային ոգուց, ինչը չէր կարող իրականության արտահայտիչը դառնալ:
Իսկ նահանջի գրականությանը բնորոշ էր օտար հորիզոններում մարդու նահանջելը ազգային ավանդներից, սրբություններից, բարոյական արժեքներից և լեզվից: Նահանջը մերժում էր անցյալի հիշատակների արծարծումը. անօգուտ է այն, ասում են գրողները և որդեգրում են Շահնուրյան Ես անցեալես բարձր կարգախոսը:
Դրականն այստեղ այն է, որ գրողները դիմում են իրենց ժամանակի խնդիրներին, իրապաշտությունը դառնում է ավելի տիրական: Երկրորդ գործոնն այն է, որ այն կտրում է հայ գրականությունը միակողմանի դարձնող եղեռնի թեմայից, ողբից, ավելի մոտեցնում գրողին գրականության արևմտյան արժեքներին, որով հայ գրականությունը ոչ միայն զորանում է, այլև ավելի մոտենում համաշխարհային ժամանակակից գրական ընթացքներն: