Բարև ձեզ
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը իրականցնում է «Բարձրունքների հաղթահարում» նախագիծը , որի շրջանակներում տարվա մեջ երկու անգամ՝ Սեպտեմբերի 21-ին և Մայիսի 28-ին կրթահամալիրի տարբեր տարիքի սովորողների խմբերը ուղևորվում են հանրապետության տարբեր ուղղություններով նվաճելու գագաթներ:
Այժմ մենք նախապատրաստական փուլում ենք և մասնագետի խորհրդի կարիք ունենք: Ցանկանում եմ մի քանի հարց ուղղել ձեզ, ճիշտ ուղղություն և բարձունք ընտրելու համար, որպեսզի եղանակը տհաճ անակնկալներ չմատուցի:
1. Խնդրում եմ ասեք ինչպիսի՞ եղանակներ են սպասվում առաջիկա օրերին, և ըստ երկարաժամկետ կանխատեսումների մայիսի 28-ին ինչպիսի՞ եղանակային պայմաններ կլինեն:
Առաջիկա 5 օրերին հանրապետությունում հատկապես կեսօրից հետո և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, իսկ ինչ վերաբերվում է մայիսի 28-ին ապա առհասարակ այդ ժամանակահտվածում մթնոլորտը գտնվում է անկայուն շերտավորման վիճակում, որի արդյունքում դիտվում է ամպրոպային ակտիվ գործունեություն:
2. Ո՞ր գագաթները խորհուրդ կտայիք բարձրանալ, որոնք են առավել ապահով:
Օդերևութաբանական պայմաններից ելնելով տարվա այդ ժամանակահատվածում առավել նպատակահարմար է բարձրանալ մինչև 2500-2800մ բարձրություն ունեցող գագաթներ:
3. Ես զրուցում էի «Սևան» ազգային պարկի գլխավոր գիտաշխատողի հետ և առաջարկեցի պարկի տարածքում գտնվող Արտանիշ լեռը, ի՞ նչ կասեք հնարավոր է այն բարձրանալ այս եղանակային պայմաններում, թե ոչ:
Արտանիշը իրենից որևէ բարդություն չի ներկայացնում, բացառությամբ այն օրերին երբ նկատվում է ամպրոպային գործունեություն, ինչը խիստ վտանգավոր է շանթահարվելու տեսանկյունից:
4. Ուրծասար, Երանոսի լեռներ այս հատվածում արդյոք օձերի տարածման շրջան չէ են, ապահով են արդյոք բարձրանալու համար:
Թունավոր օձեր, հատկապես Գյուրզան հանդիպում են նշված լեռների հատկապես նախալեռնային գոտում, սկսած 2000մ-ից չեն նկատվում:
5. Եղանակային ո՞ ր ժամանակահատվածն է առավել հարմար լեռնագնացության, բարձունքներ հաղթահարելու համար:
Հուլիս-Օգոստոս ամիսները, իհարկե, եթե այդ օրը ամպրոպային երևույթներ չեն սպասվում:
6. Ես գիտեմ, որ դուք բազմիս բարձրացել եք Աժդահակ լեռը: Ե՞ րբ կկարողանանք մենք նույնպես զգալ այդ հրճվանքը:
Աժդահակը հիմնականում անցանելի է լինում հունիսի 20-ից հետո, իսկ մայիսի վերջին այստեղ դեռևս առկա է ձնածածկույթ, որը խիստ վտանգավոր է հատկապես այն առումով, որ բուքը ձյունը կուտակում է գոգավորությունների և չինգիլների հատվածներում, որոնք դառնում են անտեսանելի: Բացի այդ մայիսին Գեղամա լեռների մերձգագաթային մասում դեռևս բավականին ցուրտ է, օդի ջերմաստիճանը 0 - ից հազվադեպ է բարձր լինում, եղանակը անկայուն է և բնութագրվում է կտրուկ և տարերային փոփոխություններով, ուժեղ ամպրոպներ, տեղատարափ, կարկուտ, ձնամրրիկ և այլն:
Շնորհակալություն հարցերին համբերատար պատասխանելու համար:
Առցանց հարցազրույց ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Գագիկ Սուրենյանի հետ