Հնագույն ձեռագիր կենսագրականներում, բանաստեղծի ստեղծագործություններում, ինքնակենսագրական բնույթի հիշատակություններում Գրիգոր Նարեկացու կյանքի մասին ոչ շատ, բայց հավաստի տեղեկություններ են պահպանվել։ Հայտնի է, որ Գրիգոր Նարեկացին ծնվել է Վասպուրական նահանգի Ռշտունի գավառում, Վանա լճի հարավային ափերին գտնվող Նարեկ գյուղում՝ 951 թվականին։ Ապրել է 54 տարի: Մանուկ հասակից կապված է եղել Ռշտունյաց աշխարհի Նարեկ գյուղի վանքի հետ: Յուրացնելով դպրոցի մատենադարանի թարգմանական և ինքնուրույն ձեռագիր կրոնափիլիսոփայական գրականությունը՝ Գրիգոր Նարեկացին հետագայում դարձել է ուսման այդ կենտրոնի սյուներից մեկը։ Ուսումը ստանալուց հետո Գրիգորը վարդապետ է ձեռնադրվել նույն Նարեկա վանքում և ստացել է Նարեկացի անունը։ Իր հարուստ գիտելիքների և անբասիր վարքի շնորհիվ Նարեկացին մեծ համբավ է վաստակել։ Նրա մասին հյուսվել են զանազան ավանդություններ, որոնց մի մասը բանավոր կամ գրական մշակմամբ մեզ է հասել։
Գրիգոր Նարեկացին վախճանվել է 1003 թվականին և թաղվել է Նարեկա վանքում։ Նրա գերեզմանը ուխտատեղի է եղել շրջակա հայ բնակչության համար։ Նարեկավանքը հիմնովին ավերվել է 1915 թվականին:
Նարեկացու անվան հետ են կապված տեղանուններ
Նարեկացու քարերը՝ Վասպուրականի նահանգի Նարեկ, Հարզից գյուղերում ու Նարեկավանքի մոտակայքում
Նարեկացու աղոթատեղին՝ Նարեկ գյուղում
Նարեկացու գիհի ծառը՝ Զևե գյուղում
Նարեկացու տունը՝ Եվդոկիայում (քաղաք Փոքր Հայքում, այժմ՝ Թուրքիայում)
Տեղեկությունները՝ Հայկական սովետական հանրագիտարանից, Հայկական հանրագիտարանից
Միսաք Մեծարենց, «Նարեկացիին հետ»
Գրիգոր Նարեկացի – Մեր մեծերը – ԱՐ
Սուրբ Գրիգոր Նարեկացուն նվիրված կայք
Լուսանկարում՝ Նարեկավանքն է
Հ.Գ. Հա, վերջերս ֆիլմ է նկարահանվել Նարեկացու մասին: Խոսքը «Հովիվը» գեղարվեստական կինոնկարի մասին է: Ի՞նչ ասեմ, եթե ուզում եք, նայեք: Ինձ որ դուր չի եկել: Ֆիլմի մասին քննարկում սկսելու դեպքում՝ պատրաստ եմ հիմնավորել կարծիքս:
Հաջորդիվ. «Նարեկը՝ հայկական աստվածաշունչ» շարքի ամփոփում