«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մայր դպրոցի մարմարյա սրահում մեկնարկեց «Փորձարարական մանկավարժության ծրագրերի իրականացում հանրակրթությունում» 2013թ. ծրագրով նախատեսված հեղինակային կրթական ծրագրերի աշնանային ստեղծագործական ամենամյա 8-րդ հավաքը` ՀՀ ԿԳՆ պատվերով:
Ծրագրով նախատեսված ընդհանուր պարապմունքը վարում էին ավագ դպրոցի աշակերտներ Նելլի Հարությունյանն ու Աստղիկ Գալշոյանը` կրթահամալիրի միջազգային կապերի հաստատման ծրագրի պատասխանատու, հասարակագետ Արտակ Զարգարյանի ղեկավարությամբ:
Ընդհանուր պարապմունքը սկսվեց կրթահամալիրի հիմնով-«Անդաստան»: Այնուհետեւ սովորողներն ու ուսուցիչները հնչեցրին Ռաբինդրանաթ Թագորի աղոթքը: Կրթահամալիրի աշնանային հավաքի մեկնարկը համընկել էր Կոմիտաս վարդապետի ծննդյան օրվան: Կրթահամալիրում հայտարարված է կոմիտասյան օրեր եւ իրականացվում է կրթական նախագիծ: Հնչեց Կոմիտասի «Հով արեք, սարերը»:
Տնօրեն Աշոտ Բլեյանը կրթահամալիրի կայքի ուշագրավ հրապարակումները ներկայացնելու փուլում նշեց «Լուսաստղ» պարբերականի հրապարակումները, որոնցում սովորողները անդրադառնում են իրենց հուզող ու հետաքրքրող թեմաներին, իրենց նախընտրած մասնագիտական ասպարեզներում կատարում առաջին քայլերը` գրում են: Բլեյանը ներկայացրեց նաեւ իր բացահայտումը` պատանի Վազգեն Մանուկյանին, որն էլ իր հերթին ներկայացրեց կիթառի իր կատարումը:
Ընդհանուր պարապմունքն ավարտվեց Արեւմուտքի եւ արեւելքի միության գաղտնիքի բացահայտմամբ (որը նույնպես կրթական նախագիծ է) ու սա աշնանային հավաքի սկիզբն էր: