• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Միլիտարիստական Ռուսաստանին չի կարելի անլուրջ մոտենալ»

- Պարոն Բլեյան, «Ժամանակն է սովորել Ռուսաստանում» խորագրով անցկացված օլիմպիադայի հաղթողները կմեկնեն ՌԴ՝ սովորելու որևէ բուհում, ապա այդ երկրում քաղաքացիություն ստանալու: Որպես կրթահամալիրի ղեկավար՝ ի՞նչ խնդիրներ եք տեսնում:

- Ապրում ենք Ռուսաստանում, չէ՞։ Հարյուր հազարավոր հայաստանցիներ, նրանց թիվը շարունակ ավելանում է, ռուսաստանցի են։ Մաքսային միությամբ ամբողջ Հայաստանով կհայտնվենք մեծ Ռուսաստանում։ Այս օլիմպիադայով, թե ԿԳՆ-ի և «Ռոսսոտրուդնիչեստվոյի»՝ շաբաթներ առաջ հրապարակայնորեն անցկացրած քննություններով 208 հայաստանցիներ միջպետական պայմանագրով անվճար տարկետման իրավունքով կսովորեն ռուսաստանյան բուհերում։ Ռուսաստանում ապրելու մեր ժամանա՞կն էր։ Ինչ ենք կորցրել՝ ինչ ենք ման գալիս։

- Պարոն Բլեյան, ո՞րն է այստեղ Ռուսաստանի շահը, եթե այն անվճար կրթություն է կազմակերպում հայ պատանիների համար:

- Ռուսաստանյան բուհերից ոչ մեկը աշխարհի 100 առաջնակարգ բուհերի ցանկում չէ։ Նրանցից յուրաքանչյուրը սովորողի խնդիր ունի՝ ինչպես հայաստանյան բուհերը, իսկ Ռուսաստանը աշխատուժի մեծացող կարիք ունի, այդ թվում՝ որակյալ, բարձրագույն մասնագիտական կրթությամբ։ Բանաստեղծաբար հնչում է` «Россию умом не понять»։ Այսօրվա Ռուսաստանը հենց խելքով հասկանալու համար է։ Անծայրածիր տարածքներ, բնակչության անկում, հատկապես էթնիկ ռուսի (ծնելիության նվազման պատճառով), կայսերապաշտությունից չհրաժարվելու ցանկություն, ավելին՝ կայսերապաշտության նոր դոկտրինն է թելադրում պուտինյան Ռուսաստանի բոլոր գործողությունները՝ երկրի ռազմականացում, վերպետական քաղաքական-ռազմական միավորումների պարտադրում, ներգաղթի կազմակերպում՝ նաև քաղաքացիության շնորհման հեշտացմամբ…

- Ձեր կրթահամալիրը արդյոք մասնակցե՞լ է այս օլիմպիադային, եթե ոչ՝ նշանակո՞ւմ է, որ դե՞մ եք նմանատիպ միջոցառումներին:

- Սովորողի անհատական գործը պիտի լիներ օլիմպիադային մասնակցելը։ Մեր դեպքում այդպես է։ Կա «Լույս» հիմնադրամը, որ զբաղվում է արտասահմանյան 10 հայտնի բուհերում հայաստանցիների ընդունելությամբ։ Պետական բյուջեից հատկացումներ են արվում այն սովորողներին, որոնք հիմնադրամի հրապարակած կարգով ընտրվում են սովորելու։ Ռուսաստանյան բուհերի ընդունելությունը կազմակերպելու մեջ ինչպե՞ս հասկանանք Հայաստանի ԿԳՆ մասնակցությունը, այդ թվում՝ օլիմպիադայի միջոցով. պետական քաղաքականությո՞ւն է, թե՞ արդեն գործում ենք միասնական պետության կազմում։ Ստացվում են բուհերի ընդունելության երկու պետական քննություններ՝ մեկը՝ հայաստանյան բուհերի համար, մեկը՝ ռուսաստանյան։ Ո՞րը կլինի հաջորդ քայլը՝ ընդունելության քննությունները և առարկայական օլիմպիադաները միավորե՞լը։

- Ստացվում է, որ «Հայրենակիցներ» ծրագիրն իրագործելուց հետո ՌԴ-ն շեշտը դնում է ինտելեկտուա՞լ հատվածի վրա:

- Միլիտարիստական Ռուսաստանին չի կարելի անլուրջ մոտենալ։ Ելցինյան դեմոկրատների վայրիվերումների շրջանը hետևում է մնացել։ Վաղուց գործ ունենք նեոմիլիտարիստական կամ պուտինյան Ռուսաստանի հետ։ Ինչ կարող է դա անել՝ տեսանք 2008-ին Վրաստանում, տեսնում ենք Ուկրաինայում։ Արևմուտքը՝ իր ԱՄՆ և Եվրամիության թևերով, նոր-նոր է ձևակերպում իր հարաբերությունները այս Ռուսաստանի հետ։ Հայաստանի դեպքում վիճակը այլ է՝ մենք մեր մոր փորում ենք, ցավոք։ Ես՝ իմ ընկերների հետ, եղել և մնում եմ այլ Հայաստանի քաղաքացին ու նվիրյալը՝ անկախ, ազատ, ստեղծագործ և հաշտ՝ իր բոլոր հարևանների հետ։

Աղբյուրը՝ 1in.am