2009-2012թթ զարգացման ծրագրի առաքելությունը
2004թ. «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային ծրագրով սկսված հանրակրթության փոփոխություններին, ՀՀ պետական նոր կրթակարգի իրականացմանը համահունչ` մենք նախաձեռնեցինք հեղինակային (պետական այլընտրանքային) մանկավարժության ծրագրերի և կրթահամալիրի՝ ԿԳ նախարարության փորձարարական-հետազոտական միավորման նորացման գործը երկու փուլով (յուրաքանչյուր փուլը՝ որպես զարգացման ծրագիր)։ 1-ին փուլի (կրթահամալիրի 2004-2008թթ զարգացման ծրագիր. հավելված 1) գլխավոր խնդիրը նոր ներդրումային միջավայրի ստեղծումը, ՀՀ աշխատանքային նոր օրենսգրքի (ուժի մեջ է 2005թ. հունիսից) և ՀՀ հանրակրթության նոր կրթակարգի (2004թ. մայիս) ընդհանրական պահանջներին համապատասխան ուսումնառության գործի նոր կազմակերպում էր, որտեղ՝
ա) կրթության գործի երկու գլխավոր մասնակիցները՝ ուսուցիչն ու սովորողը, ձեռք կբերեին հետազոտողի և անընդհատ սովորողի նոր հմտություններ, գործնականում կտիրապետեին տեղեկատվական տեխնոլոգիաներին, թվային տեխնիկական միջոցներին, կգործածեին իրենց իմացած լեզուները որպես ինքնակրթության և ինքնարտահայտման (գրավոր և բանավոր) միջոցներ.
բ) կրթահամալիրը կդառնար գրավիչ ներդրումային միջավայր և՛ ԿԳ նախարարության, և՛ համայնքների, և՛ սովորողների ծնողների, կրթության զարգացմամբ հետաքրքրված ոչ կառավարական կազմակերպությունների համար.
գ) կրթահամալիրը՝ որպես համակարգ, իր նյութական, տեխնիկական ու մանկավարժական արդյունավետ կազմակերպմամբ կխթաներ հմուտ ուսուցչին և ուսումնատենչ սովորողին համատեղ նախաձեռնելու և իրականացնելու ամենաբարդ ու տարբեր նախագծեր.
դ) ուսումնական պլանի երեք բաղկացուցիչների խելամիտ համադրումը հնարավորություն կտար սովորողին բացահայտելու իր նախասիրությունները, կազմելու սեփական կրթական հետագիծը և այն արդյունավետ իրագործել.
ե) կստեղծվեին նյութական և սոցիալ-հոգեբական այնպիսի պայմաններ, որոնք սովորողին և ուսուցչին հնարավորություն կտային ինքնարտահայտվելու, անհատապես կամ խմբով իրականացնելու սեփական մտահղացումներն ու նախաձեռնությունները, անընդհատ սովորելու և աշխատելու պահանջմունք կձևավորեին։
Ներդրումներ հեղինակային մանկավարժության մեջ
|
2006
|
2007
|
2008
|
պետական աջակցություն
|
53664,7
|
63083,2
|
76456,1
|
սովորողի ծնողի անհատական պատվերը
|
39940,0
|
60000,0
|
76080,4
|
դրամաշնորհներ, մրցանակներ
|
1616,0
|
1460,0
|
4451,0
|
դպրոց-կենտրոն
|
6270,0
|
8217,0
|
4287,0
|
նպատակային այլ հատկացումներ
|
500,0
|
18543,0
|
2000,0
|
այլ ծառայություններ
|
644,0
|
1889,0
|
2937,0
|
Աղյուսակը և կրթահամալիրի ներկա վիճակը (2004-2008թթ իրականացված ծրագրային աշխատանքների հաշվետվություններ. հավելված 2, 3, 4, 5) վկայում են, որ 1-ին փուլի խնդիրները լուծված են։
Ելնելով իրավիճակից (զարգացման ծրագրի առաջին փուլի արդյունքները) և նկատի ունենալով նաև 2007թ. ընդունված ՄԱԿ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման ռազմավարությունը» (ԿԿԶ) և ՀՀ կառավարության 2009թ. ծրագիրը, կառավարության «Կայուն զարգացման ծրագիրը»՝ Զարգացման ծրագրի 2-րդ փուլի (2009-2012թթ) նպատակն է կրթահամալիրում պետական աջակցությամբ իրականացվող մանկավարժության ծրագրերը հայաստանյան հասարակության համար դարձնել նույնքան իրական, որքան պետական կրթական ծրագրերն են, որպեսզի կրթության շահառուն կարողանա ազատ ընտրել առաջարկվող ծրագրերից (պետական այլընտրանքային)՝ իրականացնելով կրթության ընտրության իր իրավունքը։ Ծրագրի 2-րդ փուլի մշակմանը մասնակցել են բոլորը. բոլոր մշակումները քննարկվել են ուսուցողական ծրագրերում և ուսումնական կենտրոններում, տնօրենի կողմից ներկայացվել են կրթահամալիրի խորհրդին, աշխատողների ժողովում, կրթահամալիրի խորհուրդը հաստատել է ծրագրի նախագիծը, որը հրապարակվել է կայքում, և բոլոր դասավանդողները, սովորողները, ծնողները հնարավորություն են ունեցել դիտողություններ և առաջարկություններ անելու, մասնակցելու քննարկումներին։ «Քննադատական մտածողություն տվյալ համատեքստում նշանակում է, որ ԿԿԶ-ն պետք է լինի գաղափարապես կայացած և հասարակայնորեն քննադատելի, այսինքն, սրանով ճանաչվում է, որ կրթական արժեքները քաղաքականապես չեզոք չեն: Ընդհանուր առմամբ, քննադատական մտածողությունը կարելի է սահմանել որպես միջոց, որոնցով անհատները գիտակցաբար հարմարեցնում են տեղեկատվությունն իրենց սեփական ընկալմանը` իրենց արժեքների, հետաքրքրությունների և գիտելիքների շրջանակներում» (ՄԱԿ-ի «Հանուն կայուն զարգացման կրթության ուղիները» ծրագիր):
Այսպիսով՝ 2009-2012թթ զարգացման ծրագրի խնդիրներն են.
ա) կրթական ամբողջական համակարգի՝ կրթահամալիրի ստեղծած կրթակարգի (ուսումնական ծրագրեր, ուսումնական նյութեր և միջոցներ, ուսումնական աշխատանքի կազմակերպում) ձևակերպում՝ ուսուցչի, սովորողի և ծնողի, կրթահամալիրի գործընկեր հասարակական ինստիտուտների և անհատների համատեղ աշխատանքով, կրթության և գիտության նախարարության, նրա առանձնացված ստորաբաժանումների (ԿԱԻ, կրթության պետական տեսչություն, ԿՏԱԿ, ԿԾԿ) գործուն աջակցությամբ.
բ) պարազիտիկ՝ ոչ ստեղծական, ոչ արտադրական (արտադրողական) ուսումնական աշխատանքից վերջնական և ամբողջական ձերբազատում. զարգացման ծրագրի ողջ ժամանակահատվածում կրթահամալիրի յուրաքանչյուր ուսուցչի (մասնագետի), սովորողի, կրթահամալիրի յուրաքանչյուր օղակի (ուսուցողական ծրագիր, ուսումնական կենտրոն, արհեստանոց, խումբ, ծառայություն, պարտադիր, սովորողի ընտրությամբ, լրացուցիչ դասընթաց) կողմից կրթական ամեն մի նախաձեռնության, ուսումնական ամբողջ աշխատանքի իրագործում հասարակական-անհատական կոնկրետ պահանջարկ ունեցող ծառայությունների և (կամ) ապրանքների տեսքով.
գ) հավաստի և օպերատիվ, յուրաքանչյուրին տեսանելի ներկայացնելով ուսումնառության արդյունքում և դրա միջոցով ստեղծվող ապրանքների ու ծառայությունների քանակը, ծավալն ու տեսականին՝ կրթական գործունեության գնահատման նոր համակարգի ձևավորում. հասարակական կյանքին լիարժեք ներառված սովորող (այդ թվում հատուկ պայմանների կարիքով և արտակարգ ունակություններ դրսևորած) ու մասնագետ քաղաքացիների պատրաստում.
դ) խնայող տնտեսություն-կրթահամալիրի հաստատում. կրթահամալիրի ծախսերը մինչև վերջ թափանցիկ ու վերահսկելի դարձնելու, նախահաշիվների կազմմանը, ծախսերի կատարմանը և դրանց նկատմամբ պատասխանատվությանը բոլորին մասնակից դարձնելու միջոցով տնտեսական գործունեության նկատմամբ կրթահամալիրի յուրաքանչյուր անդամի՝ տնտեսվար ուսուցչի, տնտեսվար սովորողի շահագրգիռ-նպատակային, խնայող (հաշվող, չափող, վերահսկող) վերաբերմունքի ձևավորում.
ե) միջազգային գործուն կապերի հաստատում հաստատության, ծրագրերի, ուսումնական կենտրոնների, ուսուցիչների, սովորողների խմբերի մակարդակով։
Զարգացմանծրագրի 1-ին փուլի (2004-2008 թթ) արդյունքներ: Իրավիճակը
2004-2008թթ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի զարգացման ծրագիրը կանխորոշեց կրթահամալիրի դինամիկ և ծրագրված առաջընթացը: Այդ ծրագրի իրագործման արդյունքում ունենք նախադպրոցականի զարգացման, հանրակրթական, նախնական մասնագիտական, միջին մասնագիտական և այլ կրթական ծրագրերի, ուսուցիչ-դաստիարակների մասնագիտական զարգացման ծրագրերի, մանկավարժական, հետազոտական և մեթոդական աշխատանքների մշակման ու փորձարկման (իրագործման) արդյունավետ համակարգ: Համակարգում իրականացվող ծրագրերի հեղինակները կրթահամալիրի ուսուցիչներն ու սովորողներն են, ովքեր հաջողությամբ ձեռք են բերում հետազոտական աշխատանքի համար անհրաժեշտ հմտություններ: Գործատու կրթահամալիր-ՊՈԱԿ-ի` խնամքով մշակած և ընդունած ներքին կարգապահական կանոնները, յուրաքանչյուր աշխատողի հետ աշխատանքային օրենսգրքի և ներքին կարգապահական կանոններին համապատասխան կնքած աշխատանքային պայմանագրերը (հավելված 29), յուրաքանչյուր սովորողի (ծնողի) հետ կնքած ուսումնառության պայմանագրերը (հավելված 12), դասավանդողների աշխատաժամանակի կառուցվածքը (հավելված 15) և աշխատանքային անհատական ռեժիմները (հավելված 30), սրանցով որոշված պարտավորվածությունների հետևողական իրականացումը ուսումնական գործի տեխնիկական, մանկավարժական ու ֆինանսական (2009թ. ծախսային ծրագրերի ֆինանսական ամփոփ նախահաշիվ. հավելված 8) նոր կազմակերպում են ապահովել: Ինտերնետը դարձել է ավելի որակյալ ու, ինչպես և համակարգիչը, մատչելի յուրաքանչյուր սովորողին և ուսուցչին, ովքեր իրենց աշխատանքում գործածում են համակարգչային նորանոր ծրագրեր: Թվային տեխնիկական միջոցները կրթահամալիրում թե տանը գործածվում են որպես կրթության արդյունավետ գործիքներ: Սրա պսակը ՏՀՏ տասնմեկ նոր մոդել կաբինետներն են, որոնք ուսուցման նոր կազմակերպում են առաջարկում: Սովորողն ու ուսուցիչը մշտական համագործակցության մեջ են, և սովորողի և սովորեցնողի տեղերը մշտապես փոխվում են: Կրթահամալիրի տնօրինության աջակցության և ուշադրության շնորհիվ այսօր ունենք անհատական համակարգչով և ինտերնետային կապով ապահովված ուսուցիչներ (գրեթե բոլորը) և սովորողներ (մեծ մասը): Հեռավար ուսուցումը` որպես մեթոդ, սկսել են կիրառել ավելի մեծ թվով ուսուցիչներ: Կրթահամալիրի էլեկտրոնային կայքը դարձել է ավելի կարդացվող ու գրավիչ, քանի որ առավել մեծ թվով սովորողներ և ուսուցիչներ են մասնակցում կայքի ստեղծմանը: Սովորողների տասնյակի չափ էլեկտրոնային թերթերը, «Դպիր» և «Նախակրթարան» մանկավարժական ամսագրերը մեծ թվով հետազոտական և թարգմանական աշխատանքների պատվիրատու դարձան: 2008թ. հեղինակային մանկավարժության հրատարակչատունը` որպես կառուցվածքային նոր ստորաբաժանում, սկսեց գործել` հրատարակելով կրթահամալիրում իրականացվող հեղինակային մանկավարժության արդյունքները, որոնք հրապարակվել են որպես 2007 և 2008 թթ ժողովածուներ: Հրապարակվել է նաև «Կրթահամալիրը 2008-2009 ուստարում» գրքույկը: Կրթահամալիրում իրականացվող ամեն մի ծրագիր յուրաքանչյուր ուսումնական տարվա համար ներկայացրել է ամբողջական էլեկտրոնային հաշվետվություն: Կրթահամալիրի տնօրենի աշխատակազմում ստեղծված վիճակագրական-վերլուծական խումբը մատչելի է դարձրել կրթահամալիրի գործունեությանը վերաբերող անհրաժեշտ տվյալները: Կրթահամալիրի վարչական խորհրդի ամենշաբաթյա նիստերը, ինչպես կրթահամալիրի խորհրդի նիստերը և աշխատողների ամենամսյա հավաքները, եղել են բաց` նախօրոք հայտնի օրակարգով: 2004-2008 թթ բոլոր կարգերը, հրահանգները, պարզաբանումները և տնօրենի հրամանները տեղադրվել են կրթահամալիրի կայքում: Ուսուցիչների մասնագիտական զարգացման համակարգը ոչ միայն ներառել է կրթահամալիրի բոլոր աշխատողներին, այլև սկսել է դառնալ ավելի ճկուն, ավելի հարմար` ծառայելով բազմազբաղ ու հետազոտող ուսուցչին:
Կրթահամալիրը հաջողությամբ գործել է որպես դպրոց-կենտրոն և ԿԳ նախարարության կրթական ծրագրերի կենտրոնի հետ կնքած պայմանագրով հաջողությամբ իրականացրել Մալաթիա-Սեբաստիա համայնքի ուսուցիչների վերապատրաստումները: Կրթահամալիրի մոտ 2 տասնյակ դասավանդողներ մասնակցել են «Կրթության որակ և համապատասխանություն» ծրագրով առարկայական չափորոշիչների և ծրագրերի ստեղծման, դասավանդողների վերապատրաստման մոդուլների մշակման և որպես վերապատրաստող՝ վերապատրաստումների իրականացման աշխատանքներին։ Պետական աջակցությամբ կրթահամալիրում իրականացվող «Հանրակրթական դպրոցում նախապատրաստական ուսուցում» ծրագրի շրջանակում, մշակվել, փորձարկվել, հրապարակվել են նախակրթարանի ծրագիրը, 2-6 տարեկանի խաղադարանը, երգարանը, նախադպրոցական հաստատությունների աշխատողների վերապատրաստման մոդուլները: Ծրագրով հաջողությամբ վերապատրաստվել են հանրապետության մարզերի և Երևան քաղաքի 600-ի չափ դաստիարակներ, երաժշտության մասնագետներ, վարիչներ և այլ մանկավարժական աշխատողներ: Բոլոր տարիքի սովորողների ամառային և ձմեռային ուսումնահետազոտական ճամբարները, դրանց հաջորդող՝ սովորողների ուսումնական նախասիրությունների ստուգատեսները, դարձել են կրթահամալիրի բնական առօրյան: Հետազոտող սովորողը և ուսուցիչը հետազոտական աշխատանքի նոր կազմակերպման մակարդակով պահանջում են զարգացման որակապես նոր ծրագիր: Ուսումնառության անհատական պայմանագրերով (հավելված 12) որոշված իրավունքների և պարտականությունների հարգումը հնարավորություն տվեց բարելավելու ուսումնառության պայմանները: Կրթահամալիրը` որպես կրթական համայնք, դարձավ ավելի բաց, սովորողների և ուսուցիչների ինքնուրույնության, ինքնահսկման և ինքնակազմակերպման որակների դրսևորման հաստատություն: Կրթական գործի կազմակերպումը ծնողներին դարձավ ավելի հասկանալի և վերահսկելի: Կրթահամալիրի նախակրթարանների, օտար լեզվի և համակարգչային ծրագրերի խորացված ուսուցման դպրոցին նախապատրաստական դասարանների, ուսումնական գործունեության արդյունքում բազային հմտությունների և նախասիրությունների զարգացման 1-6-րդ դասարանների, միջին և ավագ դասարաններում նախամասնագիտական և մասնագիտական ուսուցման նկատմամբ հասարակական վստահության աճն ավելի կարևորեց քաղաքի տարբեր մասերից սովորողների և սաների անվտանգ տեղափոխման և երկարօրյա ուսուցման հարցերը:
Սովորողն ու նրա ծնողն ավելի ու ավելի լիարժեք են հանդես գալիս որպես պատվիրատու` մասնակցելով կրթական անհատական պատվերի ձևավորմանը և իրագործմանը:
Կրթահամալիրում իրականացվող մանկավարժությունը պարբերաբար (այդ թվում՝ ամենամյա մայիսյան և հոկտեմբերյան հավաքների ժամանակ) իր արդյունքներով, խնդիրներով, ծրագրերով ներկայացվել է պատվիրատուին և հասարակությանը: Սովորողների նախասիրությունների զարգացման հանրապետական ստուգատեսները և ամառային, ձմեռային բաց ուսումնահետազոտական ճամբարները հնարավորություն են տվել հանրապետության սովորողներին, նրանց ուսուցիչներին և ծնողներին ճանաչելու կրթահամալիրը և հասկանալու նրա մանկավարժությունը:
Հետազոտող ուսուցչի աշխատանքի նոր կազմակերպումը (երեսունվեցժամյա աշխատանքային շաբաթ, աշխատաժամանակի ռեժիմներ և անհատական պլաններ, ամենամսյա հաշվետվություններ), աշխատանքի վարձատրության բոլոր ձևերի (հիմնակական աշխատավարձ, հավելավճար, լրավճար, պարգևավճար) և աշխատանքային պայմանագրերի ոչ ձևական կիրառումը, ներքին կարգապահական կանոններով որոշված՝ ուսուցչի աշխատանքային պայմանների բարելավումը (շաբաթվա բոլոր օրերին օրական 10 ժամ գործող ժամանակակից գրադարան և մասնագիտական զարգացման կենտրոն, ինտերնետին միացած համակարգչով ուսուցչի աշխատանքային սենյակներ, որակյալ և մատչելի սնունդ) ապահովեցին ավելի մեծ թվով աշխատողների մասնագիտական տաղանդի դրսևորումը և նյութական վիճակի բարելավումը, ավելի խելամիտ` հասցեագրված ու խնայող դարձրին դրամի, ժամանակի ու մարդկային ռեսուրսների ծախսումը: Կրթահամալիրի բոլոր դասավանդողներն ընդգրկվեցին մասնագիտական զարգացման, հետազոտական աշխատանքի խմբերում: Մասնագիտական զարգացման կենտրոնում տարին երկու անգամ՝ հունվարին և հունիսին գործում են ուսուցչի դպրոցները, որոնք շաբաթական դասացուցակով շարունակվում են ուսումնական գործունեությանը զուգահեռ: Նոր ուսուցիչներով համալրումը կատարվել է բացառապես մրցութային կարգով: Ուսուցչի ընտրության մեր փորձը մրցույթից մրցույթ մշակվել է, դարձել է ավելի վստահելի։ Մրցույթի կազմակերպումը, բոլոր փուլերի թափանցիկությունն ու արդարացիությունը ոչ միայն հասարակայնորեն արժևորեցին մրցույթների դերը, այլև հնարավորություն տվեցին բարելավելու կրթահամալիրի աշխատողների մասնագիտական որակը: Կրթահամալիրն իր ոչ բյուջետային միջոցներից ձևավորել է աշխատողների պարգևատրման ֆոնդ, ինչը հնարավորություն է տալիս սահմանելու մրցանակային անվանակարգեր, մրցանակներ շնորհել հաղթող ուսուցիչներին և սովորողներին, պարգևատրել աշխատողներին, հատկացնել կրթաթոշակ սովորողներին (հավելված 2)։
Սովորողների ուսումնառության երեք բաղկացուցիչների (ընդհանուր պարտադիր ուսուցում, սովորողի ընտրությամբ գործունեություն և լրացուցիչ ուսուցում) հեղինակային մանկավարժության ծրագրերի իրագործման արդյունքում անհամատեղելիության վիճակը փոխարինվեց շարունակական կրթության սկզբունքով: Առաջինից չորրորդ դասարաններում «Իմացումի հրճվանք» ծրագրի, բնագիտական և տեխնիկական կրթության, մարմնակրթության (մարմնամարզություն, լող, ֆիզիոթերապիա), երաժշտական կրթության և մեդիակրթության ներմուծումը որպես հեղինակային մանկավարժության հանրակրթական ծրագրերի բաղկացուցիչներ, մեծացրին սովորողների ինքնարտահայտման, ինքնադրսևորման հնարավորությունները: Շնորհիվ նպատակային և արդյունավետ ներդրումների, ուսուցողական միջավայրը դարձավ ավելի անվտանգ, հարմար, հիգիենիկ, հետաքրքիր, գեղագիտական: Կրթական օբյեկտների լոկալ ջեռուցման նոր համակարգերի գործարկումն անընդհատ դարձրին ուսումնառությունը: Որակյալ սննդի ապահովումը հնարավորություն տվեց ընդարձակելու «Երկարացված օրով ուսուցում» ծրագիրը (հավելված 25), որով սովորողների և ուսուցիչների սնունդը դիտվում է որպես որակյալ կրթության բաղկացուցիչ: Ուսումնական ճամփորդությունների աշխարհագրությունն ընդգրկում է հանրապետության ողջ տարածքը և իրականացվում ուսումնական տարվա բոլոր օրերին` ավելի արդյունավետ դարձնելով առարկայական ծրագրերի ուսուցումը, հմտությունների և կարողությունների զարգացման քաղաքացիական կրթությունը: Բոլոր տարիքի սովորողները, որպես քաղաքացիական կրթության միջոց՝ մասնակցում են ուսումնական-հասարակական նախագծերի։ 1-ին դասարանից սկսած՝ մարմնամարզությունը դարձել է հանրակրթության բաղկացուցիչ. «Իմացումի հրճվանք» ծրագրի շրջանակում սովորողները ամեն օր զբաղվում են մարմնամարզությամբ, իսկ 2-րդ դասարանից սկսած՝ դա ընտրում են նաև որպես գործունեություն։ «Ամառային պարտեզ» ծրագրի շրջանակում կրտսեր տարիքի դպրոցականները և նախակրթարանի սաները օգտվում են դպրոց-պարտեզների բաց լողափերից, իսկ փակ լողավազանի գործարկումը հնարավորություն կտա լողուսուցումը նույնպես ընդգրկելու ծրագրում՝ որպես սովորողների պարտադիր գործունեության բաղկացուցիչ։ 5-րդ դասարանից սկսած՝ ֆիզկուլտուրան որպես ընտրած մարզաձև կազմակերպելու արդյունքում սովորողները սիրով են հաճախում պարապմունքներին։ 2008թ. կրթահամալիրի մարզական հավաքականը դարձավ քաղաքային մարզական խաղերի հաղթող առանց լրացուցիչ ջանքերի։ Սովորողների համար կրթահամալիրը՝ գրադարան, ՏՀՏ լաբորատորիաներ, արհեստանոցներ, մարզադահլիճներ, բաց է ամբողջ օրը՝ առավոտից երեկո (գրադարանի ընթերցարանում նրանք կարող են աշխատել նաև կիրակի օրը)։ Կրտսեր դպրոցականների համար 1-6-րդ դասարանում գործում է երկարացված օրվա ծրագիրը, որի շրջանակում ծնողի ընտրությամբ կազմակերպվում է նաև սովորողի լրացուցիչ կրթությունը, գործում են սովորողների հայրենագիտական, լրագրողական, թատերական, մարզական ակումբները։ Զարգացման ծրագրի 1-ին փուլի արդյունքում ունենք միաժամանակ աշխատանքի եկող և միասին աշխատող սովորող և ուսուցիչ, ովքեր ավելի ակտիվ և հմուտ փոխում են ուսուցման բովանդակությունը և կազմակերպումը, միմյանց և հասարակության առաջ պատասխանատու լինելով տված և ստացած կրթության համար: Ունենք սովորող դպրոց` իր անընդհատ սովորող ուսուցիչներով և սովորողներով, ովքեր հետևողականորեն ծրագրի իրագործման հեղինակներ են դարձնում նաև սովորողների ծնողներին: Բավականին աշխատանք է արվել ուսումնական գործունեության ցուցանիշների ձևակերպման, սովորողի ուսումնական աշխատանքի արդյունքների գրանցման, գնահատման, առումով: Կրտսեր դպրոցում մշակվել և ներդրվել է սովորողի զարգացման բնութագիրը, որը լրացվում է դասվարի և ծնողի կողմից: Սա ոչ միայն սովորողի հետ տարվող աշխատանքի բովանդակության և ծավալի ճշգրտման հիմք է, այլև սովորող-ծնող-ուսուցիչ արդյունավետ համագործակցություն և ինքնաճանաչողության ապահովում: Միջին և ավագ դպրոցում մշակվում են ստուգման և արդյունքների գրանցման ձևեր, որտեղ ոչ միայն սովորողի յուրացրած գիտելիքների քանակն է կարևորվում, այլ նաև կարողությունները, գործնական հմտությունները, արժեքային համակարգը: Արդեն երկու տարի է, կրթահամալիրի սովորողները, 5-րդ դասարանից սկսած, լրացնում են ուսումնական պլանով նախատեսված ամսական հաշվետվություն, որտեղ հատուկ նշում են ուսումնական աշխատանքում օտար լեզուների և համակարգչային ծրագրերի, համացանցի գործածության, բնագիտական փորձերի մասին: Ուսումնական աշխատանքի արդյունքներն ամփոփելիս գրանցվում են նաև սովորողի ստեղծած ուսումնական նյութերը, նրա մասնակցած ուսումնական ճամփորդությունները, մասնակցությունը ուսումնահասարակական-քաղաքացիական նախագծերին, բույսերի և կենդանիների խնամքը: Սովորողների ակտիվ մասնակցությամբ լուծվում են գնահատման հարցում սովորողների իրավունքների և արժանապատվության պահպանման և միաժամանակ ծնողին սովորողի մասին օպերատիվ և հավաստի տեղեկատվության ապահովման խնդիրները: Կրթահամալիրում ծրագրված փոխվել է գրասենյակային աշխատանքը։ Կազմակերպական և տեղեկատվական որակյալ ծառայություն մատուցող մեր գրասենյակները նույնպես նորացվում և արդիականացվում են. այդտեղ համակարգիչների կիրառումով պահպանվում են ծրագրի սովորողների, ծրագրի ընթացքի և արդյունքների մասին բոլոր տեղեկությունները, տվյալների բազան օպերատիվ թարմացվում է, գրասենյակը սովորողի մասին ցանկացած պահի ցանկացած տեղեկատվություն կարող է տրամադրել ծնողին։ Կրթահամալիրի վիճակագրական-վերլուծական խումբը պարբերաբար ուսումնասիրում է ինչպես սովորողների վերաբերմունքը կրթական միջավայրի և դրա օգտագործման նկատմամբ, այնպես էլ ուսուցողական ծրագրի իրականացման արդյունքները։
Կրթության ծրագրային պետական ֆինանսավորումը արագացրեց կրթահամալիր- հաստատության արդյունավետ ու մատչելի համակարգի կայացումը, համակարգ, որը գրավիչ ներդրումային կրթական միջավայր է ապահովում ամենատարբեր կրթական ծրագրերի ու նախաձեռնությունների, մանկավարժական գիտափորձերի իրականացման համար: Ծրագրային ֆինանսավորման հնարավորությունների ու առավելությունների հետևողական կիրառման արդյունքում կրթության և գիտության նախարարությունը` որպես լիազոր պետական մարմին, ստացավ գործուն լծակներ մանկավարժական փորձարարության և այլընտրանքային ծրագրերի իրականացման, կրթական հաստատության մոդելի փորձարկման, փորձարարական-հետազոտական միավորման միջոցով այլընտրանքային մանկավարժության ամենատարբեր ձևերի ու ծրագրերի փնտրտուքի համար: Կրթահամալիրը ոչ թե ուղղահայաց, այլ զուգահեռ գործընկերային հարաբերություններ սկսեց հաստատել նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների (ԿԱԻ, կրթության պետական տեսչություն, ԿՏԱԿ, ԿԾԿ) հետ: Հանրակրթության աջակցության ծրագրերի շրջանակում 2005թ. սկսեց պետական աջակցություն ստանալ «Նախակրթարանների ուսումնադաստիարակչական ծրագրերի մշակում և փորձարկում» գիտափորձը («Հանրակրթական դպրոցում նախապատրաստական ուսուցում» բյուջետային ծրագիր), կրթահամալիրի 2004-2008թթ զարգացման ծրագրի պետական ֆինանսական աջակցություն են «Հեղինակային մանկավարժության ծրագրերի իրականացում», «Պատանի հետազոտողի հեռակա դպրոց» բյուջետային ծրագրերը, որոնք բազմապատկեցին կրթահամալիրում իրականացվող հեղինակային մանկավարժության շահառուների թիվը. հանրապետության մարզերի, Երևան քաղաքի սովորողները, նրանց ուսուցիչներն ու ծնողները սկսեցին մասնակցել կրթահամալիրում անցկացվող ստուգատեսներին, ուսումնահետազոտական ճամբարներին, հայրենագիտական արշավներին, սովորողների օժտվածության զարգացման հեռավար դպրոցի աշխատանքներին, վերապատրաստումներին, կրթահամալիրի փորձի յուրացմանն ուղղված համաժողովներին, հավաքներին, սեմինարներին ու մանկավարժական քննարկումներին: Հանրակրթական ծրագրով պետական ֆինանսավորման (այդ թվում՝ սովորողների թվով) և լրացուցիչ միջոցների ներգրավումը հնարավորություն տվեցին հեղինակային մանկավարժության ծրագրերի շրջանակում սկսել և իրականացնել միանգամից երեք մանկավարժական ամբողջական գիտափորձ՝ «Հանրակրթության և մասնագիտական ուսուցման ինտեգրում» (2005-2008թթ), «Արդյունավետ ուսուցում վարժարանի ավարտական դասարանում» (2005-2008թթ), «Իմացումի հրճվանքի դպրոց-պարտեզ» (2006-2009թթ): Այս գիտափորձերը ոչ միայն հասունացրել են դրա իրականացնողներին. դրանց արդյունքները կանխորոշել են Զարգացման ծրագրի 2-րդ փուլը։ Այս գիտափորձերի, պետական աջակցությամբ իրականացվող այլ ծրագրերի ամենամյա հաշվետվությունները սահմանված կարգով ներկայացվել են նախարարություն, նրանց արդյունքները հրապարակվել են կրթահամալիրի կազմակերպած ամենամյա հավաքներին (հեղինակային մանկավարժության հեղինակների մայիսյան հավաք, հեղինակային մանկավարժության հոկտեմբերյան բաց փորձաքննություն), «Դպիր» էլեկտրոնային ամսագրում և կրթահամալիրի կայքէջերում դրանք պատշաճ ներկայացվել են, մասնագիտական մամուլը և լսարանը անդրադարձել են դրանց, իսկ մայրաքաղաքի ուսուցիչներն ու հանրակրթական դպրոցների տնօրենները «Կրթության որակ և համապատասխանություն» ծրագրով կրթահամալիր-կենտրոնի քառամյա գործունեության ընթացքում ծանոթացել են: Կրթահամալիրը մասնակցել է միջազգային և հայաստանյան ոչ կառավարական ծրագրերի և դրամաշնորհների (ՄԱԿ, «Ջինիշյան հիշատակի հիմնադրամ», «Հայաստանի զարգացման ծառայություններ», Սոցիալական ներդրումների հիմնադրամ, «World Vision Հայաստան», «Հույսի կամուրջ» և այլ), այդ կազմակերպությունների հետ մշակել և իրականացրել համատեղ ծրագրեր։ Կրթահամալիրի տնօրենը, փոխտնօրենը, լիազորված այլ աշխատողներ նպատակային ընդգրկվել են ԿԳՆ ռազմավարական ծրագրերի, ՄԱԿ-ի և այլ, կառավարության աջակցությամբ իրականացվող միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների կրթական հանձնաժողովներում, ներկայացրել են կրթահամալիրի փորձը, հիմնավորել այդ փորձի արդյունք մեր առաջարկները: Կրթահամալիրի դասավանդողները մասնակցել են միջազգային գիտաժողովների, ցուցահանդեսների, վերապատրաստումների, որոնց արդյունքում բարձրացել է նրանց մասնագիտական որակը, կրթահամալիրը նրանց միջոցով հաղորդակցվել է միջազգային կրթա-մշակութային փորձին և ներկայացել է դրսում՝ ավելի ճանաչելի դառնալով հանրությանը։ Կրթահամալիրի հայտագրերը, «Ուսուցումը կրթահամալիրում» և «Կրթահամալիրի օրացույցը» հրապարակվել և տրամադրվել են յուրաքանչյուր ցանկացողի: Բաժանվել են մեծաքանակ էլեկտրոնային նյութեր։ «Իմացումի հրճվանքի դպրոց-պարտեզ» գիտափորձի ամբողջացմամբ (2009թ.), 2009-2010 ուստարվանից սկսվող նոր կրթական ծրագրի ձևակերպմամբ հանրապետությունը կստանա ինքնուրույն կրտսեր դպրոց-պարտեզ հաստատության ամբողջական մոդել՝ ծրագրային ֆինանսական, տեխնիկական, մանկավարժական ապահովմամբ: Այսպիսի մոդելը կիրառելի է նաև ինքնուրույն հիմնական դպրոցների կազմում` հարյուրավոր գյուղական համայնքների իրական հնարավորություն տալով ունենալու նախադպրոցականի զարգացման ծրագրեր: Միջին և ավագ դպրոցներում նոր ուսումնական պլանների կիրառումը, ուսումնական գործի արդյունավետ կազմակերպումը սովորողներին հնարավորություն տվեցին բացահայտելու, զարգացնելու սեփական նախասիրությունները։ 2005-2008թթ ավագ դասարաններում իրականացվող մանկավարժական գիտափորձերը ցույց տվեցին, որ սովորողը ընդհանուր հանրակրթությանը զուգահեռ կարող է յուրացնել մասնագիտություն՝ ստանալով պետական որակավորում, կամ հաջողությամբ նախապատրաստվել կրթական հաջորդ աստիճանին։ Զարգացման ծրագրի երկրորդ փուլում կամբողջացվի սովորողի նախասիրությունների զարգացման և մասնագիտական կողմնորոշման հիմնական դպրոցը և մասնագիտական ուսուցում և նախամասնագիտական պատրաստություն ապահովող ավագ դպրոցը։
Ծրագրային ֆինանսավորմանը, շնորհիվ ուսումնառության անհատական պայմանագրերի կիրառման, մասնակցեցին կրթահամալիրի կրթական ծրագրերի բոլոր սովորողները, այդ թվում` արտակարգ ունակություններ դրսևորած և հատուկ պայմանների կարիքով, հանդես գալով որպես իրենց ընտրած մանկավարժական ծրագրերի պատվիրատուներ, տարեցտարի մեծացնելով կրթության պատվիրատուի իրենց ազդեցությունը: Կրթահամալիրի ֆինանսական միջոցների կառավարումը, դրամական ծախսերի նախահաշիվներն ու հաշվետվությունները դարձան մատչելի բոլոր ուսուցիչներին ու սովորողներին, նրանց ծնողներին, ավելի ու ավելի շատ մարդիկ սկսեցին ընդգրկվել այդ աշխատանքների կատարմանը։ Սովորողները ոչ միայն սկսեցին հետաքրքրվել կրթահամալիրի տնտեսվարությամբ, այլև սկսեցին ակտիվորեն մասնակցել կրթահամալիրի տնտեսական կյանքին, հաստատությունների ներքին և արտաքին տարածքների խնամքի ու բարեկարգման աշխատանքներին, հաշվել ջրի, հոսանքի և գազի ծախսեը, մտածել խնայողության մասին և դրան ուղղված նախագծեր անել՝ քաղաքացիական-հասարակական, էկոլոգիական. խնայող տնտեսությունը դարձել է ուսումնական գործունեություն։
2009-2012թթ զարգացման ծրագրի բովանդակությունը
Կրթահամալիրի 2004-2008թթ զարգացման ծրագիրը՝ որպես հավելված, կցվում է կրթահամալիրի 2009-2012թթ զարգացման ծրագրին: Այսպես ամրագրվում է կրթական գործունեության շարունակականությունը և նախորդ փուլում անավարատ մնացած կամ չլուծված խնդիրների շարունակման և զարգացման անհրաժեշտություն է առաջանում: «Կայուն զարգացումը համալիր խնդիր է, որն ընդգրկում է տնտեսական, էկոլոգիական և սոցիալական ասպեկտները: Այլ կերպ ասած, զարգացումն անհրաժեշտ է մարդկանց կարիքների բավարարման և կյանքի որակի բարելավման համար: Միևնույն ժամանակ այն պետք է հիմնվի հասարակության մեջ գոյություն ունեցող սահմանափակ բնական, մարդկային և տնտեսական ռեսուրսների արդյունավետ և պատասխանատու օգտագործման վրա» (ՄԱԿ-ի «Հանուն կայուն զարգացման կրթության ուղիները»):Կրթահամալիրի 2009-2012թթ զարգացման ծրագիրը (այսուհետ՝ Զարգացման ծրագիր) քառամյակում կրթահամալիրում իրականացվելիք ներդրումային (ծախսային) ծրագրերի մի ամբողջություն է: Մենք որդեգրում ենք մի սկզբունք, որը նշանակում է կառավարել ներդրվող նյութական (պետական, ոչ պետական) միջոցները «գործարարության օրենքներով և հետևողականորեն բարձրացնել գործունեության արդյունավետությունն ու թափանցիկությունը» (ՀՀ կառավարության 2008թ. ծրագիր):
Ահա ինչու, Զարգացման ծրագրում ձևակերպված են չորս տարվա ցանկալի արդյունքները, իսկ յուրաքանչյուր ներդրումային ծրագրի (ենթածրագրի) կատարողականի գնահատող վերլուծությունը դառնում է ծրագրի ղեկավարի հաշվետվության հիմնական սկզբունքը: 2009թ. պետական աջակցության պայմանագրերով որոշված աշխատանքները, 2010-2012թթ պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերի ԿԳՆ հայտում ընդգրկելու կրթահամալիրի առաջարկները, սովորողների հետ ուսումնառության պայմանագրերով որոշված աշխատանքները (կրթական ծառայությունների մատուցումը), հայտնի դրամաշնորհային ծրագրերը և կրթահամալիրի սովորողների, ուսուցիչների ձևակերպված և հիմնավորված նախաձեռնությունները Զարգացման ծրագրի կառուցվածքային բաղադրիչներն են: Զարգացման ծրագրով իրականացվող ներդրումային ծրագրերը հստակ ձևակերպվում են որպես ակնկալիքներ` սովորողի տաղանդի իրացման (դրսևորման ու զարգացման) նոր հնարավորությունները, անընդհատ սովորելու համար նոր պայմաններ (միջոցներ) ապահովող ուսուցողական նոր նյութական միջավայրը, նյութական միջոցների արդյունավետ օգտագործումը և գնահատումը, կրթական չորս ծրագրերի միասնական իրագործումը, այդ թվում՝ ընդհանուր կրթություն, սովորողի ազատ ընտրությամբ գործունեություն, մասնագիտական կամ նախամասնագիտական կրթություն, լրացուցիչ կրթություն: Այսպիսով կրթական ներդրումային ծրագրերը արտացոլում են այն գործողությունները և ռեսուրսները, որոնք հասանելի են դարձնելու այդ ակնկալիքները:
1. Կրթահամալիրի կառուցվածքը։ 2009թ. կրթահամալիրի կառուցվածքը բերված է հավելվածում (հավելված 6): Կրթահամալիրը՝ որպես ստեղծագործող-հետազոտողի, սովորող սովորեցնողի համար բարենպաստ պայմաններ ապահովող, ներդրումային կրթական ծրագրերի մշակման, փորձարկման և տարածման (իրականացման) համակարգ (կառույց), որպես ԿԳՆ փորձարարական-հետազոտական միավորում, որպես պետական ոչ առևտրային կազմակերպություն, յուրաքանչյուր ներդրումային կրթական ծրագրի իրագործման ընթացքում դինամիկ փոխվում է, դառնում ավելի արդյունավետ գործող հաստատություն: Կրթահամալիրում իրականացվող ուսուցողական (կրթական) ծրագրերն են.
- 2-3 տարեկանների խնամքի խմբեր
- 3-6 տարեկանների զարգացման խմբեր
- 5-6 տարեկան նախադպրոցականների ծրագրված գործունեության խմբեր (դասարաններ)
- «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրով օտար լեզվի և համակարգչային ծրագրերի խորացված ուսուցման 1-4-րդ դասարաններ
- Սովորողների բազային հմտությունների յուրացման և նախասիրությունների զարգացման 5-6-րդ դասարաններ
- Սովորողների նախասիրությունների զարգացման և մասնագիտական կողմնորոշման 7-9-րդ դասարաններ
- Սովորողների նախամասնագիտական ուսուցման 10-12-րդ դասարաններ
- Սովորողների մասնագիտական (արհեստագործական) ուսուցման 10-12-րդ դասարաններ
- Հիմնական կրթությամբ սովորողների մեկամյա արհեստագործական ուսուցման խմբեր
- Միջնակարգ կրթությամբ սովորողների մեկամյա արհեստագործական ուսուցման խմբեր
- Միջին մասնագիտական ուսուցման դասարաններ
- Սովորողների լրացուցիչ ուսուցման դասընթացներ
- Ուսուցիչների և ծնողների (մեծահասակների) վերապատրաստման դասընթացներ
Կրթահամալիրի կազմում գործող ուսումնական հաստատությունները ՀՀ օրենքի համաձայն իրականացնում են մեկից ավելի ուսուցողական (կրթական) ծրագրեր։ Զարգացման ծրագրի առաջին փուլում ձևավորված դպրոց-պարտեզներում իրականացվում են նախադպրոցականի զարգացման (2-3 տարեկանների խնամքի խմբեր, 3-6 տարեկանների զարգացման խմբեր), 5-6 տարեկան նախադպրոցականների ծրագրված գործունեության, «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրով օտար լեզվի և համակարգչային ծրագրերի խորացված ուսուցման, սովորողների բազային հմտությունների յուրացման և նախասիրությունների զարգացման ծրագրերը և լրացուցիչ կրթություն։ Միջին դպրոցն իրականացնում է սովորողների նախասիրությունների զարգացման և մասնագիտական կողմնորոշման և լրացուցիչ կրթության ծրագրեր։ Զարգացման ծրագրի 2-րդ փուլում ավագ դպրոցը ներկայացնում է երեք հաստատություն, որտեղ իրականացվում են սովորողների նախամասնագիտական ուսուցման, մասնագիտական (արհեստագործական) ուսուցման, մեկամյա արհեստագործական ուսուցման և լրացուցիչ ուսուցման ծրագրերը։ Քոլեջում իրականացվում է միջին մասնագիտական ուսուցման ծրագիր։
Կրթահամալիրի Զարգացման ծրագրի երկրորդ փուլի իրագործումով կունենանք ՀՀ հանրակրթության պետական կրթակարգով՝ հանրակրթության կազմակերպման սկզբունքներին համապատասխան հաստատություն, որում`
- առաջին դասարան ընդունվող երեխաների համար ապահովված են «դպրոցին նախապատրաստվելու հավասար պայմաններ», որոնք հնարավորություն են տալու հարգելու երեխայի անհատական զարգացման (ընտանեկան կրթություն) առանձնահատկությունները.
- տարրական դպրոցն ապահովում է «ուսումնառության անհրաժեշտ պայմաններ և միջին դպրոցում ուսումը շարունակելու համար պահանջվող մակարդակ».
- միջին դպրոցն ապահովում է «մարդու, բնության և հասարակության մասին գիտելիքների, դրանք կյանքում կիրառելու կարողությունների և հմտությունների, բարոյական և հոգևոր արժեքների յուրացման այնպիսի մակարդակ, որն անհրաժեշտ է սովորողին ավագ դպրոցում կամ մասնագիտական հաստատությունում ուսումը շարունակելու, ինչպես նաև տարիքին համապատասխան աշխատանքային գործունեություն իրականացնելու համար».
- ավագ դպրոցը սովորողի ազատ ու գիտակից ընտրությամբ ապահովում է «սովորողի մասնագիտական կրթություն ստանալու, ինքնուրույն կյանքի համար անհրաժեշտ գիտելիքներ, կարողություններ և հմտություններ» և մասնագիտական ուսուցում.
- հանրակրթությունն ապահովում է «շրջանավարտի սահուն անցումը դպրոցից` մասնագիտական հաստատություն».
- մշակված և ներդրված է հանրակրթական դպրոցի գործունեության, ուսումնական գործընթացի կազմակերպման և ուսուցման արդյունքների գնահատման նոր համակարգ, որում գնահատումը սովորողի խրախուսման և նրա շարունակական զարգացումն ապահովող միջոց է։
ՄԱԿ-ի «Հանուն կայուն զարգացման կրթության ուղիները» ծրագրով «Կրթությունը հանուն կայուն զարգացման» համարվում է «արդի պահանջներին բավարարող, ապագա սերունդների սեփական պահանջմունքների բավարարումը սպառնալիքի տակ չդնող զարգացում»:Բոլոր կրթական (ուսուցողական) ծրագրերը, ինչպես կրթահամալիրում իրականացվող մանկավարժությունը, ներառական են` կրթություն բոլորի համար: Հատուկ պայմանների կարիքով երեխաների (սովորողների, սաների) և արտակագ ունակություններ դրսևորածների, ինչպես նաև հանրապետությունից երկարատև բացակայածների համար կրթահամալիրում իրականացվում են հատուկ ծրագրեր` հեռավար մեթոդի լայն կիրառմամբ, հաշվի առնելով յուրաքանչյուր երեխայի առանձնահատկությունը, կրթական պահանջմունքը և այլ պայմաններ (հավելված 23): Հատուկ պայմանների կարիքով երեխաների և արտակարգ ընդունակություններ դրսևորած և այդպիսի ներուժ ունեցող սովորողների համար համարժեք կրթական համակարգի ձևավորումը, անհատականության ներուժի լիարժեք բացահայտումը և զարգացման իրական նյութական-տեխնիկական, հոգևոր-բարոյական հնարավորությունների ապահովումը, անհատականության իրավական և բարոյական պաշտպանությունը Զարգացման 2-րդ փուլի ծրագրային խնդիրներ են։
Նշված ուսուցողական ծրագրերի իրականացմամբ պայմանավորված` կրթահամալիրի ուսումնական կենտրոնները Զարգացման ծրագրով իրականացնում են այլ ներդրումային ծրագրեր: Կրթահամալիրի մի քանի ուսուցողական ծրագրեր սահմանված կարգով կարող են գործել միավորված: Զարգացման ծրագրի 2-րդ փուլի իրագործման արդյունքում կունենանք ուսումնական կենտրոններ՝ որպես ուսուցողական նոր մոդել-միջավայրեր (հավելված 24)։
2. Դրամական միջոցներ (հատկացումներ և ծախսեր)։ Նյութական միջավայրի արդիականացում։ Զարգացման 2-րդ փուլում ևս կրթահամալիրի դրամական միջոցնեը կկազմվեն պետական և այլ հատկացումներից. սահմանված կարգով պետական բյուջեից կրթահամալիրը ֆինանսավորում կստանա և՛ հանրակրթության, այդ թվում՝ հատուկ կարիքով սովորողների (սովորողի թվով և հաստատության պահպանման հատկացումներ), և՛ մասնագիտական ուսուցման (միջին մասնագիտական և արհեստագործական), և՛ հեղինակային մանկավարժական ծրագրերի իրականացման համար («Փորձարարական մանկավարժության իրականացում հանրակրթությունում» ծրագիր, որն ընդգրկում է զարգացման առաջին փուլի ծրագրով պետական ֆինանսավորմամբ «Պետական այլընտրանքային (հեղինակային) մանկավարժական ծրագրերի իրականացում, «Հանրակրթական դպրոցում նախապատրաստական ուսուցում», «Պատանի հետազոտողի և ստեղծագործողի հեռակա դպրոց» ծրագրերը)։ 2010-2012թթ պետական միջնաժամկետ ծախսային ծրագրի՝ կրթության և գիտության նախարարության հայտում առաջարկել ենք ընդգրկել նաև «Արտադպրոցական դաստիարակության (լրացուցիչ կրթության)», «Արտակարգ ունակություններ դրսևորած սովորողների ուսուցման» և «Ավագ դպրոցում արհեստագործական ուսուցման ծրագրով սովորողներին կրթաթոշակ հատկացնելու մասին» կրթահամալիրին լրացուցիչ ֆինանսավորման առաջարկները (հավելված 7)։ Կրթահամալիրը շարունակում է համագործակցել Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի (դպրոց-կենտրոն), ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի («Մաքուր համայնք» ծրագիր), «Ջինիշյան հիշատակի հիմնադրամի» հետ («Հանուն տեխնիկական առաջընթացի» ծրագիր)։ Կրթահամալիրում իրականացվող ուսուցողական ծրագրերն ընտրած սովորողները (ծնողները) անհատական պայմանագրով վճարում են լրացուցիչ կրթական ծառայությունների համար։ Կրթական ծառայություններկ որակը, պայմանագրով որոշված պարտականությունների բարեխիղճ կատարումը, նոր ծառայությունների մատուցումը թույլ կտան մեծացնել հասարակության մասնակցությունը Զարգացման ծրագրի իրագործմանը։ Կբազմապատկվեն մեծահասակների (սովորողների ծնողներ, բնակիչներ) լրացուցիչ կրթական ծառայությունները, հանրապետության հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների վերապատրաստումները։ Կրթահամալիրը կշարունակի մասնակցել տեղական և միջազգային կառույցների հայտարարած կրթական ծրագրերի մրցույթներին, կփորձի գրավիչ դարձնել իր ծրագրերը կազմակերպությունների և անհատների ներդրումների համար։ Կրթահամալիրի դրամական միջոցների մեջ կներգրավվեն նաև ուսումնական գործունեության արդյունքում ստեղծվող հասարակական-անհատական կոնկրետ պահանջարկ ունեցող ծառայությունների և (կամ) ապրանքների իրացումից ստացվող դրամական միջոցները, որոնք տարեցտարի էականորեն կավելանան։ Կրթահամալիրի նյութական միջոցները ծախսվում են ծախսային ծրագրերի՝ ըստ կարգի կազմված նախահաշիվներով, որոնց կազմմանը, ծախսերի կատարմանը և դրանց նկատմամբ պատասխանատվությանը մասնակից կլինեն կրթահամալիր-համայնքի բոլոր անդամները, այդպես տնտեսական գործունեության նկատմամբ կրթահամալիրի յուրաքանչյուր անդամի՝ տնտեսվար ուսուցչի, տնտեսվար սովորողի շահագրգիռ-նպատակային, խնայող (հաշվող, չափող, վերահսկող) վերաբերմունք կձևավորվի։
3. Կրթական ծառայություններ իրացնող Ուսուցիչը (մասնագետը)։ Շաբաթական 36 (40) ժամ աշխատող ուսուցչի, մասնագետի, ուսկենտրոնի ղեկավարի և ուսուցողական ծրագրի ղեկավարի աշխատաժամանակի ռեժիմը (կառուցվածքը) 2009թ. փետրվար ամսվա օրինակով բերված է հավելվածում (հավելված 15)։ Այս կառուցվածքը սահմանված կարգով փոխվում է (կարող է փոխվել) յուրաքանչյուր շաբաթ, ամիս, կիսամյակ։ Անընդհատ սովորող ուսուցիչն իրավունք է ձեռք բերում վերապատրաստման դասընթացների միջոցով իր յուրացրածը փոխանցելու ոչ միայն կրթահամալիրի, այլև հանրապետության այլ ուսումնական հաստատությունների իր գործընկերներին։ «Կայուն զարգացման ծրագրով» «Դպրոցի բարեփոխման պահանջներից ելնելով՝ ծրագրի շրջանակում առաջնահերթ է նաև ուսուցիչների (հատկապես ավագ դպրոցի) շարունակական վերապատրաստումը»։Մեզանում 2009թ. կրթական ծրագրերով կվերապատրաստվեն նախադպրոցական հաստատությունների դաստիարակներ, վարիչներ, այլ մասնագետներ, հանրակրթական դպրոցների ուսուցիչներ (վերապատրաստումների 2009թ. ծրագիր. հավելված 14)։ Վերապատրաստման աշխատանքների բոլոր փուլերում արդյունավետ համագործակցում ենք ԿԳ նախարարության ստորաբաժանումների, տեսչության, մարզերի ու համայնքների կրթության բաժինների հետ։ Վերապատրաստման նման ծավալը և կազմակերպումը թույլ կտա յուրաքանչյուր մասնագետի ծառայության վերածել իր ստեղծած մանկավարժական փորձը, այն օգտակար դարձնել այլոց համար, ստեղծել վերապատրաստման մոդուլներ և գործիքներ, փորձարկել և փորձաքննել ուսումնական դասընթացների ծրագրեր ու ձեռնարկներ, կենդանի շփման մեջ ճանաչել ու յուրացնել այլոց մանկավարժական փորձը։ Այսպիսի ցանցը փաստացի ատեստացիա է կրթահամալիրի մասնագետների համար, դասընթացի մասնակիցներն են որոշում դասընթացի ղեկավար-մասնագետի որակը։ Զարգացման ծրագրի երկրորդ փուլի իրագործումով կունենանք ՀՀ հանրակրթության պետական կրթակարգով որոշված հանրակրթության կազմակերպման սկզբունքներին համապատասխան հաստատություն, որում ներդրված է «ուսուցիչների մասնագիտական կատարելագործման և ատեստավորման մշտապես գործող համակարգ, որը կարևորում և զարգացնում է ՀՀ հանրակրթական պետական կրթակարգով ուսուցիչներին ներկայացվող ընդհանրական պահանջները, այդ թվում՝ սեփական մասնագիտական զարգացումը պլանավորելու և իրականացնելու կարողությունը»:
Կրթահամալիրի ուսուցչի անհատական աշխատանքային պլանով սահմանված հետազոտական-ստեղծագործական աշխատանքը կարող է ծավալով մեծանալ (հավելյալ պայմանագրային աշխատանք)։ Հեղինակային մանկավարժության հրատարակչատան գործունեության շեշտակի ընդարձակումը, ժամանակակից մինի-տպարանի աշխատանքի ծավալումը, ծառայությունների (ապրանքների) իրացման ցանցի ընդարձակումը թույլ կտան յուրաքանչյուրին (խմբին) էապես կրճատել հետազոտական աշխատանքի մշակման ու այն կոնկրետ ապրանքային տեսքի (ծառայության) բերելու ժամանակը։
Ուսումնահասարակական (քաղաքացիական) նախագծերի ղեկավարումը թույլ կտա ոչ միայն ամրապնդել ուսուցիչների քաղաքացիական կրթության բովանդակային գիտելիքները և մանկավարժական փորձառությունը, այլև սովորողների հետ ակտիվ մասնակցել բաց հասարակության ձևավորմանը։ Քաղաքացիական կրթության նախագծերի իրականացումը ոչ միայն կրթահամալիրին թույլ կտա մասնակցել հասարակական կյանքի արատների շտկմանը, այլև փորձաքար կդառնա ուսումնական գործի համար, կստուգի նրա պիտանիությունը, հասարակության ամենաակտիվ խմբերին և անհատներին (մարդկանց, կազմակերպություններին) մասնակից կդարձնի կրթական խնդիրների իրագործմանը։ Այս առումով սկզբունքային նշանակություն են ստանում ՄԱԿ-ի ծրագրով «Մաքուր համայնք» դրամաշնորհը և «Քաղաքացիական կրթության խճանկար» Սիվիտաս-Հայաստան ծրագրի իրագործումները, «Կանաչ մոլորակ» միջազգային ֆորումի աշխատանքները։
Ուսուցչի՝ պաշտոնական հրահանգով նախատեսված 20-24 ժամ ուսումնական ծանրաբեռնվածությունը (աշխատանքը) նույնպես ստեղծական-արտադրական կդառնա։ Ընդհանուր դասընթացների պարապմունքների նոր տեխնիկական և մեթոդական կազմակերպումը քաղաքացի սովորողներին կփոխանցի այնպիսի տեխնոլոգիական հմտություններ (արժեհամակարգ) և ունակություններ, որոնք կարևորված են պետական կրթակարգով։
Հեռավար ուսուցման՝ որպես անընդհատ ու անհապաղ կրթության մեթոդի, տանը թե դպրոցում, հասարակական կյանքում ՏՀՏ և թվային տեխնիկական միջոցների համապարփակ գործածումը, սկսած 1-ին դասարանից, ոչ միայն կնորացնի ու առավել գրավիչ կդարձնի կրթությունը, այն կդառնա հասարակայնորեն քննելի (հրապարակային)։ Կայքը` որպես նոր ուսումնական միջավայր, ոչ միայն լրատվության (հաղորդակցման) արդիական միջոց է, որտեղ ուսուցիչներն ու սովորողները տեղադրում են փոխանցելիք ինֆորմացիան, պատմում իրենց առօրյայի մասին, այլև ուսուցիչների անհատապես, գործընկերների կամ սովորողների հետ կատարած հետազոտական-ստեղծագործական աշխատանքների հրապարակման տեղը, գրավիչ ուսումնական նյութի աղբյուր, նրանց մշտական հոգածության առարկան։
Կրթահամալիրի դասավանդողների ամենշաբաթյա սեմինար-պարապմունքները (հավելված 13) ծրագրում և ղեկավարում են ուսկենտրոնների ղեկավարները: Աշխատանքի ուղղությունները թելադրված են Զարգացման ծրագրով՝ ուսկենտրոնի դասավանդողների ուշագրավ փորձի ներկայացում, ուսկենտրոնի սպասարկած ուսումնական առարկաների ծրագրային մշակումներ (բովանդակություն, մեթոդներ, գնահատում), ուսկենտրոնի դասավանդողների հետազոտական աշխատանքի արդյունքների քննարկում, ՏՀՏ հմտությունների զարգացում և կիրառման ծրագրում, հանրապետական ստուգատեսների ծրագրի մշակում, գործնական այլ աշխատանք։ Բոլոր սեմինարներն սկսվում են շաբաթվա ընթացքում ՏՀՏ նոր դասասենյակներում անցկացված դասերի և էլեկտրոնային գրատախտակների համար ստեղծված ուսումնական նյութերի համառոտ ներկայացմամբ։ Այդ ուսումնական նյութերը ցուցադրվում են մասնագիտական զարգացման կենտրոնում ամիսը մեկ անգամ՝ ամսվա առաջին հինգշաբթի օրը՝ 15.00։ Կրթահամալիրի դասավանդողները ծրագրում և վարում են հանրապետության նախադպրոցական հաստատությունների դաստիարակների և այլ մասնագետների վերապատրաստումներ, հանրապետության ուսուցիչների վերապատրաստումներ։
Կրթահամալիրի դասավանդողներն իրականացնում են կրթական փոխանակումների ծրագիր, սովորողների հետ ծրագրում և կատարում են հայրենագիտական աշխատանք։ Զարգացման ծրագրով նախատեսվում է յուրաքանչյուր տարի դասավանդողի լրավճարների, հավելավճարների և պարգևավճարի աճ ապահովել 20-25%-ի չափով։
4. Սովորողը։ 2004թ. ՀՀ կառավարության հաստատած «Հանրապետության պետական կրթակարգ» և «Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ» փաստաթղթերում ձևակերպված են այն պահանջները, որոնք պետությունը ներկայացնում է հանրակրթական դպրոցի սովորողին ու շրջանավարտին: Կրթակարգը որպես բարեփոխումների անհրաժեշտության հիմնավորում նշում է, որ «սովորողների ուսումնական բեռնվածությունը չափազանց մեծ է, իսկ հենքային ուսումնական պլանը դպրոցներին նորարարական ծրագրեր իրականացնելու բավարար ազատություն չի տալիս»: Իսկ ՄԱԿ-ի «Հանուն կայուն զարգացման կրթության ուղիները» ծրագրի պահանջն է «հիմնական ուշադրության վերակողմնորոշում` գիտելիքների ապահովումից խնդիրների մշակման և հնարավոր որոշումներ գտնելու ուղղությամբ: Այսպիսով` կրթության մեջ անհրաժեշտ է պահպանել առանձին առարկաների դասավանդման ավանդական շեշտադրումը` միևնույն ժամանակ, ստեղծելով հնարավորություններ կյանքի իրավիճակների բազմաբնույթ և միջճյուղային վերլուծության համար: Այս ամենը կարող է ազդել ուսումնական ծրագրերի և դասավանդման մեթոդների կառուցվածքի վրա, որը ուսուցիչներից պահանջում է հրաժարվել իրենց` բացառապես փոխանցողների, իսկ սովորողներից` բացառապես ընդունողների դերակատարումներից: Դրա փոխարեն նրանք պետք է գործեն համատեղ»։
Զարգացման ծրագրի 1-ին փուլի իրագործման արդյունքում ունենք ուսումնական պլաններ, որոնք թույլ են տալիս զուգակցել պետական և անհատի կրթական պատվերները. յուրաքանչյուր սովորողի ուսումնական ծանրաբեռնվածությունը բաղկացած է ընդհանուր հանրակրթությունից, ընտրությամբ պարտադիր և լրացուցիչ ուսումնական գործունեությունից: Այդպիսի զուգակցումը հնարավորություն է տալիս սովորողին բացահայտելու և զարգացնելու իր նախասիրությունները և ունակությունները: Զարգացման ծրագրի երկրորդ փուլն ուղղված է ապահովելու կրթական բարենպաստ միջավայր ՀՀ հանրակրթական պետական կրթակարգով սահմանված՝ հանրակրթական դպրոցի շրջանավարտի նկարագրի ձևավորման համար`
- ձեռք բերած գիտելիքները կյանքում ստեղծագործաբար կիրառելու ընդունակություն,
- ունենա ինքնուրույն մտածելակերպ, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու կարողություն,
- դրսևորի փոխըմբռնում և կարողանա համագործակցել ինչպես տարեկիցների, այնպես էլ ծնողների, իրենից մեծերի ու փոքրերի հետ,
- իմանա իր իրավունքներն ու պարտականությունները, լինի օրինապահ, ազնիվ մարդասեր, պատասխանատվությամբ օժտված, նախաձեռնող և հասարակական խնդիրների նկատմամբ դիրքորոշում ունեցող քաղաքացի,
- իմանա բնապահպանական խնդիրները, լինի բնության և շրջակա միջավայրի պաշտպան.
- կարողանա հաղորդակցվել առնվազն երկու օտար լեզուներով, օգտվել ժամանակակից հաղորդակցական տեխնոլոգիաներից, իմանա առողջ ապրելակերպի, անվտանգ կենսագործունեության կանոնները, դրանք կիրառի կյանքում,
- կարողանա ճիշտ գնահատել իր կարողությունները, ունենա վստահություն սեփական ուժերի հանդեպ, ինքնակրթությամբ զբաղվելու կամք,
- ունակ լինի սովորելու ողջ կյանքում,
- ունակ լինի իր նախասիրություններին, հետաքրքրություններին և հակումներին համապատասխան մասանագիտություն և աշխատանք ընտրելու, ինքնուրույն տնտեսություն վարելու:
Այս տարի ունենք արտակարգ ունակություններ դրսևորած 39 սովորողներ, որոնց հետ անհատական աշխատանք է տարվում: Սովորողների համար հետազոտական աշխատանք կատարելը դարձել է սովորելու մեթոդ։ Նրանք իրենց գործունեության ընթացքում որպես միջոց ազատ օգտվում են համակարգչից, թվային այլ տեխնիկական միջոցներից, համացանցային ռեսուրսներից, օտար լեզուներից։ Միայն 2008թ. ստեղծել են ավելի քան 250 էլեկտրոնային նյութեր, ֆիլմեր։ Սովորողներն ստեղծել և սպասարկում են կրթահամալիրի կայքի ենթակայքերը, էլեկտրոնային ամսագրերը։ Նրանք կարողանում են համագործակցել հասակակիցների և ավագների հետ։ Կրթահամալիրի սովորողները սահմանված կարգով մասնակցում են ուսումնական ճամփորդությունների, հայրենիքի ճանաչման, նրա խնդիրների բացահայտման աշխատանքներին։ Որպես քաղաքացիական կրթության միջոց՝ մասնակցում են ուսումնական-հասարակական նախագծերի։ Կրթահամալիրի սովորողը 5-րդ դասարանից սկսած սահմանված կարգով գրում է ամենամսյա հաշվետվություն իր ուսումնական գործունեության և դրա արդյունքների մասին, տարեկան մեկ-երկու անգամ նամակ է գրում կրթահամալիրի տնօրենին, ամսական մեկ անգամ լուր է գրում կրթահամալիրի կամ իրենց ուսուցողական ծրագրի կայքի, էլեկտրոնային թերթի համար, իր ստեղծած ուսումնական նյութը ներկայացնելու համար ստեղծում է համապատասխան էլեկտրոնային էջեր, կազմում և վարում է տեղեկատվական թերթիկ իր նախասիրությունների և գործունեության մասին, կազմում և պարբերաբար թարմացնում է իր կենսագրական թերթիկը։ Ուսուցողական ծրագրի և ուսումնական պլանի պահանջով գործնական գրությունները պարբերաբար գործածելով՝ սովորողները կյուրացնեն մայրենի լեզվով հաղորդակցվելու գործնական հմտություններ, որոնք այնքան անհրաժեշտ են կյանքում։
2009-2012թթ ձեռք բերած հաջողությունների զարգացման և նորերի ձեռք բերման ժամանակաշրջան է: Այս փուլում մեր աշխատանքները կկազմակերպվեն այնպես, որ հանրակրթական առարկաների դասավանդման մեթոդների կատարելագործման ճանապարհով զարգանան բոլոր սովորողների բազային կարողությունները, հիմնավորապես ներդրվի հեռավար ուսուցումը՝ որպես ստացիոնար ուսուցման արդյունավետ մեթոդ (հարկ կլինի լրացուցիչ ջանքեր գործադրել, որ բոլոր սովորողները տանը ունենան ինտերնետային կապով համակարգիչներ), սովորողի ուսումնական ծանրաբեռնվածության մեջ ընտրած գործունեության ծավալը և արդյունավետությունը բարձրանան խորացված ուսուցման դասարանների ստեղծումով (7-րդ դասարանից սկսած)։ Արդյունավետ կկազմակերպվի արտակարգ ունակություններ դրսևորած սովորողների հանրակրթությունը` լայնորեն կիրառելով հեռավար ուսուցման մեթոդը: Սովորողների (հատկապես արտակարգ ընդունակություններ դրսևորած) հետազոտական աշխատանքին մասնակից կդարձնենք կրթահամալիրում չաշխատող մասնագետների, կկազմակերպվի սվորողների փորձառություն մասնագիտական միջավայրում` աշխատանքներում ներգրավելով շահագրգիռ կազմակերպությունների և անհատների: Սովորողների ուժերով կկազմակերպվեն դասավանդողների` համակարգչային ծրագրերի կիրառման, տեխնիկական միջոցների օգտագործման, կայքերի ստեղծման և սպասարկման վերապատրաստումները: Կընդարձակվի հայրենագիտական գործունեությունը` հատուկ ուշադրություն դարձնելով հետիոտն արշավներին. հայրենագիտական գործունեությունը կհամակցվի ուսումնահասարակական նախագծերի իրականացման, սպորտային ներուժի զարգացման, այլ կրթական հաստատությունների սովորողների և դասավանդողների հետ համատեղ նախագծերի իրականացման, սովորողների փոխանակման և դասավանդողների վերապատրաստման աշխատանքների հետ` օգտագործելով կրթահամալիրի հյուրատան հնարավորությունները։ Սովորողները ոչ միայն ուսումնա-հասարակական նախագծերի իրագործողները, այլև դրանց նախաձեռնողներն ու կազմողները կլինեն: Ապահովվում է «կրթության առաձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ունակություններ դրսևորած անձանց, հասարակության մեջ լիարժեք ներգրավումը, հետագա կենսագործունեության համար անհրաժեշտ կրթական միջավայրի ու պայմանների ստեղծումը»: Բոլոր ցանկացողների համար կապահովվի երկարացված օրվա դպրոցի իրագործումը` դպրոցական միջավայրը դարձնելով ավելի հետաքրքիր ու բարեկիրթ:
5. Ծնողները։ Յուրաքանչյուր ծնող, շնորհիվ կրթահամալիրում ազատ ընտրած կրթական ծրագրի, ուսումնառության անհատական պայմանագրի, պայմանագրին կցվող «Ուսուցումը կրթահամալիրում» գրքույկի, ոչ միայն գիտակից ու շահագրգիռ անձ է իր երեխայի կրթության առումով, այլև կրթահամալիրի Զարգացման ծրագրի իրական մասնակից, պատվիրատուն է: Կրթահամալիրը` որպես բաց հասարակություն (կրթական համայնք), քառամյա ժամանակաշրջանում սովորողների ծնողներին կներառի այն չափով ու այնպես, որ յուրաքանչյուր ծնող`
- մասնակցի իր երեխայի ուսումնառությանը նաև որպես կոնկրետ ուսումնական բնագավառի խորհրդատու-փորձագետ, կամավորական աշխատանք կատարող, հասարակության տեսուչ, բարեգործ.
- օրինապահ կատարի ուսումնառության պայմանագրով և կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններով որոշված պարտականությունները.
- հետևողական ջանքեր գործադրի կրթահամալիրում իրականացվող ծրագրերն ավելի ամբողջական ճանաչելու:
Ծնող ասելով՝ նկատի ունենք ոչ միայն երեխայի հորն ու մորը, այլև երեխայի վրա ուղղակի ազդեցություն ունեցող ավագ եղբորն ու քրոջը, պապին և տատին: Կրթահամալիրը` ի դեմս տնօրենի, ուսուցողական ծրագրի ղեկավարի և ուսուցչի (մասնագետի), բարեխիղճ կկատարի ուսումնառության պայմանագրով, ներքին կարգապահական կանոններով, Զարգացման ծրագրով որոշված հանձնառությունները, անգամ եթե դրանք անպատասխան կամ ոչ փոխադարձ լինեն: Ծնողի յուրաքանչյուր բողոք, կարծիք, առաջարկ (որևէ կերպ հնչեցրած) կարժանանա հարգալից վերաբերմունքի, պատշաճ կհաշվառվի, կուսումնասիրվի, կպարզաբանվի: Կարվեն երեխայի շահերի պաշտպանությանն ուղղված գործնական հետևություններ: Ծնողը գրավոր (էլեկտրոնային եղանակով) թե բանավոր կտեղեկացվի երեխային ուղղակի և անուղղակի վերաբերող միջոցառումների մասին: Ծնողի առաջ կրթահամալիրում փակ դուռ, փակ թեմա չկա և չի լինի: Կրթահամալիրի տնօրենը, համապատասխան աշխատողը միշտ ժամանակ կունենան ծնողին հարմար պահին առանձնազրույցի համար: Մասնագետի կողմից ծնողի արժանապատվության, ընտանեկան-անհատական կյանքի անձեռնմխելիության յուրաքանչյուր խախտում ուսուցողական ծրագրի ղեկավարի, կրթահամալիրի տնօրենի կողմից ուշադիր կուսումնասիրվի: Գլխավոր խոչընդոտը ո՛չ նյութական է, ո՛չ էլ ժամանակային: Այն ծնողի և մասնագետի մեջ է: Մեր մանակավարժությունն ընտրած մեծահասակները համեստ աշխատավորներ են և պիտի ավելորդ չհամարենք խնայող տնտեսությամբ մանկավարժություն հաստատելու մեր ջանքերը: Ուսումնառության պայմանագրով չնախատեսված յուրաքանչյուր նոր կրթական ծառայության առաջարկը կարվի կրթահամալիրի կամ ուսուցողական ծրագրի ղեկավարի կողմից և ծնողն ազատորեն կընտրի կամ կմերժի առաջարկը: Քառամյա ժամանակում ավելի արդյունավետ պիտի հաղթահարվի երեք խոչընդոտ.
1. ծնողը որքան էլ գիտակից ու ազատ ընտրել է իր երեխայի ուսումնական հաստատությունը, նա այլ դպրոցի շրջանավարտ է և կրում է այդ մանակավարժության հեղինակությունը.
2. ծնողն ամբողջության մեջ վատ է ճանաչում (հաճախ հատվածաբար և համատեքստից կտրված) կրթահամալիրում իրականացվող մանկավարժությունը.
3. մենք վատ ենք ճանաչում ծնողին, նորից ոչ ամբողջական, նրան մոտենում ենք ոչ որպես մարդ-մասնագետի, այլ որպես որոշակի պարտավորություններ կատարող, ենթակա անձի:
Ավելի ու ավելի լիարժեք կգործածենք տեղեկատվական նոր տեխնոլոգիաները, թվային նոր տեխնիկական միջոցները: Կկարևորենք ու կաջակցենք, որ կրթահամալիրի յուրաքանչյուր սովորող տանն ունենա ինտերնետին միացված համակարգիչ, փլեյեր, թվային ֆոտոխցիկ, ձայնագրիչ: Սովորողն իր յուրացրած ՏՀՏ հմտությունները կփոխանցի ծնողին այնպես, որ կրթահամալիրի կայքից ու էլփոստից օգտվելը, էլեկտրոնային անխափան հաղորդակցությունը (նամակագրությունը) կրթահամալիրի մասնագետի հետ սովորույթ դառնան յուրաքանչյուր ծնողի համար: Սա կրթահամալիրում իրականացվող «Մենք մի համայնք ենք» ուսումնական-հասարակական նախագծում յուրաքանչյուր սովորողի մասնակցության ձևն է: Ծնողն էլեկտրոնային եղանակով կունենա կրթահամալիրում աշխատող ամեն մասնագետի կենսագրականը, իսկ մասնագետը կունենա յուրաքանչյուր ծնողինը: Սովորողի, նրա ծնողի և ուսուցչի համատեղ ուսումնական աշխատանքի ցանկացած փորձ կխրախուսվի: Երկարօրյա ուսուցման ծրագրի, լրացուցիչ ուսուցման դասընթացների ընդարձակումն ու որակի բարելավումը, կրթահամալիրում սովորողի խնամքի, հիգիենայի, անվտանգության պայմանների լավացումը, ուսումնական և հայրենագիտական ճամփորդությունների, սովորողների մասնագիտական փորձառության կազմակերպումը, ակումբային գործունեության աշխուժացումը, ուսումնական ամենատարբեր նախագծերի իրականացման ծավալների ու տեսականու ընդարձակումը, ուսումնահետազոտական աշխատանքների բազմապատկումը, որպես մեթոդ` հեռավար ուսուցման մշտական կիրառումը և ինտերնետի գործածումը որպես ուսումնական միջավայր, ընտանիքին (ծնողին), հասարակության այլ խմբերին ու անհատներին կրթահամալիրում իրականացվող մանկավարժության մեջ ներառելու, մասնակցության ակտիվությունն ու բավարարվածությունը շարունակական բարելավելու գործուն հնարավորություններ են ընձեռում:
6. Հասարակությունը։ Կրթահամալիրի սովորողներն ու ծնողները (ընտանիքները), հասարակության ամենաակտիվ, հասարակություն-կրթահամալիր համագործակցությամբ շահագրգիռ խմբերն են: Սրանք կգիտակցեն ու կկարևորեն այսպիսի համագործակցությունը հենց իրենց երեխաների շահերի տեսանկյունից, նաև որպես կոնկրետ աջակցություն կրթահամալիրին: Կրթահամալիրը որքան էլ ընդունակ, չի կարողանա ոչ միայն լուծել իր առջև ծառացած խնդիրները, այլև ձևակերպել դրանք որպես հասարակական-կրթական պատվեր կրթահամալիրին, առանց լայն հասարակության առաջադեմ անհատների (ոչ ֆորմալ խմբերի) ու կազմակերպությունների գործուն մասնակցության: Քառամյա ժամանակահատվածում կրթահամալիր-հասարակություն անջրպետների վերացումը, նոր անջրպետների բացառումը, սովորողի և ուսուցչի ներառումը իրական հասարակական խնդիրների լուծմանը՝ որպես ուսումնական աշխատանք, կրթահամալիրի ուսուցչի հեղինակության բարձրացումը նոր վստահություն և թափ կհաղորդեն նրան: 2004-2008թթ կրթահամալիրի մասնագիտական կազմի բարելավման գլխավոր ռեսուրսը գործող (հայտնի) մասնագետների ներգրավումն է աշխատանքի` անհատական հրավերների ու բաց մրցույթների ձևով: Հասարակական ամենատարբեր միջոցառումներին (ցուցադրություններ, փառատոններ, համերգներ) կրթահամալիրի մասնակցությունը, միջազգային և հայաստանյան ոչ կառավարական կազմակերպությունների հետ հաստատած նախորդ տարիների աշխատանքի փորձը քառամյա ժամանակաշրջանում նոր հնարավորություններ են բացում: Այսպիսի համագործակցության ծավալմանը նոր որակ և ինտենսիվություն կհաղորդեն կրթահամալիրի մեդիա-մշակութային նոր կենտրոնի գործարկումը, կրթահամալիրի ուսումնական կենտրոնների, հեղինակային մանկավարժության հրատարակչատան գործառույթների ընդարձակումը: Կրթահամալիրի հյուրատան լիարժեք օգտագործումը ավելի մատչելի կդարձնի մարզերում բնակվող մասնագետների հետ առնչությունները: Կտրուկ կավելանան կրթական ամենատարբեր փոխանակումների ծավալներն ու աշխարհագրությունը: Կրթահամալիրի բոլոր ստուգատեսներն ու կրթական նախագծերը կլինեն բաց, ոչ միայն հանրապետական, այլև միջազգային: Այս առումով «պիլոտի» դեր կկատարի կրթահամալիրի նախաձեռնած «Ժանգոտ դդում» ամենամյա կինոփառատոնը: Օրակարգի հարց է ուսումնական կաբելային TV-ի գործարկումը: Կրթահամալիրի և «Արվեստ-լաբորատորիա TV»-ի արդեն սկսված համագործակցությունը 2009թ. վերջին կտա ցանկալի արդյունքներ: Մի այլ «պիլոտ» է հայտնի մասնագետներից ձևավորված խմբի և կրթահամալիրի համատեղ աշխատանքը` տեխնիկական ստեղծագործության բոլոր ձևերի ներառումը կրթության մեջ: Սրանով առաջին դասարանից մինչև մասնագիտական կողմնորոշում և մասնագիտական ուսուցում տեխնիկայի և բնագիտության ներկայությունն էապես կմեծանա: Կրթահամալիրի յուրաքանաչյուր ուսումնական կենտրոն և ուսուցողական ծրագիր կկարողանան կրթության զարգացման շահառու գործող մասնագետներից ձևավորել փորձագետ–խորհրդատուների կամ պարզապես մասնագետների խմբեր, որոնք կրթահամալիրի մասնագետների հետ համատեղ կաշխատեն կրթահամալիրի Զարգացման ծրագրով որոշված կոնկրետ ուսումնական խնդիրների լուծման վրա (տպագիր, էլեկտրոնային ուսումնական նյութերի, տեսանյութերի ստեղծում, նոր դասընթացների կազմակերպում, կրթական նոր տեխնոլոգիաների փոխանցում, նոր նախագծերի ստեղծում): Խոսքը և՛ կամավորական աշխատանքների մասին է, և՛ նոր ֆինանսական միջոցների ներգրավման, և՛ կրթահամալիրի միջոցների արդյունավետ օգտագործման:
2009-2012թթ զարգացման ծրագրի հավելվածների ցանկ
1. 2004-2008թթ զարգացման ծրագիրը (առանց հավելվածների)
2. Հեղինակային մանկավարժության արդյունքներ (2008թ.)
3. 2008թ. մանկավարժական փորձարարական ծրագրերի հաշվետվությունները
4. 2008թ. հատուկ պայմաների կարիքով երեխաների ներառման ծրագրի հաշվետվությունը
5. 2008թ. ծախսային ծրագրերի ամփոփ հաշվետվություն
6. Կրթահամալիրի 2009թ. կառուցվածքը
7. 2010-2012թթ ՄԺԾ ծրագրի ԿԳՆ նախարարության հայտում ընդգրկելու առաջարկներ
8. 2009թ. ծախսային ծրագրերի ֆինանսական ամփոփ նախահաշիվ
9. «Փորձարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրի 2009թ. աշխատանքները
10. «Կրթահամալիրը 2008-2009 ուստարում» տեղեկագիրը
11. 2009-2010 ուստարվա ուսումնական պլաններ
12. 2009-2010 ուստարվա ուսումնառության պայմանագրեր
13. 2009թ. կրթահամալիրի դասավանդողների սեմինար պարապմունքների ժամանակացույց
14. 2009թ. հանրապետության մանկավարժական աշխատողների վերապատրաստումների (մասնագիտական զարգացման) ծրագիր
15. Կրթահամալիրի մանկավարժական աշխատողների աշխատաժամանակի կառուցվածքը
16. Կրթահամալիրի հեղինակային մանկավարժության հրատարակչատան 2009թ. ծրագիր
17. 2009թ. ուսումնառության արդյունքում ստեղծվող նյութական արժեքների (ապրանքներ և ծառայությունների) ցանկ
18. Նախադպրոցականի զարգացման 2009թ. ծրագիր
19. Կրտսեր դպրոց-պարտեզում 5-6 տարեկան նախադպրոցականների ծրագրված գործունեության կազմակերպման, նրանց ընդունակություններին ու առանձնահատկություններին համապատասխան պարտեզից դպրոց անցման գիտափորձը
20. Կրտսեր դպրոց-պարտեզների 2009թ. ծրագրեր
21. Սովորողի ուսումնական նախասիրությունների արտահայտման և մասնագիտական կողմնորոշման միջին դպրոց
22. Ավագ դպրոց
23. Կրթություն բոլորի համար
- Արտակարգ ունակություններ դրսևորած սովորողների ուսուցում
- Կրթության հատուկ պայմանների կարիքով երեխաների ուսուցում
24. Կրթահամալիրի ուսումնական կենտրոնների 2009թ. ծրագրեր
25. Երկարացված օրվա ուսուցման ծրագիր
26. Կրթահամալիրի 2009թ. միջոցառումները
27. Դասավանդողների ամսական հաշվետվության օրինակ
28. Սովորողի հաշվետվության օրինակ
29. Աշխատանքային պայմանագրի օրինակ
30. Աշխատանքային անհատական ռեժիմի օրինակ