Նելլի Գրիգորյան
Համաներումն, ըստ Աշոտ Բլեյանի, «շատ ուշացած» քայլ էր Ի հեճուկս ԱԺ նախագահի, ում կարծիքով՝ համաներումը «ճիշտ ժամանակին» արված քայլ էր, ԳԽ նախկին պատգամավոր Աշոտ Բլեյանը կարծում է, որ նախագահի հայտարարած համաներումը նույնիսկ «շատ ուշացած» քայլ էր: Ամեն դեպքում, «Առավոտի» հետ զրույցում Բլեյանը երեկ «լավ» համարեց, որ այդ քայլը վերջապես արվեց, ու հավելեց. «Դա արդեն արդյունք է: Անարդարությունը, անազատությունը Հայաստանում մի փոքր պակասեց, եւ դա չի կարող հասարակության վրա ազդեցություն չգործել: Ակնհայտ ապօրինի դատապարտված մարդիկ ազատության մեջ կլինեն, մեզ հետ, իրենց ընտանիքների հետ: Ապրելու մեր մեղքը վերացավ»: Թե քաղաքական իմաստով այս քայլին մոտ ապագայում ինչ զարգացումներ կհաջորդեն, ինչ հնարավոր քաղաքական ինտրիգներ ու վայրիվերումներ կլինեն, մեր զրուցակցին այնքան էլ չի հուզում: Նա մնում է իր համոզմանը, որ Հայաստանի առջեւ կանգնած են խնդիրներ, որոնց լուծումն անհնար է անգամ յուրաքանչյուրիս, որպես քաղաքացու, ներդրման. «Եթե չկա մի իրավիճակ, որ ես իմ տաղանդով պետք է մասնակցություն ունենամ այդ խնդիրների լուծմանը, ապա անիմաստ է»: Քաղաքական իշխանության եւ ընդդիմության երկխոսության թեման էլ նրան չի զարմացնում կամ զայրացնում, այն պարագայում, երբ այդ ուժերն ապրում են նույն հասարակության մեջ, նույն խնդիրների պայմաններում. «Ո՞նց կարող ենք ապրել նույն ժամանակում ու իրար հետ չհամագործակցել, մեկուսացված ապրելը ո՞րն էր: Դա էր ինձ համար նոնսենս»: Ավելին, այն, որ եւ իշխանությունը, եւ ընդդիմությունն ունեն ընդունված, կազմակերպված լիդերներ, Աշոտ Բլեյանի համոզմամբ՝ առավել հեշտացնում է իրավիճակը եւ խոսելու հնարավորությունները. «Եվ չօգտվել այս իրավիճակից, կներեք, լուրջ չէր: Այլ հարց է, թե սա ինչի կբերի հետո: Ենթադրում եմ, որ յուրաքանչյուրն էլ ունի պահանջ, խնդիր, բայց, միեւնույն է, սա էր ճանապարհը իրենց պահանջները, հավակնություններն իրացնելու եւ իրականացնելու: Մենք ուզում էինք տարածաշրջանում թուրքերի, ադրբեջանցիների հետ գտնել համագործակցության բանաձեւը՝ առանց ներհասարակական համաձայնությա՞ն, ունենալով տարբեր պահանջնե՞ր»: Բլեյանի համար մի բան պարզ է, կամ ավելի շուտ նա ուզում է հավատալ, որ այսուհետ բռնությունները, մարդու հիմնարար իրավունքների, ազատությունների ոտնահարումը, արհամարհումը այլեւս անցյալ են: Հենց սրա շուրջ է, որ, ըստ մեր զրուցակցի, պետք է պայմանավորվածության գալ, որպեսզի հնարավոր լինի խնդիրներ դնել ու լուծել. «Դա չի նշանակում հրաժարվել խնդիրներից: Լուծման մեթոդն է փոխվում, որը քաղաքական իշխանությունը եւ ընդդիմությունն իրենց օրինակով կպարտադրեն հասարակությանը, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու: Ինձ համար ամենակարեւորն այն է, որ այս անպատասխանատու, անմեղսունակ վիճակը հասարակությունն ու անհատը, հասարակությունն՝ իր բոլոր ինստիտուտներով, կհաղթահարի: Կհաղթահարվի այս անապագա ներկան»: |