Երեկ, այսօր, վաղը
ՀՀ ԿԳՆ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր փորձարարական-հետազոտական միավորումը պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որը ստեղծել է ՀՀ կառավարությունը 1989թ.։ Կրթահամալիրի պետական լիազոր մարմինը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, հաստատել է կրթահամալիրի գործող կանոնադրությունը (վերջինը՝ 2017թ.)՝ գործունեության առարկան, նպատակները, կառուցվածքը։ Կրթահամալիրին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված անշարժ գույքը պետության սեփականություն է։ ՀՀ Կրթահամալիրում ՀՀ ԿԳՆ պատվերով մշակվում, կազմակերպվում, տարածվում են հեղինակային (պետական այլընտրանքային) նախադպրոցական, տարրական, հիմնական, միջնակարգ կրթական ծրագրեր, նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական փորձարարական, լրացուցիչ հեղինակային կրթական ծրագրեր։ Հեղինակային կրթական ծրագրի 2018թ. աշխատանքներում ներառված է Վայոց ձորի մարզում՝ Եղեգիսի խոշորացված համայնքում, հանրակրթության կազմակերպման աջակցությունը, որը պիտի շարունակություն ունենա 2019-ին՝ որպես խոշորացված համայնքներում կրթական գործի կազմակերպման նոր մոդելի տարրերի մշակում և փորձարկում։
Արատեսի դպրական կենտրոնը (այսուհետ՝ դպրական կենտրոն)՝ որպես դպրոց բնության գրկում, կրթահամալիրի մասնաճյուղ է՝ սահմանված կարգով հաստատված իր կանոնադրությամբ։
1989թ. Հայաստանի կառավարությունը լքված, նախկինում ադրբեջանաբնակ Կզլգյուլը՝ իրականությունից կտրված-բարձունքում ծվարած, անճամփա-անմարդաբնակ, հանձնեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին՝ Արատեսի դպրական կենտրոն կառուցելու համար (ՀԽՍՀ մինիստրների խորհրդի 07.09.1989թ. N462 որոշում)։ Հայաստանի կառավարությունը սահմանեց, որ «Մխիթար Սեբաստացի» դպրոց-համալիրի հաստատությունների նախագծային և շինարարական աշխատանքների միակ պատվիրատուն գիտա-արտադրական հանրակրթական փորձարարական «Մխիթար Սեբաստացի» դպրոց-համալիրն է»՝ հանձնարարելով պատմամշակութային հուշարձանների պահպանման և օգտագործման գլխավոր վարչությանը՝ Արատեսի վանական համալիրի նախագծա-ծախսային փաստաթղթերի կազմումը և վերականգնողական աշխատանքները, Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության և շահագործման նախարարությանը՝ Ղավուշուղ-Արատես ճանապարհի շինարարությունը (կառավարություն1990թ. 216 որոշում)։ Մեր ձևակերպած մանկավարժական առաջադրանքով, ՀԽՍՀ ժողկրթության նախարարության պատվերով սկսեցին մշակվել և իրականացվել դպրական կենտրոնի նախագծման-կառուցման աշխատանքներ. 1990-1992թթ կառուցվեց Հերմոն-Արատես նոր ավտոճանապարհը, դպրական կենտրոնի կառուցապատման տարածքը շրջանցող ճանապարհներ, ճարտարապետական նախագծի համաձայն կատարվեցին իրացման աշխատանքներ, գցվեցին առաջին շինությունների հիմքերը։ Զուգահեռ՝ մշակույթի նախարարության պատվերով ստեղծվեցին Արատեսի վանքի վերականգնման նախագծեր։
Տարիներ շարունակ Արատեսը իրական դպրոց է բնության գրկում կրթահամալիրի սովորողների ու նրանց ծնողների, ուսուցիչների համար, հատուկ ուսումնական միջավայր։ Արատեսում տարվա բոլոր եղանակներին կազմակերպվել են տարատարիք սովորողների ճամբարներ՝ հայրենագիտական-բնապահպանական արշավներով, լողով, պլեներներ, ստեղծագործական հավաքներ, մանկավարժական ամառային ճամբարներ։
Կրթահամալիրի դիմումով, ՀՀ կառավարության 2004 թ. ապրիլի 29-ի, № 636-Ն որոշմամբ դադարեցվեց կրթահամալիրի իրավունքը Արատեսի հողերի մեծ մասի նկատմամբ՝ թողնելով միայն դպրական կենտրոնի նախագծով կառուցապատման և դպրական կենտրոնի գործունեության համար անհրաժեշտ հողերը։ Նույն որոշումով կառավարությունը պարտավորեցրել է Վայոց ձորի մարզի Հերմոնի գյուղական համայնքի ղեկավարին Արատեսում հողերի օտարման պայմաններում ներառել հաղթողի (հաղթողների) կողմից դպրական կենտրոնի տարածքը շրջանցող ճանապարհի կառուցման, դպրական կենտրոնում բարեկարգման աշխատանքներ իրականացնելու պարտավորություններ, զբոսաշրջային արահետներով, անցուղիներով զբաղեցված տարածքները չընդգրկել օտարվող հողամասերի կազմում։
2017թ. Արատեսի դպրական կենտրոնի նորացման սկիզբն է. ամեն ինչ արվում է կրթահամալիրի, սովորողների-ուսուցիչների աշխատանքով ու դրամական միջոցներով՝ որպես հեղինակային կրթական ծրագրի ամբողջական, բաց նախագիծ՝ իրական հնարավորություն ստեղծելով Արատեսի բոլոր շահառուներին մասնակցելու։ Վայոց ձորի երիտասարդական կենտրոնի հետ ծավալվող գործընկերությունը դրա վկայությունն է։
Դպրական կենտրոնի գործունեությունը որոշված է կրթահամալիրի կանոնադրությամբ (հաստատված ՀՀ ԿԳՆ 259-Ն հրամանով, 25.04.2003թ., պետական գրանցման վկայական՝ N03Ա059272, ՀՀ ԿԳՆ 15․05․2017թ․ N 533-Ն հրամանով հաստատված փոփոխություններով), կազմակերպվում է հեղինակային կրթական ծրագրի տարեկան օրացույցով, արտացոլվում է նրա ուսումնական բլոգում։
Արատեսի դպրական կենտրոնում բաց ճամբարները, մանկավարժական, պատանեկան ստեղծագործական հավաքները հետաքրքրում են նաև Եղեգիսի կիրճի, Վայոց ձորի, հանրապետության այլ մարզերի, Արցախի սովորողներին, ուսուցիչներին, կրթական փոխանակումների ծրագրով մեր գործընկերներին այլ երկրներից՝ Վրաստանից, Ստամբուլից, Ֆրանսիայից։
Մենք բաց ենք գործընկերության համար։ Համեցեք։
Կրթահամալիրի տնօրեն՝ Աշոտ Բլեյան