Աղբյուրը՝ Armdaily.am
Երևանն այսպիսի խնդիրներով չի կարող համայնք համարվել՝ այն մարզ է։ Armdaily.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը։
«Մարդիկ հնարավորություն չունեն ճանաչել թեկնածուներին։ Հիմա զարմանում եմ՝ ինչ է նշանակում այդպիսի քաղաքի քաղաքապետ»,-նշեց նա։ Բլեյանի կարծիքով՝ հաշվի առնելով ուժերի այսպիսի բազմազանությունը, հնարավոր չէ ստեղծել հարաբերություն ընտրող բնակչի ու ղեկավարի միջև։ «Այն ինչ հիմա արվում է նորից ամբոխավարություն է, քանի որ այն թեկնածուն, ով չի ճանաչում իր ընտրողին ու հակառակը, չպետք է այդ համայնքը ղեկավարի։ Ես իմ կրթահամալիրի ուսուցչին, այստեղ սովորող աշակերտին անհատապես եմ ճանաչում, գիտեմ նրա կարիքներն ու լուծվելիք խնդիրները, և նշանակություն չունի՝ դա կրթական համայնք է, թե այլ»,-ասաց նա։
Տնօրենի խոսքով՝ եթե փողը մի տեղ է հավաքվում, ապա այն մարդկանց չի հասնի։ «Դրանք ինչպես միշտ կօգտագործվեն պլպլան բաների վրա, իսկ մարդկանց հուզող խնդիրնը կմնան չլուծված»,- ընդգծեց նա։ Բլեյանը համոզված է՝ եթե հնարավություն լիներ նոր ձևավորվող ավագանին համարեր, որ գործելու համար մեկ տարվա մանդատ ունի, և այդ ընթացում անցներ համայնքային կազմակերպմանը, ապա դա կարելի էր համարել հաջողություն։ Հակառակ դեպքում խնդիրները շատ բարդ են մեկ համայնքում լուծելու համար։ Բլեյանը կարծում է՝ ճիշտ կլիներ Երևանը բաղկացած լիներ համայնքներից, ինչպես 1995 թվականից մինչև 2005-ը, երբ դրանք 12-ն էին։ «Եթե այդպես լիներ, կընտրեինք 12 համայնքների քաղաքապետեր։ Դա հնարավորություն կտար, որ մարդիկ ճանաչեին ղեկավարին, իսկ Երևանը կմնար մարզ, որը կունենար ընդհանուր խնդիրներ»,- նշեց նա՝ ընդգծելով, որ ցավոք այդ ճանապարհով չեն գնում։
Տնօրենն ասաց, որ 13 քաղաքական ուժ կա և կարծում էր՝ կգտնվեր մեկն, ով իր առջև խնդիր կդներ համոզել իրեն՝ դառնալ ավագանու թեկնածու։ «Այդպիսիք չգտնվեցին, իսկ ես այդքան ժամանակ չունեմ այդ ուժը ստեղծելու համար։ Դա կնշանակեր, որ ես պետք է թողնեմ իմ գործը, իսկ իմ նպատակն օգտակար լինելն է՝ իմ ջանքերի արդյունքը տեսնելը։ Այդ երկուսը հնարավոր չէ համատեղել. արդյունքում ոչ կրթահամալիրն օգուտ կունենար, ոչ էլ Երևանը»,-ընդգծեց նա։ Հարցին՝ ու՞մ է տեսնում քաղաքապետի պաշտոնում, ասաց՝ Աշոտ Բլեյանին։
Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի