• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Խորացված ուսուցման գործունեությունը ամռանը

Դիմում եմ «Օտար լեզուների-թարգմանության և տուրիզմի» խորացված ուսուցմամբ բոլոր դասարանների աշակերտներին:

Ավարտվեց ուսումնական տարին և ամառային ուսումնական ճամբարը, բայց իմ կարծիքով Ձեր ընտրած խորացված ուսուցման գործունեությունը չպետք է ավարտվի ուսումնական տարվա հետ միասին: Խորացված ուսուցման ձեր գործունեության ձևերը կարող են փոխվել, բայց դադարեցնել այդ գործունեությունը` երբե՛ք չի կարելի: Չէ՞ որ դուք երբեք չեք դադարեցնում շնչելը, ջուր խմելը, ուտելը:

Ինչպե՞ս կազմակերպել Ձեր գործունեությունը ամռանը:

  1. Կարդալ գեղարվեստական գրքեր: Սկզբում պետք է ընտրել այն գիրքը, որը համապատասխանում է ձեր լեզվական կարողություններին: Գրախանութներում վաճառվում են անգլիացի և ամերիկացի դասականների վեպերի հեշտացված գրքույկները (մի գիրքը` 600 դրամ): Վերցրե՛ք մի գիրք և կարդացե՛ք ցանկացած էջը: Գիրքը համապատասխանում է ձեր մակարդակին, եթե այդ էջում մոտ 20 անծանոթ բառ կա` ոչ ավելին: Ամեն օր պետք է կարդալ 3-4 էջ: Պետք չէ անմիջապես բառարանին դիմել որևէ անծանոթ բառ հանդիպելիս: Այն բառերը պետք է դուրս գրել, որոնք հաճախ են հանդիպում և նաև այն բառերը, որոնց իմաստների չիմանալը խանգարում է ամբողջ տեքստի ճիշտ ընկալմանը:
  2. Հաճախ բացեք մեր կրթահամալիրի անգլերեն էջը և կարդացեք բոլոր նյութերը: Դրանք հեշտ կլինի հասկանալը, որովհետև վերաբերում են մեր դպրոցական կյանքին:

3.  «Wikipedia» ինտերնետային հանրագիտարանում բացե՛ք «Easy English» հեշտ անգլերենով գրված նյութերը և կարդացե՛ք դրանք:

4.  Ոչ մի բան այնպես չի արժևորում քո արդեն իմացածը, ինչպես շարադրելու կարողությունը: Մտածե՛ք անգլերեն մի որևէ երևույթի մասին և ինքներդ ձեզ պարտադրեք շարադրել ձեր մտքերը գրավոր: Ձեր շարադրությունները կարող եք ուղարկել ձեր ուսուցչին: Խմբագրելուց հետո լավագույն շարադրությունները կհայտնվեն մեր կայքում:

5.  Կատարե՛ք ամառային օլիմպիադայի առաջադրանքները:

Շնչե՛ք, ջո՛ւր խմեք, հա՛ց կերեք, խաղացե՛ք և շարունակե՛ք Ձեր խորացված ուսուցման գործունեությունը ամռանը: