Առավոտյան, լույսը դեռ չբացված, դուռը թակեցին. Մարիամն էր: Խիստ անհանգստացա:
Իմ «Ի՞նչ է պատահել» հարցի պատասխանը տևեց մեկ ժամից ավելի: Նոր էր վերադարձել Ստեփանավանից: Ուղեգիրը շահել էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կազմակերպած գարնանային մեդիաօլիմպիադային մասնակցելիս:
Առանց դադարի պատմում էր իր տպավորությունների մասին. որտեղ են եղել, ինչ հետաքրքիր դեպքեր են եղել, ինչ տեսարժան վայրերում են եղել, ինչքան նոր ընկերնե էր ձեռք բերել և այդպես շարունակ: Իսկ վերջում էլ հավելեց, որ այսուհետ ոչ մի մեդիաօլիմպիադա բաց չի թողնելու ու ջանք չի խնայելու հաղթանակին հասնելու համար:
Չգիտեմ` հիացած էի, զարմացած էի, ոգևորված էի, թե այդ ամենը միասին: Համոզված եմ, որ այսուհետ երեխաները ինձ հանգիստ չեն թողնելու, ինչի համար ես ուրախ եմ: Մարիամն ու Գրիգորը գրադարաններում մաթեմատիկայի վերաբերյալ չուսումնասիրած գիրք գրեթե չեն թողել: Իմ և նրանց ծնողների անունից շնորհակալական խոսքն եմ ուղղում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ողջ անձնակազմին:
Կեցցե´ս «Մխիթար Սեբաստացի»: Ջանք չես խնայում և անում ես ամենահնարավորն ու անհնարինը` ոչ միայն սաներիդ համար:
Լյուդմիլա Խաչատրյան
Հրազդանի №13 ավագ դպրոցի մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ուսուցչուհի