«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի խաղարկային դատարանի անդրանիկ հրապարակային լսման հարգելի մասնակիցներ.
2010թ. դեկտեմբերի 17-ին կրթահամալիրի խաղարկային դատարանը (դատավոր` Աշոտ Բլեյան, դատավորի օգնականներ` հասարակագիտության ուսուցիչ Աշոտ Տիգրանյան, ավագ-դպրոց վարժարանի սովորող Մհեր Արաբյան, քարտուղարներ` վարժարանի ավագ դպրոցի սովորողներ Յուրի Շմավոնյան, Հրայր Ղահրիյան) լսեց վարժարանի սովորողներ Ելենա Չիլինգարյանի, Նարեկ Մուսինյանի և Արաքս Գևորգյանի «Սովորողներն ըննդեմ կրկնուսուցման համակարգի» հայցը: Պատասխանող կողմը ներկայացնում էր վարժարանի սովորող Ռազմիկ Պետրոսյանը: Լսման երրորդ կողմ հանդես եկան վարժարանի տնօրեն Գևորգ Հակոբյանը, հասարակագիտության ուսուցիչ Աշոտ Տիգրանյանը և Յուրա Գանջալյանը, վարժարանի առանձին սովորողներ, որոնք ներկայացրեցին ինքնուրույն պահանջներ:
Լսումները կայացել են կրթահամալիրի մայր դպրոցում՝ 6-րդ տեսասրահում, թվային միջոցների գործածմամբ: Լսումների բոլոր նյութերը (հայց, պատասխան, արձանագրություններ, ելույթներ, միջնորդություններ, առաջարկներ, հոդվածներ) տեղադրվել են կրթահամալիրի mskh. am կայքի «Խաղարկային դատարան» ենթակայքում, դրանք այժմ արխիվացվել են http://www.mskh.am/am/4654 հասցեում:
Խաղարկային դատարանի լսման վերջում պատասխանող կողմը և հայցվոր կողմը հաշտության համաձայնություն կնքեցին, որով պարտավորվեցին ոչ միայն չխանգարել մեկմեկու, այլև առավելագույն ջանքներ գործադրել, որ ուսումնական տարվա ընթացքում սովորողների, նրանց ծնողների գործողություններով չվնասել կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններով, ուսումնառության պայմանագրերով, ուսումնական պլաններով, զարգացման ծրագրերով ամրագրված կրթության իրավունքի, այդ թվում` այլընտրանքային ուսուցման իրավունքի, իրագործումը:
Վարժարանի տնօրենը պարտավորվեց մինչև 2011-2012 ուստարվա սկիզբը (օգոստոսի 28) ապահովել ինքնակրթության միջոցով, առանց որևէ տեսակի ռեպետիտորական պարապմունքների, ուսուցման կազմակերպման իրագործումը, իսկ հայցվոր կողմը և նրանց միացող վարժարանի 12-րդ դասարանի սովորողները խոստացան ձևակերպել իրենց պահանջները, այդ թվում՝ հաստատել ավագ դպրոցի սովորողների դասարան ձևավորելու իրավունքը, կրթահամալիրի խորհրդում տեղ հատկացնել ավագ դպրոցի սովորողների ներկայացուցչին: Այս ամենը կարվի հրապարակային, վարժարանի կայքում կտեղադրվեն հայցվոր կողմի պահանջները, ինչպես նաև նրանց առարկությունները, կարծիքները, իրենց պահանջների կատարման մասին բողոքները ուսումնառության ողջ ընթացքում (տես mskh.am կայքի ավագ դպրոց-վարժարանի ենթակայքի «Բողոքի գիրք» բաժինը):
Սրանով գործի լսումն ավարտվեց. նկատի ունենալով, որ որպես երրորդ կողմ հանդես են գալիս վարժարանի բոլոր սովորողները, նաև 2011-2012 ուստարում կրթահամալիրի ավագ դպրոց-վարժարան, գեղարվեստի ավագ դպրոց, արհեստագործական ավագ դպրոց ընդունված սովորողները, դատարանի կողմից պարտավորված կրթահամալիրի տնօրենը հանդես է գալիս լսմանը վերաբերող հրապարակային պարզաբանումներով, որոնց հիմքի վրա կկազմակերպվի ուսուցումը կրթահամալիրի ավագ դպրոցներում` սկսած 2011-2012 ուստարվանից:
Պարզաբանումները կհրապարակվեն «Դպիր» ամսագրում մինչև 2011թ. օգոստոսի 10-ը և անհատապես կուղարկվեն բոլոր սովորողներին և ուսուցիչներին:
Դատավոր` Ա. Բլեյան