Արձակագիր Արամ Պաչյանի «Մեր քաղաքը» շարքից առաջարկում ենք «Մեր քաղաքը. չընթերցող քաղաք» հրապարակումը։
Արձագանքեք հոդվածով, ծրագրով, նախագծով. ինչ և ինչպես են կարդում մեր սովորողներն ու ուսուցիչները, մեր գրադարանի շահառուները, ի՞նչ անենք (ինչ ենք անում), որ ունենանք ընթերցող կրթահամալիր։
Պապս Կաֆկային, Գոգոլին, Մորիակին, Մաթեւոսյանին շատ անգամ կարդում էր բակի չորուկ աթոռակին նստած, մերթընդմերթ հաստ ոսպնյակները հանելով ու նեղ փողոցով քայլող անցորդներին տնտղելով: Փողոցով քայլող անցորդները մի պահ քարացնում էին ընթերցանության ընթացքը ու, համոզված եմ, կրկնակի հաճելի դարձնելով շարունակությունը: Երեւի պապս շատերի նման մի սքանչելի պարբերություն կամ նախադասություն ընթերցելիս հիացմունքից շունչը պահում էր, փորձում հիացմունքի տեւականությունից ամեն գնով կառչել, մնալ պարբերության մեջ, եւ դրանում նրան օգնում էին փողոցով անցնող անծանոթ մարդիկ, որոնց քայլերին հետեւելով՝ պապս երկարացնում էր հենց նոր ընթերցած սքանչելի այդ պարբերության կյանքը:
Երբ գիշերը տանը ընթերցում եմ ու հանկարծ մի անհավանական ու խորը տողից կարկամում, միանգամից փակում եմ գիրքը, ելնում տեղիցս, պտտվում եմ տան մեջ, փորձում սուրճ պատրաստել, պատուհանից դուրս եմ նայում, անհասկանալի տագնապը սրտումս՝ ոտնաթաթերիս վրա կամացուկ մտնում եմ ծնողներիս սենյակ, հորս թունդ ծխախոտի տուփից մի հատիկ հանում- կպցնում եմ ու դուրս գալիս պատշգամբ: Հասկանում եմ, որ պապիս նման ինձ անցորդներ են պետք կամ մարդիկ, որոնց հետ կարող եմ զրուցել, նայել նրանց դիմագծերին, շարժուձեւերին, թեկուզ զրուցել կենցաղային մի թեմայից, էնքան, որ ներսումս շարունակաբար տեւի հենց նոր ընթերցած տողերի հիացմունքը:
Չգիտեմ ինչքանով են միմյանց կապված փողոցում, սրճարանում, ավտոբուսի ու մետրոյի մեջ գիրք կարդացող մարդիկ նրանց դիմացով քայլող կամ դիմացներում նստած մարդկանց հետ, ովքեր չեն կարդում, բայց օդուջրի պես պետք են հենց ընթերցանության ակտի համար, որովհետեւ ակամա մասնակիցներն են երեւակայական աշխարհների, ակամա մասնակից են հիացմունքի հմայքին:
Քաղաքը չի ընթերցում:
Փողոցներում, մետրոյի, դեղին ավտոբուսների ու տաքսիների մեջ գիրք կարդացողների համարյա չես հանդիպի: Հիմա մեկ-մեկ պատահում է՝ սրճարաններում տեսնում ես գրքի էջերին կլանված հայացքներ, որոնք հիմնականում արտասահմանցի տուրիստներ են կամ դիվանագետներ: Այն մի տեսակ թաքուն հեգնական տոնը դրսում գիրք կարդացող մարդկանց նկատմամբ դեռ իսպառ չի վերացել, ու մինչեւ վերջ չես հասկանում՝ իրականում ինչի հետ է դա կապված. հնարավոր է դպրոցներում տիրող հակագրքային մթնոլորտն է կամ, չգիտեմ, գուցե դրսում գիրք կարդալը եւս մշակույթի մաս է ու տարիների ընթացքում ձեւավորված սովորույթ:
Եթե մեծ քաղաքներում դրսում շատ են կարդում, եւ դա կապված է երկար ճանապարհների ու խցանումների հետ, ուրեմն փոքր քաղաքներում կարդում են ավելի շատ հանգստանալու, հրաշալի ժամանց անցկացնելու, ուրիշ, շատ ուրիշ իրականություն տեղափոխվելու ու մեծ աշխարհներ գտնելու հույսով ու ցանկությամբ: Մեր քաղաքն անգիրք է ու անշուք, հիվանդոտ նայվածքով, ավելի շատ վուլգար ձեւի մեջ մտած, քան բովանդակության, որովհետեւ ով դրսում գիրք է կարդում, շշնջում են, որ ցուցամոլություն է անում, ով կարդում է, ոգեւորվում են ու գոհունակությամբ ժպտում կամ ծիծաղելով հեգնում: Քաղաքներ կան, որոնք տրամադրում են ընթերցանության, եւ կան քաղաքներ, որտեղ ընթերցանության ցանկությունն իսպառ վերանում է:
Երեւանը պատկանում է այդ քաղաքների շարքին, այստեղ փողոցներում ու սրճարաններում ընթերցանության կրքին ու խանդավառությանը ոչ մի կերպ չես հանդիպի, կհանդիպես բուռն բանավեճերի, ազգային ողբերգաքննադատական հուզառատ դեբատների, որովհետեւ մեզ մոտ գիրք կարդալու ժամանակները չեն, բայց ոնց նայում ես՝ երբեք էլ մեր քաղաքում այդ ժամանակները չեն եղել ու չեն էլ գալու. բթացած քաղաքը գրքերի ու գիրք կարդացողների կարիքը չունի: