• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ծնողական սեմինար կազմակերպելու և անցկացնելու կարգ

Ծնողական սեմինարը ուսուցողական ծրագրի (դասարանի) սովորողների ծնողների՝ ծրագրով որոշված տեղեկատվական հավաք-հանդիպումն է,  ծրագրային-կազմակերպական հարցերի քննարկումն է։
Սեմինարներ կազմակերպվում են ուսուցողական ծրագրի ղեկավարի կամ ծնողական համայնքի (խորհրդի) նախաձեռնությամբ. դրանք կարող են լինել նաև հեռավար, առցանց քննարկումներ: Ֆիզիկական և առցանց միջավայրում հավաք-հանդիպում-քննարկումների ծրագիրն ու ներկայացվող նյութերը, հետո՝ նաև լուսաբանող նյութերը հրապարակվում են դպրոցի ենթակայքում՝ ծնողական սեմինարի էջում, կրթահամալիրի  կայքում՝ հայտարարությունների էջում: Սեմինարին սովորող(ներ)ի անհատական ուսումնական գործունեությունը և վարքը չեն քննարկվում: Կրթական ծրագրի ղեկավարը կա՛մ սեմինարի օրակարգը և ծրագիրը կազմում է անձամբ, կա՛մ հաստատում է ենթածրագրի (ընտրությամբ գործունեության, դասարանի…) ղեկավարի ներկայացրածը: Սեմինարի  օրակարգին ծնողները ծանոթանում են (էլեկտրոնային եղանակով) սեմինարից 2 օր առաջ: Ծնողները կարող են առաջարկել լրացումներ, հարցեր, մանկավարժական, ծրագրային քննարկումներ, որոնք կարող են ընդգրկվել օրակարգում կամ տեղափոխվել հաջորդ սեմինար: Եթե օրակարգում կան հարցեր, որոնց քննարկումը վերաբերում է կրթահամալիրի տնօրենին, առարկայական մասնախմբին, մանկավարժական աջակցության կենտրոնին, կրթահամալիրի այլ օղակի աշխատողի, նրանք նախապես տեղեկացվում են նաև անհատապես:
Սեմինարին հրավիրված բոլոր ծնողների և ծրագրի ղեկավարի որոշած դասավանդողների ներկայությունը պարտադիր է: Մասնակիցներին գրանցում է դասարանի ղեկավարը: Բացակայելու մասին ծնողները նախօրոք գրավոր տեղեկացնում են ծրագրի ղեկավարին։ Բացակա ծնողները անպայման ծանոթանում են սեմինարի նյութերին և արձագանքում են դրանց։ Սեմինարին ծնողի պարբերական բացակայությունը կարող է լինել ուսումնառության պայմանագրի լուծման հիմք:
Ծրագրի ղեկավարի, ծնողական խորհրդի նախաձեռնությամբ քննարկումները կարող են կազմակերպվել նաև հեռավար-առցանց` mskh.am սոցցանցում` դպրոցական կայքում,  էլփոստի տիրույթում։
Սովորողի ծնողի կամ ծրագրի ղեկավարի նախաձեռնությամբ (նախատեսված է ուսումնառության պայմանագրով) կարող են լինել հանդիպումներ, որտեղ քննարկվում են սովորողի անհատական ուսումնական գործունեությանը վերաբերող  հարցեր: Իր նախաձեռնությամբ հանդիպելու դեպքում ծնողը նախօրոք տեղեկացնում է ծրագրի ղեկավարին իր այցի մասին, նշում` ում հետ է ուզում հանդիպել, համաձայնեցնում օրը, ժամը, նշում: Ծրագրի ղեկավարն ապահովում է ծնողի և ուսուցչի(ների) հանդիպումը:
Ծնողը կարող է առցանց անհատական տեղեկատվություն ստանալ իր երեխայի ուսումնական գործունեության կազմակերպման, դրա արդյունքների մասին նաև իր էլեկտրոնային հասցեից ուղարկելով իրեն հետաքրքրող հարցը դպրոցի ղեկավարի, դասարանի ղեկավարի էլեկտրոնային հասցեներին։ Դպրոցի, դասարանի ղեկավարը պարտավորվում են հինգ աշխատանքային օրվա ընթացքում կազմել անհրաժեշտ տեղեկատվությամբ համապատասխան տեղեկանք՝ գործընթացում ներգրավելով դասավանդողներին։
Առցանց խմբային և անհատական քննարկումները նույնպես տեղեկատվություն ստանալու, փոխանցելու հեռավար աշխատանքային տարբերակներ են։