• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ավագ դպրոց

2010-2011 ուսումնական տարի
 
Հաստատված է կրթահամալիրի խորհրդի 2010թ. ապրիլի 27-ի նիստում
 
Ուսումնական պլանների ընդհանուր պարզաբանումներ
1.      Ուսումնական պլանը «Ավագ դպրոց» ուսուցողական ծրագրի հավելվածն է:
2.      Խորացված ուսուցման դասարանները գործում են կրթահամալիրի ավագ դպրոց-վարժարանում, գեղարվեստի ավագ դպրոցում, արհեստագործական ավագ դպրոցում:
3.      Ուսումնական տարին սկսվում է 2010թ. օգոստոսի 27-ին, ավարտվում է 2011թ. հունիսի 30-ին: Ուսումնական տարվա ընթացքում տրվում են արձակուրդներ ԿԳ նախարարության սահմանած ժամանակացույցի համաձայն:
4.      Ուսումնական տարին բաժանվում է կիսամյակների:
5.      Ուսումնական շաբաթը 6-օրյա է: Շաբաթ օրերը, որպես կանոն, հատկացվում են ուսումնական ճամփորդություններ, ակումբային գործունեություն, ուսումնական հասարակական նախագծեր, ուսումնական ստուգատեսներ, խորհրդատվություններ, սովորողների գիտելիքների ստուգումներ, լրացուցիչ կրթություն կազմակերպելուն:
6.      Ուսումնական օրը սկսվում է ուսուցողական ծրագրի 15 րոպե տևողությամբ առավոտյան ընդհանուր պարապմունքով` սահմանված կարգով և ծրագրով: Կրթահամալիրի տարեկան օրացույցով որոշված ծեսերի և տոների կազմակերպումն ու դրանց մասնակցությունը պարտադիր ուսումնական աշխատանք է:
7.      Ուսուցումը կազմակերպվում է տանը և դպրոցում ուսուցողական թվային միջոցների կիրառմամբ:
8.      Ավագ դպրոց ընդունվում են ընդհանուր հիմնական կրթություն ունեցողները, ովքեր ծնողների հետ ընտրում են կրթահամալիրում իրականցվող մանկավարժությունը, որևէ խորացված ուսուցում, և ծնողները սահմանված կարգով կնքում են պայմանագիր ուսումնառության մասին:
9.      Ավագ դպրոցում դասարանի միջին խտությունը 20-25 սովորող է: Ծրագրի ղեկավարի ներկայացմամբ կրթահամալիրի տնօրենը կարող է թույլատրել պակաս խտություն ունեցող դասարանների գործունեությունը` ծրագրի ոչ բյուջետային միջոցների ներգրավմամբ:
10.   Գնահատումը կատարվում է կիսամյակներով և տարեկան: Գնահատման հիմքում դրվում են սովորողի անհատապես և խմբով կատարած աշխատանքների թղթապանակը (այդ թվում` ինքնաստուգումների, ընթացիկ և կիսամյակային ամփոփիչ ստուգումների, հեռավար առաջադրանքների կատարում, հետազոտական-ստեղծագործական աշխատանք, ուսումնական կայքի աշխատանք, ուսումնա-հասարակական նախագծեր, ուսումնական ճամփորդություններ, հայրենագիտական արշավներ, նախասիրությունների զարգացման ստուգատեսներին, օլիմպիադաներին մասնակցություն), ամսական հաշվետվությունները: Առանձին դասընթացների համար դրանց ծրագրերով նախատեսված կարգով գործում են գնահատման այլ ձևեր: Առանձին առարկաներից և դասընթացներից սովորողի ուսումնառության արդյունքները սահմանված կարգի համաձայն ստուգվում և գնահատվում են կրթահամալիրի քննական կենտրոնի կողմից` դրանց ծրագրերով նախատեսված բովանդակությամբ:
11.   Ավագ դպրոցում ուսուցանվող օտար լեզուներն են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն, իտալերեն, արաբերեն, վրացերեն:
12.   Կրթահամալիրի տարեկան օրացույցով որոշված ծեսերի և տոների կազմակերպումն ու դրանց մասնակցությունը պարտադիր ուսումնական աշխատանք է:
13.   Ավագ դպրոցի սովորողն ուսումնառության ընթացքում օգտագործում է օտար լեզուները, անհատական համակարգիչը և ինտերնետը, ինտերակտիվ գրատախտակը, թվային այլ միջոցներ: Կրթահամալիրի կայքին հետևելը և կայքի աշխատանքին մասնակցելը սովորողի պարտադիր ուսումնական աշխատանք է: Ուսումնական առաջադրանքները և պատասխանները կարող են ներկայացվել էլեկտրոնային տեսքով:
14.   «Մաթեմատիկա» ուսումնական բնագավառը ներկայացվում է «Երկրաչափություն» և «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր» դասընթացների կամ ինտեգրված դասընթացի տեսքով:
15.   «Էկոլոգիա» առարկայի դասընթացը կազմված է առանձին բովանդակային մոդուլներից, որոնք ներառում են «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» առարկաների առանձին բաժինների ուսուցում. կազմակերպվում է լաբորատոր պայմաններում` գործնական աշխատանքով, ՏՀՏ օգտագործմամբ:
16.   «Հասարակագիտություն» առարկան կազմված է գեղագիտության, բարոյագիտության, հոգեբանության, տնտեսագիտության, իրավագիտության, քաղաքագիտության, փիլիսոփայության դասընթացներից:
17.   ՆԶՊ առարկան կազմված է «Առաջին բուժօգնություն», «Քաղաքացիական պաշտպանություն», «Նախազորակոչիկի իրավունքներ և պարտականություններ» դասընթացներից, կազմակերպվում է սահմանված կարգով:
18.   «Ֆիզկուլտուրա» առարկան սովորողի ընտրած մարզաձևն է. սովորողը մասնակցում է թիմային պարապմունքներին շաբաթական երկու անգամ` 60 րոպեով:
19.   Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները դասընթացների բաղկացուցիչն են:
20.   Դեկտեմբերին և հունիսին սովորողների ուսումնական գործունեությունը սահմանված կարգով կազմակերպվում է ստեղծագործական-հետազոտական ճամբարների ձևով: Սովորողները մասնակցում են ձմեռային և ամառային օլիմպիադաներին: Ուսումնական տարվա ընթացքում, ըստ սահմանված կարգի և ժամանակացույցի, սովորողը մասնակցում է ստուգատեսների:
21.   Սովորողը ուսումնական տարվա ընթացքում մեկ շաբաթ սահմանված կարգով մասնակցում է մասնագիտական փորձառության:
22.   Ուսումնական գործընթացի արդյունքում սովորողի ստեղծած մեդիանյութերը տեղադրվում են կրթահամալիրի կայքում, հեռարձակվում, ընդգրկվում ժողովածուներում, հրատարակվում առանձին: Սովորողի ստեղծած այլ տեսակի արդյունքները ներկայացվում են ցուցադրություններում, ցուցահանդեսներում, հաշվետու հավաքներում:
23.   Սովորողները սահմանված կարգով ներգավվում են շրջապատի կամ նյութական միջավայրի բարելավմանն ուղղված նախագծերի իրականացմանը:
24.   Ուսումնական պլանի և դասընթացների կատարողականը սահմանված կարգով արտացոլվում է դասավանդողների և սովորողների ամսական, ուսուցողական ծրագրի ղեկավարի, ուսումնական կենտրոնների ղեկավարների կիսամյակային հաշվետվություններում:
25.   Ուսումնական տարվա ընթացքում խորհրդատվությունների, հեռավար (անընդհատ) ուսուցման ստացումը սովորողի ուսումնական ծանրաբեռնվածության մեջ չի մտնում: Այդ ժամանակը հաշվառվում է դասավանդողի աշխատանքային ռեժիմում:
26.   Սովորողները և դասավանդողները պարտադիր ինքնասպասարկման աշխատանքներին` հիգիենիկ պահանջների պահպանում, ուսումնական տարածքի և գույքի խնամք, մասնակցում են սահմանված կարգով: Այդ աշխատանքները ուսումնական բեռնվածության մաս չեն կազմում:
27.   Ուսումնական պլանի պարզաբանումներում նշված կարգերում փոփոխությունները ուսուցողական ծրագրի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի տնօրենը: