Նկարագրություն:
Օրբելի եղբայրների տուն-թանգարանը բացվել է 1982 թվականի հուլիսի 6-ին՝ ակադեմիկոս Լևոն Օրբելու 100-ամյակի միջոցառումների շրջանակում։
Թանգարանն ունի շուրջ 2000 մշակութային արժեքների հարուստ հավաքածու՝ գրքեր, ձեռագրեր, լուսանկարներ, անձնական իրեր, փաստաթղթեր, կենցաղային աոարկաներ։ Թանգարանը ստեղծվել է աշխատակիցների ջանքերով և հատկապես Օրբելի եղբայրների հարազատների, բարեկամների, աշակերտների օժանդակությամբ, որոնք նվիրաբերել են թանգարանին նրանց վերաբերող բազմաթիվ նյութեր։
Տուն-թանգարանի հիմնական ցուցադրությունը բաղկացած է երկու մասից՝ գիտական և հուշային։ Սրահներում ժամանակագրական հերթականությամբ ներկայացված է Օրբելի եղբայրների կյանքի անցած ուղին՝ գիտական և հասարակական գործունեությունը։
Թանգարանի երեք հուշասենյակներում ցուցադրված է Օրբելի եղբայրների աշխատասենյակների կահույքը՝ գրասեղանը, բազմոցը, բաղկաթոռը, գաղտնապահարանը, ինչպես նաև գրքերը, անձնական իրերը, ձեռագրերը, լուսանկարները, փաստաթղթերը և կենցաղային աոարկաները։ Թանգարանում կազմակերպվում են հոբելյաններ, ժամանակավոր ցուցադրություններ, բաց դասեր, գրքերի շնորհանդեսներ, ինչպես նաև գիտական ընթերցումներ, հուշ-երեկոներ նվիրված Օրբելի եղբայրներին, որի ընթացքում հնչում են Օրբելիների սիրած մեղեդիները, ընթերցվում են հատվածներ նրանց նամակներից: