• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ձմեռային ուսումնական ճամբարը Հյուսիսային դպրոցում: Մի քանի դիտարկում

Նկարագրություն: 
Ձմեռային ուսումնական ճամբարի առաջին օրը եղա Հյուսիսային դպրոցում: Խնամված միջավայր: Տաքացվող դպրոց: Ջոկատներն աշխատում էին ըստ իրենց նախագծերի: Ձմեռային է ճամբարը՝ ձմեռային և ուսումնական՝ իր ձմեռային ու ուսումնական առօրյայով: Ձյան ձևավորում, նկարչություն ձյան վրա: Գուցե մի քիչ տարօրինակ է հնչում, բայց ոգևորված էին սովորողները: Բոլորը կարծես ասելիք ունեին: Ուզում էին նկարել, գրել ձյան վրա: Լավ էր մտածված նկարչական գործիքը՝ սովորական ապակի լվանալու տարաների մեջ գունավորված հեղուկ էին լցրել, և գունաներկը պատրաստ էր: Ուրախ էր և ստեղծական: Նախագիծն արդեն զարգացում ուներ: Քննարկվում էին նոր ձնե-սառցե ձևավորման հնարավորությունները՝ փուչիկների մեջ գունավոր ջուր լցված, սառեցրած, սառցե պատկերներ: Նախատեսում էին տարածքը ձևավորել այդ գունեղ սառույցներով: Հետաքրքիր նախագիծ է: Հյուսիսային դպրոցի լանջերը ձմեռային նոր գույն ու ձև կստանան: Սովորողներն ու իրենց միջավայրը: Ինչ կուզեն, կանեն: Հետևենք զարգացումներին: Հաջորդը, ինչի մասին կուզեի խոսել, Ատին է՝ Գեղարվեստի շունը: Այ քեզ ուրախություն, իսկական տոն: Պետք էր տեսնել սովորողների ու Ատիի ուրախությունը: Ես ինքս միշտ մանկավարժական լուրջ խնդիր եմ համարել կենդանու գոյությունը երեխայի կողքին, կենդանու խնամքը, նրան ապրումակցելը: Գեղարվեստի դպրոցում ես տեսա այդ բնական կապը սովորողի և շան միջև: Ատին ստացած ջերմությունը, մի բան էլ ավելի, վերադարձնում էր: Հատկապես հուզեց ներառական կրթության մեջ ընդգրկված սովորողի մոտեցումը շանը: Գեղարվեստի դպրոցում մեծով ու փոքրով նոր հաջողություն արձանագրեցին. տղան հանեց ձեռնոցը և շոյեց շանը: Թվում էր՝ բոլորը մի պահ շունչները պահել էին, Ատին էլ հետները, և սպասում էին: Եվ ուրախության աղմուկ բարձրացավ: Շանը մոտենալու, նրան դիպչելու առաջին արգելքը հաղթահարված էր: Սա դեռ այս մի սովորողը: Իսկ ինչքա՜ն սովորող կա, որ շան նկատմամբ ներքին վախ ունի: Բա ե՞րբ է դա հաղթահարելու: Սա շատ կարևոր թերապիա է, որը չի կարելի անտեսել: Իսկ քանի՜ սովորող կա, ում երազանքը շուն պահելն է: Ահա քեզ հնարավորություն: Շան խնամքը հատուկ հմտություններ է պահանջում: Որտե՞ղ սովորողը տիրապետի դրանց: Լավ է, որ դա դառնում է հանրակրթության խնդիր: Եվ լավ է, որ Գեղարվեստի դպրոցը այդ ուղղությամբ քայլեր է կատարում: Ահա այսպիսի դիտարկումներ Գեղարվեստի դպրոցի ձմեռային ուսումնական ճամբարից, որոնց մասին ցանկացա խոսել և խոսեցի: