• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

2012-2013 ուստարի, ավագ դպրոցի ուսումնական պլան

Ավագ դպրոցի յուրաքանչյուր սովորող` խորհրդակցելով ծնողի և խորհրդատուի հետ, կազմում է իր անհատական ուսումնական պլանը: Անհատական ուսումնական պլանը ավագ դպրոցի սովորողի ուսումնառության պայմանագրի հավելվածն է: Սովորողի անհատական ուսումնական պլանը կազմվում է յուրաքանչյուր կիսամյակի համար` կիսամյակը սկսվելուց ամենաքիչը երկու շաբաթ առաջ: Ավագ դպրոցի սովորողի անհատական ուսումնական պլանը երեք բաղադրիչ ունի. ընդհանուր հանրակրթություն, սովորողի ընտրությամբ գործունեություն և սովորողի հասարակական գործունեություն: Առաջին երկու բաղադրիչները սովորողի ուսումնական պլանում արտահայտվում են կրթահամալիրում հաստատաված ցանկից ընտրված առանձին դասընթացների կամ մոդուլների տեսքով, իսկ երրորդը` ակումբային գործունեության տեսքով` կրթահամալիրում գործող ակումբներից: Սովորողը շաբաթական պետք է ունենա 30-40 (տարեկան` 1020-1360) ժամ ուսումնական ծանրաբեռնվածություն:  

Ուսումնական պլանների ընդհանուր պարզաբանումներ

1. Ուսումնական պլանը «Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիհանրակրթություն» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի (այսուհետ` Ծրագիր) հավելվածն է:
2. 10-12-րդ դասարան ընդունվում են հիմնական կրթություն ունեցող համապատասխան դասարանի սովորողը, ով ընդունում է ծրագիրը և ծնողի (օրինական ներկայացուցիչի) հետ միասին, սահմանված կարգով, կնքում են պայմանագիր ուսումնառության մասին:
3. Ընդհանուր հանրակրթության դասերը կազմակերպվում են 20-25 հոգիանոց խմբերով: Սովորողի ընտրությամբ գործունեության պարապմունքները կազմակերպվում են 12-15 հոգիանոց խմբերով: Ակումբային գործունեությունը կազմակերպվում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ակումբային աշխատանքի կազմակերպման կարգին համապատասխան:
4. Ուսումնական պլանի պարզաբանումներում նշված կարգերը ուսումնական պլանի հավելվածն են: Դրանցում փոփոխությունները ուսուցողական ծրագրի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի տնօրենը:
5. Սովորողի առաջադիմությունը, ուսումնական արդյունքները, սովորողի մասին անհրաժեշտ այլ տեղեկություններ սահմանված կարգով էլեկտրոնային գրանցում են ստանում: 
6. Ուսումնական տարին կազմակերպվում է կրթահամալիրի տարեկան ուսումնական օրացույցով: Դրանով որոշված ճամբարների, ուսումնական ստուգատեսների, Հանրակրթական Դիջիտեքի, մեդիաօլիմպիադաների, ծեսերի և տոների սահմանված կարգով մասնակցությունը պարտադիր ուսումնական աշխատանք է:
7. Ուսումնական շաբաթը 6-օրյա է: Շաբաթ օրերը հատկացվում են հայրենագիտական, ուսումնական ճամփորդությունները, ուսումնական-հասարակական նախագծերը, լրացուցիչ կրթության պարապմունքները կազմակերպելուն:
8. Ուսումնական օրը սկսվում է Ծրագրի 15 րոպե տևողությամբ առավոտյան ընդհանուր պարապմունքով` սահմանված կարգով և ծրագրով: Պարապմունքի կազմակերպումը սովորողների և դասավանդողների ուսումնական-հասարակական նախագիծն է:
9. Ուսուցումը կազմակերպվում է տանը և դպրոցում ուսուցողական թվային միջոցների կիրառմամբ: Սովորողը տանն ունի համացանցին միացած համակարգիչ: Ծրագիրը դպրոցում ապահովում է անլար ինտերնետից, համակարգչից, ձայնագրիչից, ֆոտոխցիկից ուսումնական նպատակներով անարգել օգտվելու հնարավորություն: Ուսումնական առաջադրանքները և դրանց պատասխանները ներկայացվում են նաև էլեկտրոնային եղանակով:
10. Սովորողը և դասավանդողը կրթահամալիրի գրադարանի, այդ թվում` մեդիանյութերի և միջոցների բաժանորդն է: Գրադարանը սովորողին և ուսուցչին սահմանված կարգով տանը և դպրոցում ապահովում է անհրաժեշտ ուսումնական տպագիր և էլեկտրոնային նյութերով, միջոցներով:
11. Կրթահամալիրի կայքին հետևելը և կայքի աշխատանքին մասնակցելը սովորողի պարտադիր ուսումնական աշխատանք է:
12. Դասաժամերի բացօթյա կազմակերպումը դիտվում է որպես սովորողի իրավունքների իրագործում:
13. Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները դասընթացների և մոդուլների բաղկացուցիչն են: Ավագ դպրոցի սովորողի մասնակցությունը այդ ճամփորդություններին պարտադիր ուսումնական աշխատանք է:
14. Սովորողները սահմանված կարգով մասնակցում են շրջապատի կամ նյութական միջավայրի բարելավմանն ուղղված նախագծերի իրականացմանը: Այդ աշխատանքը ուսումնական ծանրաբեռնվածության մաս չի կազմում:
15. Սովորողները սահմանված կարգով մասնակցում են պարտադիր ինքնասպասարկմանը` հիգիենիկ պահանջների պահպանում, ուսումնական տարածքի և գույքի խնամք: Այդ աշխատանքը ուսումնական ծանրաբեռնվածության մաս չի կազմում:
16. Ավագ դպրոցում ուսուցանվող օտար լեզուներն են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն, իտալերեն, արաբերեն, վրացերեն, թուրքերեն, պարսկերեն:

17. Լրացուցիչ կրթության դասընթացների` օտար լեզվի (անգլերեն, վրացերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, թուրքերեն, պարսկերեն, արաբերեն), մաթեմատիկայի, տեխնիկական ստեղծագործության, ֆիզիկայի, քիմիայի, աստղագիտության, էկոլոգիայի, կինո-ֆոտոգործի, համակարգչային գրաֆիկայի, համակարգչային կիրառական ծրագրերի, էլեկտրոնային գրատախտակի, դաշնամուրի, ազգային նվագարանի, վոկալի, պարի, կերպարվեստի, քանդակի, խեցեգործության, կարուձևի, կարպետ-գոբելենի, փայտամշակում-մետաղամշակման, ծաղիկների և բույսերի մշակում-ձևավորման, խոհարարության, շախմատի, մարզաձևի (լող,ֆուտբոլ, բասկետբոլ, ձեռքի գնդակ, վոլեյբոլ, սեղանի թենիս, գեղարվեստական մարմնամարզություն, թեթև ատլետիկա), պարի և այլ դասընթացների կազմակերպման համար սովորողի ծնողի հետ կնքվում է լրացուցիչ կրթության պայմանագիր` որպես ուսումնառության պայմանագրի հավելված:
18. Ուսումնական պլանի և ուսումնական ծրագրերի կատարողականն արտացոլվում է Ծրագրի ղեկավարի, ուսումնական կենտրոնների ղեկավարների կիսամյակային, դասավանդողների և սովորողների ամսական և կիսամյակային սահմանված կարգով ներկայացվող էլեկտրոնային հաշվետվություններում:
19. Կիրառվում են գնահատման տարբեր ձևեր, որոնք բերվում են 10 միավորանոց համակարգի: Գնահատման հիմքում դրվում են սովորողի  անհատապես և խմբով կատարած աշխատանքների թղթապանակը (այդ թվում` ինքնաստուգումներ, ընթացիկ և կիսամյակային ամփոփիչ ստուգումներ, հեռավար առաջադրանքների կատարում, հետազոտական-ստեղծագործական աշխատանք, ուսումնական կայքի աշխատանք, ուսումնա-հասարակական նախագծեր, ուսումնական ճամփորդություններ, հայրենագիտական արշավներ, ստեղծագործական ստուգատեսներին, հավաքներին, օլիմպիադաներին, այդ թվում` մեդիա, ցուցահանդեսներին, փառատոներին մասնակցություն), ամսական հաշվետվությունները: Կարող են գործել դասընթացի ծրագրով նախատեսված գնահատման այլ ձևեր: Խրախուսվում է սովորողի ուսումնական գործունեության ինքնահսկման և ինքնաստուգման ձևերի կիրառումը և հրապարակայնացումը մեդիայի միջոցով: Առանձին առարկաներից և դասընթացներից սովորողի ուսումնառության արդյունքները սահմանված կարգի համաձայն ստուգվում և գնահատվում են կրթահամալիրի քննական կենտրոնի կողմից` դրանց ծրագրերով նախատեսված բովանդակությամբ:
20. 12-րդ դասարանի վերջում սովորողները հանձնում են միասնական և ավարտական քննություններ` ԿԳ նախարարության սահմանած կարգով: