Կրթահամալիրում հինգերորդ դասարանից սկսած` կիրառվում են գնահատման տարբեր ձևեր, որոնք բերվում են 10 միավորանոց համակարգի: Գնահատման հիմքում դրվում են սովորողի անհատապես և խմբով կատարած աշխատանքների թղթապանակը, ամսական հաշվետվությունները (տե՜ս ուսումնական պլանի պարզաբանումները):
Սովորողն իր ստեղծագործական-հետազոտական աշխատանքի արդյունքները տեղադրում է իր անձնական էլեկտրոնային փոստում, համապատասխան սոցիալական ցանցերի (
www.slideshare.net,
www.youtube.com և այլ) իր անձնական էջերում: Տեղադրված նյութերի, ինչպես նաև կայքում նրա հրապարակումների հղումները դրվում են նրա հաշվետվության մեջ, ամփոփաթերթում:
Կիսամյակի (տարվա) ամփոփումից հետո, մեկ շաբաթվա ընթացքում ուսուցողական ծրագրի գրասենյակը յուրաքանչյուր սովորողի ուսումնական գործունեության կիսամյակային (տարեկան) արդյունքների մասին տեղեկանք է ուղարկում սովորողի ծնողի էլեկտրոնային հասցեով։ Տեղեկանքում գրանցվում են.
սովորողի կիսամյակային (տարեկան) գնահատականները ուսումնական պլանով նախատեսված առականերից, այդ թվում՝ տվյալ առարկայից տրված ինքնաստուգումների, ընթացիկ և կիսամյակային ամփոփիչ ստուգումների, քննական կենտրոնի կողմից անցկացված ստուգումների արդյունքները.
հեռավար առաջադրանքների կատարումը (որ առարկայից, քանի առաջադրանք է կատարել).
սովորողի կատարած հետազոտական-ստեղծագործական աշխատանքների վերնագրերը.
կիսամյակի ընթացքում սովորողի մասնակցությունը ուսումնահասարակական նախագծերին.
սովորողի մասնակցությամբ ուսումնական ճամփորդությունները և հայրենագիտական արշավները.
մասնակցությունը ստուգատեսներին.
մասնակցությունը օլիմպիադային և արդյունքը.
սովորողի անհատական այլ ձեռքբերումները.
սովորողի համար պարտադիր արձակուրդային աշխատանքը։
Տեղեկանքը պատրաստում է դասարանի դասղեկը՝ սովորողի հետ, հաստատում է ուսուցողական ծրագրի ղեկավարը։