Ուսումնական ճամփորդությունները (այսուհետ` ճամփորդություն) կրթական ծրագրի բաղկացուցիչներն են: Դրանք որոշված են առարկայական ծրագրով կամ ուսումնական նախագծով (նախագծերով), և ինքնուրույն ուսումնական նախագիծ կամ ուսումնական պարապմունք են, որոնց կազմակերպումը համապատասխանում է հետևյալ պահանջներին.
Որպես ուսումնական նախագիծ՝ ուսումնական ճամփորդությունը պիտի իր էջը ունենա մասնակիցների բլոգներում, ենթակայքում։ mskh.am կայքում, մեդիագրադարանում լրացվում են ճամփորդությունների քարտեզն ու պատմությունը։
Կրթահամալիրի դասարանի, դպրոցի, ակումբի, տարատարիք խմբի ուսումնական ճամփորդությունը, կրթահամալիրային ուսումնական նախագծով իրականացվող ճամփորդությունները, ստուգատեսային ճամբարները, արտագնա ստեղծագործական հավաքները կազմակերպվում են կրթահամալիրի տնօրենի հրամանով, դպրոցի, ստուգատեսի ղեկավարի հայտով։
Քաղաքում թանգարան, ցուցահանդես, թատրոն, համերգ, մշակութային-ճանաչողական այլ կարճատև այցելությունները կարող են կազմակերպվել երկուշաբթի-ուրբաթ օրերին: Ճամփորդության պատճառով չպարապվող ուսումնական պարապմունքները լրացվում են հեռավար և առցանց ուսուցման միջոցով:
Քաղաքից դուրս կատարվող ճամփորդությունները կազմակերպվում են միայն ուսումնական ընդհանուր պարտադիր պարապմունքներից ազատ օրերին: Ճամփորդության պատճառով բաց թողնված շաբաթօրյա ուսումնական պարապմունքները լրացվում են հեռավար և առցանց ուսուցման միջոցով:
Երևանից դուրս ճամփորդության մասին հայտը ներկայացվում է առնվազն երեք օր առաջ՝ նշելով հիմքը (դասընթացի ծրագիր, նախագիծ, կրթական փոխանակումների ծրագիր, հրավեր), մեկնելու վայրը, օրը, ժամը, մասնակիցների ցուցակը (նշելով՝ ով է նախկինում եղել այդ վարում), ճամփորդության ղեկավարին (սովորողների թիվը 10-ից ավելի լինելու դեպքում` անպայման նաև ղեկավարի տեղակալին կամ տեղակալներին), ճամփորդության կազմակերպման ֆինանսական աղբյուրները, փոխադրամիջոցը, այդ վայրից նախագծին միացողներին: Ճամփորդության տևողությունը որոշվում է ըստ ճամփորդության նպատակի, խնդիրների, մասնակիցների տարիքի և ֆիզիկական պատրաստվածության։ Մեկօրյա ճամփորդության դեպքում հեռավորությունը Երևանից չպետք է գերազանցի 100կմ-ը։ Երևանյան ճամփորդության մասին հայտը կարող է ներկայացվել երկու օր առաջ։
Սովորողի մասնակցությունը ճամփորդությանը ուսումնական պարապմունքի գրանցման համար սահմանված կարգով գրանցվում է էլեկտրոնային մատյանում։ Ճամփորդության ընթացքում և հետո մասնակիցները հրապարակում են տպավորությունները՝ պատում, նկարաշար, ֆիլմ, և ուսումնական նյութերը, յուրաքանչյուրը իր բլոգում հրապարակում է իր հաշվետվությունը։ Ճամփորդության ղեկավարի հաշվետվությունը հրապարակվում է նաև mskh.am-ում։ Ղեկավարի հաշվետվությունն ընդգրկում է ամփոփ տեղեկություններ ճամփորդության արդյունքների մասին` գործընկերության (նոր գործընկերներ կամ հին կապերի հաստատում, էլեկտրոնային հասցեներ, պայմանավորվածություններ), ստեղծագործական-հետազոտական աշխատանքի (նոր ուսումնական նյութերի), ճամփորդության մասին հրապարակված նյութերի հղումները, ղեկավարի դիտարկումները։ Առանձին դեպքերում ճամփորդության ժամանակ առաջացած խնդիրների մասին ղեկավարը կարող է գրել դպրոցի ղեկավարին, կրթահամալիրի տնօրենին։ Հաշվետվության արդյունքում դպրոցի ղեկավարը ճամփորդության ղեկավարին և օգնականին լրավճար տրամադրելու առաջարկ է անում կրթահամալիրի տնօրենին ըստ կրթահամալիրում աշխատողի աշխատավարձի ձևավորման միասնական ցուցանիշների:
Ճամփորդության ժամանակ սովորողի անվտանգության համար պատասխանատու է ճամփորդության ղեկավարը: Ճամփորդություն գնացող խմբի մոտ պարտադիր է առաջին բուժօգնության արկղիկի առկայությունը, արկղիկում` յոդ, ջրածնի պերօքսիդ, վիրակապ, շինաներ, անոթալայնիչ, ցավազրկող դեղեր, յուրաքանչյուր մասնակցի մոտ՝ անհրաժեշտ ճամփորդական անհատական պարագաներ, մարզակոշիկ, մարզահագուստ։ Դաշտային-արշավախմբային նախագծերի իրականացման ժամանակ խումբն օգտվոմ է կրթահամալիրի հայրենագիտական-արշավախմբային բազայից, մասնակիցն ունենում է անհատական քնապարկ, ուսապարկ, լապտեր, գլխարկ, մարզագույք։