• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մանկավարժական աշխատողի ընդունելության կարգ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում (այսուհետ՝ կրթահամալիր) մանկավարժական աշխատողի թափուր պաշտոն առաջանում է կրթահամալիրի ուսումնական մասնաճյուղերում (դպրոցներում, քոլեջում): Համապատասխան մանաճյուղի ղեկավարը նախօրոք կրթահամալիրի դպրոցների ղեկավարների էլեկտրոնային խմբով գրում է սպասվող թափուր տեղի մասին: Եթե կրթահամալիրում եղած աշխատողներով (կրթահամալիրի մասնաճյուղերի միջև աշխատակիցների վերաբաշխումով) հնարավոր չի լինում լրացնել թափուր տեղը, կրթահամալիրի տնօրենը որոշում է կայացնում նոր աշխատող ընդունելու մասին: Նոր աշխատողն ընտրվում է կրթահամալիրում աշխատելու համար դիմած կադրերի բանկից (այսուհետ՝ բանկ): Մասնաճյուղի և համապատասխան մասնագիտական խմբի ղեկավարները միասին ընտրում են ամենահարմար մասնագետին՝ հաշվի առելով վերապատրաստման նրա արդյունքները, փորձառությունը, կրթահամալիրի կյանքին կամավորական մասնակցությունը: Ընտրված թեկանծուին կրթահամալիրի տնօրենին ներկայացնում են էլեկտրոնային տեղեկանքով, որը ներառում է հղումներ՝ թեկնածուի բլոգը, ինքնակենսագրությունը, վերապատրաստող մասնագետի, փորձառության ղեկավարի, այլ մասնագետների երաշխավորություններ։ Կրթահամալիրի տնօրենն առարկություն չունենալու դեպքում կնքում է փորձաշրջանով աշխատանքային պայմանագիր: Աշխատանքի ընդունվող մասնագետները ներկայացվում են կրթահամալիրի խորհրդին։ 

Կրթահամալիրի կադրերի բանկում կարող է ընդգրկվել համապատասխան կրթություն ունեցող ցանկացած անձ: Դրա համար դիմողը կրթահամալիրի mskh.am կայքի «Գործատու» էջում լրացնում է համապատասխան հայտը, մասնակցում յուրաքանչյուր ամսվա երրորդ երեքշաբթի օրը սկսվող վերապատրաստումների քառօրյա մի դասընթացի, որի ընթացքում ծանոթանում է կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրի առանձնահատկություններին, ձեռք բերում (զարգացնում) համակարգչային կարողություններ: Վերապատրաստում անցած մասնագետը իրավունք է ստանում կրթահամալիրի դպրոցներում փորձառություն անցնելու, որի ընթացքում մասնակցում է ուսումնական նախագծերի կամ ներկայացնում և իրականացնում սեփական նախագիծ:

Ներկայացվող պահանջներ

  • կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրի յուրացում, ծրագրի մշակման, կազմակերպման, տարածման հմտություններ
  • մեդիատեխնոլոգիական հմտություններ (ms offiece, համացանց, web, բլոգի ստեղծում, վարում, տպագիր նյութի թվայնացում, հրապարակում)
  • դասավանդվող առարկայի (առարկաների) իմացություն
  • փորձառության և փորձաշրջանի ընթացքում՝ ստեղծականությունը, ներառումը, սեփական աշխատանքի մասին առաջարկ։